info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ալպինիզմ / Լեռնագնացությունը Հայաստանում

Լեռնագնացությունը Հայաստանում

Լեռնագնացությունը Հայաստանում

«Խելացի մարդը լեռ չի բարձրանա, խելացին այն կշրջանցի»` այս ասացվածքը միանշանակ լեռնագնացների և լեռնագնացությամբ զբաղվողների մասին չէ: Այսօր ինչպես օդաչուներն ու տիեզերագնացները, այնպես էլ լեռնագնացները դարձել են շատերի համար սիրելի հերոսներ իսկ լեռնագնացությունը Հայաստանում շարունակում է վերելք ապրել: Հիմնական պատճառը, որ մարդիկ ձգտում են դեպի լեռներ՝ յուրատեսակ կախվածությունն է, որը ժամանակակից գիտության տեսանկյունից դեռևս բացահայտված չէ: Լեռնագնացներն այդտեսակ կախվածությունն անվանում են «սեր դեպի լեռները»: Կախվածությունն առաջանում է շատերի մոտ, ովքեր գոնե մեկ անգամ եղել են որևէ լեռան գագաթին: Դրանից հետո այլևս հնարավոր չի լինում պատկերացնել սեփական գոյությունն առանց վերելքների և առանց ազատ ժամանակի փնտրտուքների՝ լեռներ նվաճելու համար:

Լեռնագնացության ծնունդը և զարգացման պատմական ընթացքը

Լեռնագնացությունն իրենից ներկայացնում է սպորտի և ակտիվ հանգստի յուրահատուկ տեսակ, որի նպատակը վերելքն է լեռնային դժվարամատչելի տարածքներ:
Լեռնագնացությունը ծնունդ է առել Արևմտյան Եվրոպայում 1786 թվականին շվեյցարացի գիտնական Գ. Սոսյուրի նախաձեռնությամբ: Ձևավորման սկիզբը նշանավորվում է հենց այդ թվականից, քանի որ այդ ժամանակ հաղթահարվեց Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլան լեռը (4810 մ): Մոնբլանի համար պայքարը տևեց շուրջ 26 տարի, իսկ նախաձեռնողը  գիտնական Սոսյուրն էր: Նա անգամ խոստացել էր դրամական պարգև նրան, ով ցույց կտար դեպի գագաթ տանող ուղին: Սոսյուրն ինքը 1785 թվականին փորձեց վերելք կատարել, սակայն նրա բոլոր փորձերն անհաջողությամբ էին ավարտվում: Արդեն 1786 թվականին որսորդ Ժակ Բալմայի մոտ ծնվեց գաղափար, որի շնորհիվ հենց ինքը կարող էր արժանանալ Սոսյուրի պարգևին: Նա գտավ համեմատաբար հեշտ ուղի և առաջարկեց բժիշկ Միշել Պակկարդին, ով վաղուց էր երազում բարձրանալ Մոնբլան, որպեսզի համատեղ իրականացնեն վերելքը: Եվ վերջապես, օգոստոսի 8-ին հաղթահարելով բազում դժվարություններ, նրանք իրականացրեցին կանխորոշված վերելքը: Դժվարություններն ահռելի էին. Պակկարդը գագաթ հասավ ուժասպառ, հազիվ չորեքթաթ, իսկ վայրէջքի ժամանակ ստացավ ձյան կուրություն: Բալման նույնպես ուժասպառ էր, սակայն իր մեջ դեպի Ժնև ուղևորվելու ուժ գտավ՝ Սոսյուրի մոտ: Հաջորդ տարի, 1787 թվականի օգոստոսի 1-ին, Սոսյուրը և Բալման՝ 18 ուղեկցորդների հետ, սկսեցին վերելքը և 3-րդ օրն արդեն գագաթին էին: Այդ վերելքը մեծ արձագանք ստացավ ողջ Եվրոպայում և դեպի Ալպեր գրավեց հարյուրավոր արկածասերների:

Առաջին վերելքը Մոնբլան

Հետագայում լեռնագնացության զարգացման համար մեծ խթան հանդիսացավ լեռնասերների ակումբների և ազգային կազմակերպությունների ստեղծումը:

