Armenian Geographic

Ջավախքի լեռներ



Սկսվում է Թրիալեթի լեռների կենտրոնական հատվածից և ձգվելով միջօրեականի ուղղությամբ՝ հասնում է Քարախաչի լեռնանցքի տեղամաս:  Ունի հրաբխային ծագում: ՀՀ-ի տարածքում է գտնվում լեռնավահանի հարավային մասը, որտեղ էլ գտնվում նրա ամնենաբարձր գագաթը՝ Աչաքասարը  3196 մ բարձրությամբ:

 Լեռնավահանը ծածկված է հրաբխային ապարներով: Շատ մասերում հանդիպում են քարային կուտակումներ, որոնք ցածրադիր լանջերում առաջացնում են քարե բլուրներ: Այդ քարային կուտակումներն առաջանում են հրաբխային ապարների հողմնահարման հետևանքով, որոնց հաճախ կոչում են «քարե ծովեր», որոնք  ավելի շատ հանդիպում են արևմտյան լանջերին: Չնայած սրանց տարածմանը լեռները հարուստ են մարգագետնային բուսականությամբ, որոնց առաջացմանը նպաստում է կլիմայի խոնավությունը: Այդ պայմանններում լեռների ստորոտներում առաջացել են մեծ թվով լճեր, ճահճուտներ և աղբյուրներ: Հաճախակի մշուշային եղանակների պատճառով  Ջավախքի լեռներին անվանում են  Մթին լեռներ:  Լեռների արևմտյան լանջերը կտրտված են  ձորակներով, աղքատ են հոսքային ջրերից: Թափվող տեղումները և ձնհալքի ջրերը ներծծվում են երկրի խորքը և լանջերի փեշերի տարբեր շերտախմբերի տակից դուրս են գալիս երկրի մակերևույթ, որոնցից էլ ձևավորվում է գետային ցանցը: Լեռներից դեպի արևմուտք ձգվում են մի շարք լեռնաբազուկներ, որոնք տարածվում են դեպի Չըլդըրի լեռները, բայց չհասած նրան վերջանում են: Լեռնավահանի առանցքային գոտին ունի բեկյալ գծի տեսք:

 Դեպի Աշոտցքի սարավանդ իջնող լանջերը կարճ են ու զառիթափ, դեպի Լոռվա դաշտ իջնողները՝  երկար ու մեղմաթեք, մասնատված՝ Տաշիր և Ձորագետ գետակներով:

Մեկնաբանություններ