Կաչաղակաբերդ / Արցախ

Ստեփանակերտի Գանձասարի տանող ճանապարհով անցնելիս անհնար է չնկատել անտառներից վեր խոյացող ժայռի կտորը, որը երբեք չես խառնի մեկ այլ գագաթի հետ,  դա Կաչաղակաբերդն է: Այն հայտնի է եղել նաև Խաչենի ամրոց անունով:

Կաչաղակաբերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռնագագաթը բոլոր կողմերից շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, միայն հարավային կողմից է հնարավոր մտնել բերդի տարածք: Բերդին հասնելը հեշտ չէ և վերջին հատվածը ջանքեր է պահանջում:

Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը ավելի փոքր է թվում քան կա իրականում: Բերդը որպես այդպիսին չի պահպանել իր տեսքը, բայց տեղ-տեղ պահպանված պարսպի կտորներին նայելով կարող եք պատկերացում կազմել երբեմնի հզոր շինության մասին:

Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, քար նետելու հրակնատներ: Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվել են անձրևաջրերով:
Ժողովուրդն ամրոցը կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:

Մեզ է հասել մի պատմություն ըստ որի Կաչաղակաբերդը պաշարած զավթիչները մի քանի ամիս սպասում են, որ պաշարվածները ինքնականմ հանձնվեն: Նրանք վստահ էին, որ սննդի պաշարները բերդում սպառված են, սակայն պաշարվածները չէին հանձնվում: Բերդի տարածքում թշնամին նկատում է մի զարմանալի երևույթ. Այդ տեղանքում շատ են կաչաղակները: Զավթիչները գլխի են ընկնում, որ կաչաղակները հավաքվել են դիակների վրա: Պատսպարվելով ամրոցում և պաշտպանելով այն` հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում:

Կաչաղակների անունով էլ սերնդեսերունդ փոխանցվեց պատմությունը և ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ որպես Կաչաղակաբերդ:

 

Մեկնաբանություններ