Աշոտ Երկաթի բերդ

Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց

Ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ դեպի հյուսիս արևելք, Աղստև գետի աջ ափին, ուղղաձիգ բարձրացող ժայռի գագաթին։ Կառուցվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։

Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը: Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդակի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։

Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայեն բերդի (Աղջկա բերդ) հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։

Աղջկա բերդի հետ կապված կա նաև այսպիսի լեգենդ:

Ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշաբերդի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։

Այդ պատճառով այս բերդին ասում են նաև Մանթաշաբերդ:

Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի և Տիգրան Շահբազյանի:

Comments

comments