Վայոցսար լեռ

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Վայոցսար

Վայոցսար

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը աչ այլ ինչ է , եթե ոչ մի սլացող ուղեղի անհիմն ծնունդ: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց ձոր անունը:

Սակայն երկրաբանական տվյալներն խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ:

Վայոցսար

Վայոցսար

Հայկական լեռնաշխարհում կա երկու հրաբուխ, որոնք համարվում են գործող: Խոսքը Նեմրութի և Թոնդրակի մասին է: Ընդհանրապես կա մի այսպիսի օրինաչափություն, հրաբուխը համարվում է գործող եթե պատմության մեջ հիշատակվում է, այսինքն մարդը տեսել է նրա գործելը: Այս օրինաչափությանը հետևելով և հիմնվելով պատմական աղբյուրների վրա փաստորեն կարող ենք ասել, որ Վայոցսարն էլ գործող հրաբուխ է: Սակայն հարց է ծագում որքանով են այդ տվյալները հավաստի: Երկրաբաններն այլ բան են պնդում: Հայաստանի Հանրապետության տարածքում միգուցե ամենաերիտասարդ հրաբուխը Վայոցսարն է, բայց նրա վերջին ժայթքումն եղել է մոտ 40 000 տարի առաջ:

Վայոցսարը Ջալալյանի գրքի մեջ հիշատակվում է նաև Գագաթածակ անունով: Թուրքերի ու թաթարների ներխուժումով Հայաստան, ինչպես շատ աշխարհագրական անուններ այնպես էլ Վայոցսարը սկսվեց շրջանառվել օտար՝ Դալիկ թափա անվամբ, որ նշանակում է գիժ սար: Հերհեր գյուղի բնակիչներն մինչ օրս հավատում են, որ սարի գագաթին եթե քար բարձրացնես անձրև կգա:

Հերհերը շատ հարուստ է պատմական և բնական հուշարձաններով: Այստեղ է գտնվում Սիոնի վանքը, Կապույտ բերդը: Գյուղից վերև՝ Քարավազ և Հերհեր գետերի վրա գտնվում են գեղեցիկ ջրվեժներ:

Հերհեր գյուղի անվան ծագումն էլ կապվում է 8-րդ դարի երկրաշարժի հետ: Սկզբում անունը եղել է Երեր (երերալ, շարժվել բառից), այնուհետև հնչյունափոխվելով դարձել է Հերհեր:

Հերհերում նաև մի հետաքրքիր երևույթ կա: Գյուղի տակով անցնում է ճեղքվածք, որից սառը օդ է փչում: Մի քանի տուն կա, որոնց տակով է անցնում այդ ճեղքը: Գյուղացիներն այդ ճեղքի վրա կառուցել են մառաններ և ամռան ամիսներին երկրի ընդերքից փչող սառը օդն օգտագործում են, որպես բնական սառնարան:

Վայոցսար

Վայոցսար

Վայոցսար լեռը լեռնագնացության տեսակետից դժվարամատչելի չէ: Այն պետք է բարձրանալ արևելյան կողմից:

Մեկնաբանություններ