Armenian Geographic

Վայքի լեռնաշղթա

Ձգվում է ՀՀ-ի և Նախիջևանի սահմանագծի երկարությամբ (64 կմ) և համարվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ճյուղավորումներից: Հիմնականում կազմված է կարբոնատային ապարներից: Լեռնաշղթան Արենի, Գնիշիկ և Գռիձոր տեկտոնական կոտրվածքի միջոցով բաժանվում է երկու մասի՝ արևմտյան և արևելյան: Արևելյան մասն ավելի բարձր է, այստեղ է գտնվում լեռնաշղթայի բարձր գագաթը՝ Գոգին (3121մ), իսկ արևմտյան մասի բարձր գագաթը Հարսնասարն է (2773) մ:

Արևմտյան մասի հյուսիսահայաց՝ դեպի Արփայի հովիտ իջնող լանջերը, պատված են քարաթափվածքներով, հողերը ոչ պիտանի են: Այս լանջերից են սկիզբ առնում Գնիշիկ և Մարտիրոս  գետակները: Գնիշիկի հովտում է գտնվում Նորավանքը: Մարտիրոս գետի ավազանում մեծ չափերի են հասնում սողանքային պրոցեսները: Այստեղ համանուն բնակավայրը սողանքի  պատճառով ամբողջովին տեղափոխվել է: Արևմտյան մասի հարավահայաց լանջերը իջնում են դեպի Նախիջևանի տեղանք և մասնատված են Ճահուկ գետի համակարգով:

Արևելյան մասի հյուսիսահայաց լանջերը՝ նման են արևմտյանի հյուսիսահայաց լանջերին, միայն այն տարբերությամբ, որ այստեղ ավելի բարձր մասերում տարածվում են անտառային թփուտներ: Արևելյան մասի հարավահայաց լանջերին նկատվում են սողանքային պրոցեսներ:

Մեկնաբանություններ