Լեռնագնացությունը Հայաստանում. ձևավորման հետքերով

Հայաստանում լեռնագնացային առաջին արշավն իրականացվել է 1829 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը և Խաչատուր Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս՝ 5165 մ) գագաթ: Արարատի գագաթ առաջին վերելքի մասին առավել մանրամասն կարդացեք  Առաջին վերելքն Արարատի գագաթ հոդվածում:
Հետագայում 1845 թվականի հուլիսի 29-ին Արարատի գագաթ է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի՝ Հովհաննես Այվազյանի և Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ: 1896 թվականի սեպտեմբերի 14-ին Արարատը հաղթահարել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը: Հայկական լեռնագնացության նոր ալիքի ձևավորման սկիզբը նշանավորվում է նախորդ դարի 30-ական թվականներին: 1935 թվականին Վահրամ Դարյանի ղեկավարությամբ միանգամից 1000 հոգի բարձրացան Արագածի հյուսիսային գագաթ (4090 մ): Իսկ 1950-ականներին լեռնագնացության սեկցիաներում կար արդեն 1500 մարդ:
1950-1960-ական թվականներին հայկական լեռնագնացությունը պատվով ներկայացրել են ԽՍՀՄ հայտնի սպորտի մասնագետներ՝ Վանո Գալուստովը, Սերգեյ Հարությունովը, Ալբերտ Հակոբյանը և Աղվան Չատինյանը: ԽՍՀՄ տարիներին հայտնի լեռնագնաց Աղվան Չատինյանն այսօր 90 տարեկան է և չնայած իր տարիքին նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել: Հատկապես ուշագրավ է 1959 թվականին Աղվան Չատինյանի՝ Կիրիլ Բարովի խմբում իրականացրած «Ուշբայի խաչ» կոչվող հայտնի երթուղին: Այդ երթուղին այսօր էլ համարվում է բավականին դժվարամատչելի:

Վերելք դեպի Արարատ

Լեռնագնացության երկար սպասված վերածնունդը

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեռնագնացությունը Հայաստանում, ինչպես և սպորտի մնացյալ տեսակները, պարզապես դադարեցին գոյություն ունենալ: Միայն 2000-ական թվականներին հայ լեռնագնացները միմյանցից անկախ բարձրանում էին լեռներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս (Էլբրուս, Կազբեկ, Արարատ): Սակայն միասնական լեռնագնացային ակումբներ և դպրոցներ չկային: Լեռնագնացությունը Հայաստանում սկսեց շատ արագ կերպով զարգանալ 2010 թվականից: Հենց այս տարեթիվը նշանավորվեց որպես Հայաստանում ալպինիզմի վերածննդի ազդարար: Վերջին տարիների ընթացքում հայ լեռնագնացները հաղթահարել են բազմաթիվ գագաթներ՝ Էլբրուս (Եվրոպայի բարձր կետ), Դեմավենդ (Իրան), Կազբեկ (Վրաստան), ունեցել են մասնակցություն միջազգային մրցաշարերի, նաև անցկացրել մրցաշարեր Հայաստանում: Այս հարցում իր մեծ նշանակությունն ունեցավ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ստեղծումը, որը գործում է 2011 թվականից:
2011 թվականից ֆեդերացիայի անդամները սկսեցին առաջին վերելքները դեպի Իրանի բարձր գագաթները. հանգած հրաբուխ՝ Դեմավենդ (5671 մ), Հեզար լեռ (4501 մ), Կովկասյան Կազբեկ (5034 մ): Իսկ ավելի ուշ հայ լեռնագնացները մասնակցություն ունեցան դեպի Դեմավենդ վերելքի միջազգային ձմեռային մրցաշարին և պատվով հասան գագաթ:

Լեռնագնացները իրանական Հեզար լեռան գագաթին

Լեռներին նվիրված օրեր

2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի 57-րդ նստաշրջանի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր: Օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ներկայացնելու լեռնային և ալպյան գոտիների բացառիկ նշանակությունն ու հնարավորությունները:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանում՝ որպես Հայաստանի լեռների օր նշվում է ամեն տարի հոկտեմբերի 9-ը:

Հայաստանի լեռների օր. հոկտեմբերի 9

Իսկ ամսաթվի ընտրությունը կատարվել է այն պատճառով, որ 1829 թվականին հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ Մասիսի գագաթին: 1829 թվականի  մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավա­խմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբով­յանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցորդ: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից:  2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15:15-ին, Պարրոտը, Աբովյանը և  4 ուղեկցորդներ հասնում են Արարատի գագաթ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին