Դիզափայտ

Դիզափայտ լեռ

Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի՝ Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը: Լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։

Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։ 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:

Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի  Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը  պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի  սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:

Մեկնաբանություններ