info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Անատոլիա անվանումն ունի հետաքրքրական պատմություն: Երբ հռոմեական կայսրությունը բաժանվեց երկու՝ Արևելյան և Արևմտյան մասերի, նրա արևելյան մասն անվանվեց Բյուզանդիոն կամ Բյուզանդական կայսրություն, որն իշխում էր Ասիա և Եվրոպա մայրցամաքների միացման շրջանի տարածքներում: Ասիական մասը ներգրկում էր Փոքր Ասիա թերակղզին, որը երեք կողմից շրջապատված է ծովերով, հյուսիսում՝ Սև ծովը, արևմուտքում՝ Էգեյան ծովը և նրան հարակից ջրային տարածքները, իսկ հարավում՝ Միջերկրականը, ինչը կարելի է տեսնել 6.1 քարտեզի վրա:

Երկրի մայրաքաղաքը, Կոստանդին կայսեր պատվին 330 թ. անվանվեց Կոստանդնուպոլիս, որը նա հիմնադրել էր Մարմարա ծովի և Բոսֆորի նեղուցի ափերին: Օսմանյան կայսրության անկումից հետո քաղաքը վերակոչվեց Իստանբուլ: Այս անվան մեկ վարկածը, որն ամենատրամա­բանականն է, այն է, որ անունը հիմնված է հունարեն «իս թին պոլի» (դեպի քաղաք) տերմինի խեղաթյուրված տարբերակի վրա: Մայրաքաղաքից դեպի արևելք էր գտնվում Կայսրության հսկայական տարածքը, որը նրանք կոչեցին «Արևելք», հունարենով՝ «Անատոլիա»։ Այսպիսով Կոստանդնուպոլսից արևելք գտվող երկրամասը կոչվեց «Անատոլիա», այսինքն՝ արևելյան երկրամաս:

6.1 – Փոքր Ասիայի և Անատոլիայի սահմանի քարտեզը, 19-րդ դար, Բրիտանիա: Դրանից արևելք է տեղադրված Հայաստանը, ARMENIA-ն: Այստեղ նշված են Թոքր Ասիո հնագույն տարբեր երկիր/իշխանությունները:

Ըստ Բյուզադիոնի կայսր Կոստանդին Ծիրանածնի (905-959 թթ.)՝ Բյուզանդիոնից արևելք գտնվում էին մի քանի երկրամասեր որոնցից էին առաջինը՝ Անատոլիկոնի թեմատան, երկրորդը Արեմենիակոնի թեմատան, ապա Խալդիայի և Կապադովկիաի թեմատաները և այլն: Այսպիսով, ըստ կայսեր, Անատոլիան կայսրության կից շրջանն էր, որին՝ արևելքում հետևում էին Արմենիա-Հայաստանը և մյուս շրջանները:

Մինչև 19-րդ դ. վերջերը Օսմանյան կայսրության մեջ հրատարակված բոլոր քարտեզ­ներում «Անատոլիա» անվանումը կարելի էր տեսնել Փոքր Ասիա թերակզղու վրա, որի սահմանները նշված է 6.2 քարտեզում: Սրա սահմաններն՝ են երեք կողմից ջրային տարածքները, իսկ արևելում Ալեքսանդրետայից, ներկայիս Իսկենդերունից, անցնելով Մարաշի, Մալաթիայի, Երզնկայի, Բայբուրթի վրայով դեպի Սև ծովի ափերի՝ Հոպա և Բաթումի քաղաքները: Ներկա Թուրքիայի արևելյան մնացած տարածքը՝ Հայկական բարձրավանդակն է, որտեղ տեղադրված էր պատմական, կամ Մեծ Հայքը: Թերակղզու այս սահմանն անցնում է Եփրատի արևմտյան ափերով:

Այսպիսով, նախքան 1920-ականների անվանափոխումը, «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» թերակղզին նույնն էին, որոնք ահմանափակվում էին թերակղզով, և որոնցից արևելք էր գտնվում «Հայկական բարձրավանդակը»։ Այսպիսով Անատոլիա անվանվող երկրամասը տարածվում է ներկա Թուրքիայի հողի շուրջ 70 տոկոսի վրա և ոչ՝ ամբողջի:

6.2 – Ներկա Թուրքիայի տեղագրական քարտեզն իր բաժանումներով:

