Ազոխի քարանձավ

Ազոխի քարանձավ

Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի հարավային մասում, Հադրութի շրջանում: Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով ուսումնասիրվում են նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով։

1968 թ. պեղումներով հայտնաբերվել է Նեանդերթալ նախամարդու ծնոտոսկը որը 300.000 տարեկան էր և աշխարհի այս մասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդն է։ Մինչև այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա)։ Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը, հայտնաբերվել են նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսվել են 1990-ական թթ.: 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ կատարեց Ազոխի քարանձավում։ Գտնվեցին չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների բրածոներ, որ կրում են այդ գործիքների հետքերը։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Հայաստանի տարածքում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ:

Comments

comments