Ծաղկունյաց լեռներ

 

 Լեռնաշղթան գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին:  Փամբակի լեռնաշղթայի ճյուղավորումներից է, սկսվում է նրա կենտրոնական հատվածից՝ Ուղտաքար գագաթից և հարավ արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Հրազդանի հովիտ: Ունի 42 կմ երկարություն, կենտրոնական հատվածում լայնությունը հասնում է 7 կմ-ի: Լեռնաշղթան ներարկված է ինտրուզիաներով, որոնց վրա էլ ձևավորվել են  բարձր գագաթները: Ամենաբարձր գագաթը Ծաղկունյացն է՝  2821 մ:  Կազմված է հիմնականում քվարցիտներից և բյուրեղային թերթաքարերից: Լեռնաշղթայի տարբեր կողմնադրության լանջերը տարբերվում են միմյանցից  լանդշաֆտներով: Հյուսիսահայաց լանջերը՝ դեպի Մարմարիկի հովիտ, անտառապատ են, հարավահայաց լանջերը՝ բռնված են տափաստանային բուսականությամբ: Անգամ անտառապատ լանջերը՝ զառիթափության շնորհիվ մասնատված են, բայց մասնատվածությամբ զիջում են հարավահայաց լանջերին: Հարավահայաց լանջերից դեպի Քասաղի հովիտ են իջնում մի շարք սելավային հոսքեր, որոնցից ամենաակտիվը Մելիք գյուղի սելավն է:  Լեռնաշղթայի նախալեռնային գոտում՝ արտածին պրոցեսների ազդեցությամբ, տեղատարվել են մակերևույթը կազմող ապարները  և ձևավորվել է ռելիեֆի երիտասարդ ձևերը: Լեռնաշղթայի առանցքային գոտում դեռևս պահպանվել է քայքայված ծալքաբեկորավոր հիմքը:

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարո Սահակյանի

Մեկնաբանություններ