Վերի, 6.2 քարտեզը ցույց է տալիս շրջանի տեղագրությունը, ուր Անատոլիան, նույն Փոքր Ասիան է իսկ դրանից արևելք գտնվող տարածքը Հայկական բարձրավանդակը կամ Հայկական լեռնաշխարհն է:

Եթե նայենք մինչև 1923 թ. հրատարակված օսմանյան քարտեզներին, ապա դրանց բոլորի վրա Անատոլիան միայն նշված է որպես Փոքր Ասիա թերակղզու տարածքը մինչև Եփ­րատ գետը: Այս անվանումը կարող եք նույնպես տեսնել 6.3 և 6.4 և ուրիշ օսմանա­կան քարտեզների, հրատարակված նախքան 20-րդ դ.:

6.3 – Քյաթիբ Չելեբիի Իչի, Քարաման, Անատոլիա և Սիվաս վիլայեթների քարտեզը, նրա Ջահան Նյումա աշխատության առաջին՝ 1732 թ. տպագրությունից, պատրաստողն է Իբրահիմ Մութեֆերրիկան: Քարտեզում հարավը վերն է:

Քյաթիբ Չելեբին (1609-1657 թթ.) օսմանյան առաջին լուրջ քարտեզագետն էր, բայց նրա կարևոր՝ «Ջահան Նյումա (Աշխարհացույց)» աշխատությունը մնաց անավարտ: Նա ճամփորդել էր արևելք և տեսած երկրների մասին շարադրել է իր աշխատության մեջ, նրանց մեջ նաև գծել և տեղադրել քարտեզներ, որոնցից մեկ մասն անվարտ մնացին: Նրա աշխատության գլուխներից երկուսը Հայաստանի մասին են, որտեղ նա տալիս է պատմական և աշխարհագրական տեղեկություններ հայերի ու Հայաստանի մասին՝ սկսած Հայկ նահապետից ու Արմենակից մինչև իր օրերը:

Նրա այս աշխատությունը առաջին գրքերից էր, որը տպագրվեց կայսրության նոր հիմնված տպարանում՝ 1732 թ., հինմադրված կրոնափոխ հունգարացի Իբրահիմ Մութեֆերրիկայի նախաձեռնությամբ՝ Պոլսում:

Քարտեզն անվանված է «Իչիլ, Քարաման, Անատոլիա և Սիվաս վիլայեթները», իսկ պատկերված տարածաշրջանը Փոքր Ասիայի թերակղզին է: Այսպիսով ըստ Չելեբիի տված տեղեկության՝ փաստվում է, որ «Անատոլիան» թերակղզու վիլայեթներից միայն մեկն էր՝ որը գտնվում էր «Սիվասից (Կեսարիաից)» դեպի արևմուտք:

6.4 Մահմուդ Ռաիֆի Օսմանյան կայսրության ասիական մասը, Ուշքուդար, Թուրքիա 1803-4 թ.:

6.4 քարտեզի վրա Օսմանյան կայսրության Փոքր Ասիա թերակզու անունը նշված է որպես Անատոլիա, որն առանձնացված է կապույտ գծով և տարածվում է մոտավորապես մինչև Եփրատի արևմտյան ափերը, ինչը նաև ցուցադրված է 6.2 քարտեզում: Սրանից արևելք գտնվող տարածքում է Հայկական բարձարվանդակը, այսինքն Մեծ Հայքի տարածքը, որի հյուսիսային հարևանն է Վրաստանը, իսկ Ատրպատական, կամ պարս­կական Ադրեբջան նահանգը՝ նրանից արևելք է գտնվում: Դրանից հարավ են Քուրդստանը և Միջագետքը: Քարտեզի վրայի գույները ներկայացնում են օսմանյան վիլայեթների սահմանները:

Ռաիֆի նույն ատլասի մեջ առկա է նաև մեկ այլ, ամբողջ Օսմանյան կայսրության, ինչպես նաև Սև ծովի քարտեզը, որոնց վրա նույնպես նշված են Հայաստանը և Անատոլիան և այլ օսմանական երկրամասերի/վիլայեթների սահմանները:

6.5 – Ռուս-թրքական պատերազմական քարտեզ, Օսմանյան Ռազմական նախարարություն, 1877 թ.:

Քարտեզ 6.5-ը ցույց է տալիս ամբողջ Օսմանյան կայսրությունը, ներառյալ եվրոպական ու ասիական շրջանները: Քարտեզում Փոքր Ասիայի թերակղզու տարածքը անվանված է «Անատոլիա»: Դրանից արևելք գտնվող շրջանը, որը մեծ մասամբ հայերով էր բնակված՝ անվանված է «Արմենիյա-Հայաստան», իսկ սրանից հարավ տարածքն անվանված է «Քուրդստան»: Դրանցից արևելք է գտնվում պարսկական «Ադրեբջան», կամ Ատրպատական նահանգը:

Ըստ Թուրքիայի հանարպետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, երկիրը միատարր էր և բնակեցված թուրքերով, հետևաբար հայտարարածն իրականցնելու համար «Հայաստան» կամ «հայ» անուններն իրենց երկրից պետք էր վերացվեին: Օգտվելով Համաշխարհային պատերազմի առկայության առիթից, 1915-23 թթ. օսմանյան տերությունը երկիրը բնիկ հայերից մաքրազարդելուց հետո պետք էր նաև հաներ «Հայաստան» և «հայ» անվանումները: Իսկ դրա համար պետք էր համաշխարհային պատերազմից հետո ստեղծված նոր Հանրապետության ամբողջ տարածքը, սկսած Հունաստանից մինչև Իրան և Կովկասը կոչել հայերին բնավ կապ չունեցող մի աշխարհագրական անունով: Սկզբանական շրջանում Անատոլիայից արևելք գտնվող տարածքը սկսեցին կոչվել «Դողու-Անադոլու»: «Դողու» թուքերեն նշանակում է արևելք, իսկ «Անատոլիան» նույպես նշանակում է արևելք՝ բայց այս անգամ հունարենով: Հետևաբար Թուրքիայի արևելյան մասի անունը դառնում էր «Արևելյան-արևելք»: Այս անհարիր լուծումը կարճ ժամանակ անց բարելավվեց՝ երբ Թուրքիայի Հանրապետության ամբողջ տարածաքին այս անգամ սկսեցին կոչել «Անատլոիա կամ Անադոլու» անունով, անկախ նրանից, որ սկսած վաղ միջնադարից այդ անունը, նույնիսկ օսմանյան քարտեզներում տրված է եղել միայն Փոքր Ասիա թերակղզու տարածքին:

Այս բոլորը կատարվել է ծառայելու միայն մեկ նպատակի: Վերացնել «Հայկական» որևէ անուն՝ Թուրքիայի արևելյան շրջաններից: Այսպիսով նոր ընդունված «Անատլոիա» անունը քողարկում է «Հայկական բարձարվանդակ» կամ «լեռնաշխարհ» անունը, իր մեջ ներառնելով բարձրավանդակի ու լեռնաշխարհի, այսինքն Մեծ Հայքի ամբողջ տարածքը:

Բազմաթիվ հայ և օտար պատմաբաններ Թուրքիայի լարած այս թակարդի մեջ են հայտնվում և երբ գրում կամ խոսում են Հայկական բարձրավանդակում տեղադրված Մեծ Հայքի մասին, նրա տեղը նշելով «արևելյան Անատոլիայում», այսպիով համաձայնվելով թուրք մասնագետների տված այլ կեղծ անվանմանը: Իրանակությունն այն է, որ Մեծ Հայքը ոչ թե արևելյան Անատոլիայում է, այլ գտնվում է Անատոլիայից արևելք եղած տարածքում:

6.6 – Կիպերտի Ասիական Թուրքիայի քարտեզի մասը, 1844 թ., դրա բնագրից: Քարտեզում Փոքր Ասիան անվանված է Անադոլիա՝ ընդգծված կարմիր, իսկ Հայկական լեռնաշխարհի վրա գրված է Արմենիա-Հայաստան՝ ընդգծված կապույտ:

1840-1850-ական թվականներին գերմանացի քարտեզագետ Հայնրիխ Կիպերտը երկար ժամանակ է անց կացրել Փոքր Ասիայում, Միջին արևելքում և Կովկասում, ուր նա պատրաստել է տարածաշրջանի վերաբերյալ բազմաթիվ մանրակրկիտ և ճշգրիտ քարտեզ­ների շարան: Նրա քարտեզների անվանումներն են «Թյուրքական կայսրություն», «Ասիական Թուրքիա», «Թուրքիան Ասիայում» և նման անվանումներ, որանցից ոչ մեկում Թուրքիայի արևելյան մասը «Անատոլիա» չի անվանված: Օրինակի համար տե՛ս 6.6 քարտեզը: Այս քարտեզում վարոնշյալ անվանումները շատ պարզ են: Կարմիրով ընդգծված է «Անատոլիան»՝ Փոքր Ասիան, սա Թուրքիայի արևմտյան մասն է՝ իսկ արևելյան մասը, այստեղ անվանված է «Հայաստան», որը տարածվում է Եփրատից Սևան:

Կիպերտի քարտեզներից շատերը թարգմանվել և հրատարակվել են օսմանական թուրքերենով՝ գրված արաբատառ, իսկ թարգմանված քարտեզներից մի մասում «Թուրքիա» բառը փոխվել է «Անատոլիա» անվանմամբ՝ այսպիսով օրինականցնելով և նունյիսկ Կիպերտին վերագրելով այս անվանափոխումը:

Տեղանունների փոփոխությունները մեզ՝ հայերիս համար նորություն չեն: Ինչքան իշխող քաղաքական ռեժիմներն ավելի շատ թաքցնելիք և ոչ ցանկալի պատմական անցյալ ունեն, այնքան հաճախակի են կատարվում նրանց անվանափոխումները: ԽՍՀՄ-ում կոմու­նիզմի ամրապնդվելուց հետո դրանք դարձան առօրյայի մասը: Սանկտ Պետերբուրգը դարձավ Լենինգրադ, Ցարիցինը՝ Ստալինգրադ և այլն: Հսկայական երկրի մինչև ամենախուլ անկյուններում, ոչ մեկը զերծ չմնաց կոմունիստ ղեկավարների անունները վայելելու պատվից: Սրանք բոլորը անցյալը մոռանալու և ջնջելու միջոցներ են:

Նման երևույթը հաճախ տեսանելի է Օսմանյան կայսրությունում, ու դրան ժառանգորդ Թուրքիայում: Այստեղ անվանափոխումներն ավելի հաճախակի ու համատարած էին, այնպես, որ Թուրքիայի քաղաքների ու գյուղերի տարբեր անունները նշող աշխատություն­ներում հաճախ կարելի է տեսնել մեկ գյուղի առջև գրված հինգից յոթ անուն, որոնք փոփոխվել են վերջին 150 տարիների ընթացքում: Ամեն մի կոտորած, իր հետքը ջնջելու համար բերում էր անվանափոխումների մի նոր շարան:

Տեղանոււների փոփոխություննրը Թուրքիայում այնքան ընդհարնացած են, որ դրանց ծավալուն ցուցակը, որը կազմել է հայազգի Սևան Նշանյանը, պարունակում է շուրջ 550 էջ: Աշխատության մեջ ներառված են տեղանունների հերթական փոփոխությունները, որոնց մեջ մեծ մաս են կազմում հայկական տեղանունները և նրանց նոր անվանումները:

1920-ական թվականներից Թուրքիայի քարտեզների վրա սկսեց երևան գալ «Անատլոիա» անվանումը, որը տրվում էր Թուրքիայի ամբողջ տարածքին, նպատակ ունենալով աստիճանաբար երկրի արևելյան մասից ընդհանրապես հանել «Հայաստան» ու «Քուրդիստան» անվանումները, ինչպես նաև «Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ» տեղանունները և դրանք բոլորը ներառել համապարփակ «Անատոլիա» անվան մեջ: Այս նպատակին հասնելուն հույժ և հիմնական դեր ունեցավ թուրքական այբուբենի փոփոխությունը արաբերենից լատիներենի: Երկրի բնակչությունը, եթե նոււնիսկ գրագետ էր, մեկ սերունդ հետո այլևս չէր կարողանալու կարդալ հին գիրը և անդրադառնալ քարտեզներում, ինչպես նաև ամենուր կատարված անվանափոխումների իսկությանը։ Քաղաքական այս կանխածրագրված գրի փոփոխության գործոնը պարտադրեց տառադարձել ամբողջ պատմական, աշխարհագրական և մշակութային ժառանգության գրականությունը, այս գործողության ընթացքում դրանք վերափոխելով ու անվանա­փոխելով, տեղանունները դարձնելով երկրի ղեկավարի քաղաքականու­թյանը համահունչ և սատարող, որոնց հույժ կարիքն ուներ նորաստեղծ հանրապետությունը. փաստելու իր միատարր թուրք լինելու թիրախային տեսությունը:

