Armenian Geographic

Վիրահայոց լեռներ

Ձգվում է Հայ-Վրացական սահմանի երկարությամբ շուրջ 73 կմ, մինչև  Դեբեդի կիրճ: Այստեղ առաջացնում է  աստիճանակերպ լանջերով զանգվածներ:  Վիրահայոց լեռները չեն կազմում իրար շարունակող լեռների մի ամբողջություն, սրանք իրար մոտ տեղադրված առանձին լեռնազանգվածների խմբեր են, որոնցից սկսվում են տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաճյուղեր: Լեռնաշղթան միջին բարձրության է, բայց շրջապատի նկատմամբ փոքր հարաբերական բարձրության շնորհիվ թողնում է բլրաշարի տպավորություն: Առավելագույն բարձրությունը հասնում է Լալվար գագաթում՝ 2544 մ:  Լեռնաշղթան բաժանվում է 3 մասի ՝ Արևմտյան ( Լոք լեռնագագաթ՝ 2140 մ), Կենտրոնական  (Լալվար լեռնագագաթ` 2544 մ)  Արևելյան   (Լեջան լեռնագագաթ՝ 2527մ):

 Ընդհանուր առմամբ լեռնաշղթան ունի մեղմ գծագրություն: Ժայռերը և ատամնավոր գագաթները քիչ են: Լեռնալանջերը հիմնականում ճմակալված են, մասամբ՝ անտառապատ, տեղ-տեղ հանդիպում են քարային կուտակումներ: Լեռները իջնում են դեպի Լոռվա սարավանդ համեմետաբար փոքր թեքությամբ , իսկ դեպի Կուրի հովիտ՝ մեծ թեքությամբ:

Լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջերն ամբողջովին անտառապատ են : Դեպի Դեբեդի հովիտ իջնող լանջերը էրոզացված են և բուսազուրկ: Դրա հիմնական պատճառը Ալավերդու պղնձաձուլարանի ազդեցություն է: Ավելի շատ մասնատված է հարավում հանդես եկող Լեջանի զանգվածը: Այստեղից են սկսվում մի շարք ժամանակավոր գործող հոսքեր, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են սելավաբեր հոսքի:

Մեկնաբանություններ