Armenian Geographic

Բարգուշատի լեռներ

Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը՝ ՀՀ Սյունիքի մարզում: Որոտան, Ողջի և Գեղի գետերի  ջրբաժանն է: Երկարությունը մոտ 70 կմ է, լայնությունը՝ 15-26 կմ, առավելագույնը բարձրությունը՝ 3399 մ (Արամազդ): Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածքային և էոցենի հրաբխածին-նստվածքային ապարներից, ներժայթուքներից: Այստեղ  են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343մ), Քառակատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները:  Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է,  միաթեք՝ կազմված յուրայի  ու կավճի հրաբխածին ապարներից:  

Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանքային ջրերի ելքեր:  Հանքավայրերի մի մասն ունի արդ. նշանակություն: Բազումի լեռնաշղթան ակտիվ  երկրաշարժամետ շրջան է:  Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը  բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են,  բարձրադիր գոտում՝ մերձալպյան  և ալպյան մարգագետիններ:

Մեկնաբանություններ