Պետք է նշել, որ աշխարհագրական և տեղագրական տեղանունները, ինչպիսիք են գետերի, ծովերի, լեռների և այլ անուններ, ընդհանրապես թարգմանության ընթացքում մնում են անփոփոխ: Այս ասպարեզի որևէ փոփոխություն ընդհանրապես ունի քաղաքական և ռազմավարական դրդապատճառ և նպատակ: Տեղանունների փոփոխությունների ավելի հաճախ ենք նկատում քաղաքների և գյուղերի՝ երբեմն էլ կղզիների անվանումներում, որոնք նույնպես կատարվում են երկրի ղեկավարության ու համակարգի հիմնական փոփոխույթունների արդյունքում:

Որպես օրինակ կարելի է նշել Սիբիրը, որը չնայած անվան բացասական ընկալմանը, մնացել է անփոփոխ՝ ցարական, խորհրդային և անկախ Ռուսաստանում: Կորեաները, որոնք այժմ հակադիր ռեժիմների երկրներ են, պահպանել են իրենց անունը: Սակայն Թուրքիայում այս փոփոխության պատճառն ուներ շատ ավելի հետին նպատակներ, այն է, ջնջել բնիկ ժողովրդի անունը և հետքը, նրանց պատմական և հայրենի հողից, որի հանդեպ անտարբեր մնացին միջազգային կազմակերպություն­ները: Թուրքիայի առաջին Աշխարհագրական կոնգրեսը 1941 թ. ստեղծեց երկու նոր երկրամաս որոնք էին Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան, որոնք համընկնում էին մինչ այդ նույն, Թուքրայի քարտեզներում նշված Հայաստանի և Քուրդստանի երկրամասերին։

Հայերին վերաբերող անունների վերացման գործն այնքան ծայրահեղության հասավ, որ նույնիսկ բնագիտական կամ կենդանաբանական՝ գիտական լատիներեն տերմինո­լոգիան դրանից զերծ չմնաց: 2005 թ. Թուրքիայի գիտնականները և մասնագետները սկսեցին փոխել բույսերի ու կենդանիների այն անունները, որոնք իրենց լատիներեն անվան մեջ պարունակում էին «հայ» կամ «հայկական» բառը: Թուրքիայի բնապահպանման նախարարության մի պաշտոնյա հայտարարեց, թե հնում եղած անվանումների մի մասը հակասում է Թուրքիայի միատարր երկիր լինելուն: Ըստ Ռոյտեր գործակալության՝ պաշտոնյան ասել է.

Դժբախտաբար Թուրքիայում առկա են անվանումներ, որոնք միտումնավոր կերպով դրված են այլ նպատակներով: Մեր տարածքում գոյություն ունեցող այս միտումնավոր թյուրանվանումները կասկածի տակ են դնում մեր միատարր թուրք լինելու փաստը։

Որոշ թուրք պաշտոնյաներ պնդում են, որ ներկա անվանումները գործածվում են հիմնականում փաստելու թե իբր քրդերը կամ հայերն ապրել են Թուրքիայի այս տարածքներում, որը, ըստ նրանց, իրականությանը չի համապատասխանում: Բայց իրականությունն այն է, որ կենդանիների այս տեսակները որոնք մինչը 100 տարի առաջ բնակվում էին այդ տարածքներում, երբ շրջանները դեռևս հայաբնակ կամ քրդաբնակ էին: Դրանց անվանումը տվող բնագետները կենդանիների անվանումները դրել են՝ հիմքում ունենալով նաև տեղաբնակ ցեղերի անունները, որոնք կենդանիների հետ, համատեղ բնակվում էին նույն տարածաշրջաններում: Այս անվանումնրից մի քանիսը հետևյալներն են.

Այսպես նաև ուրիշ անվանումներ:

Քաղաքական նպատակաները և ծրագրերն իրականացնելու ընթացքին «հայ» և «հայկականությանը» վարաբերող անունները Թուրքիայի տարածքից ամբողջովին վերացնելու և դրան ուղղակի շաղկապվող վախի զգացումը ստեղծել են մի այնպիսի էյֆորիա, որ բացի աշխարհագրական տեղանունների մաքրելուց ու անվանափոխելուց, դրանք հասել են նույնիսկ մինչև անասունների ու բույսերի գիտական՝ լատիներեն անվանումներին:

Հոդվածը Ռուբեն Գալչյանի՝

«ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» գրքից։

Նյութերի և քարտեզների հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակին։ 

Շնորհակալություն քարտեզագետ Ռուբեն Գալչյանին, սույն հոդվածը armgeo.am կայքին տրամադրելու համար։

Հայկական լեռնաշխարհ