info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայակական հմայիլներ

Հայկական հմայիլներ

Հայկական հմայիլներ

Հին աշխարհի շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, որոշ առարկաների և երևույթների վերագրվել են տարբեր նշանակություններ և գործառույթներ: Մարդիկ այդ առարկաներին վերագրում էին չարին վանելու և հաջողություն բերելու հատկանիշներ, և դրանց անվանում էին չարխափաններ: Դրանք հիմնականում իրեր էին, որոնք պատրաստվում են հատուկ ծիսակարգով և պահվում հատուկ պայմաններում: Այս բոլոր առարկաներն էլ հենց կոչվում են հայկական հմայիլներ կամ, այսպես ասած, հմայքի արժանի իրեր:

Հայերը հնում հավատում էին, որ հմայիլներն իրենց պաշտպանում էին արհավիրքներից, պատերազմներից և անհաջողություններից: Կա կարծիք, որ հմայիլներն առաջացել են մարդկության զարգացման այն փուլում, երբ մարդկանց մեջ դեռ չկար հստակ տարբերակում գիտելիքի, իրականի և երևակայականի միջև:

Մինչ գրավոր աղոթքների առաջացումը, մարդիկ չարխափան խորհուրդ էին տեսնում երկաթի, քարի կամ փայտի կտորների մեջ: Նրանք դրանցից տարբեր փոքրիկ կտորներ էին կտրում և պահում իրենց մոտ, որպես իրենց պահապան ուղեկից:

Այս երևույթն իր բազմաթիվ դրսևորումներն է ստանում ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ բազմաթիվ ծիսական արարողությունների մեջ:

Բնական հմայիլներ

Ընդունված է հմայիլները բաժանել երկու մեծ խմբի՝ բնական և ձեռակերտ: Բնական հմայիլներ են համարվում բուսական և կենդանական աշխարհի տարբեր տարրեր: Դրանցից են օրինակ փուշը, եղջյուրը, սոխը, սխտորը, և հենց սրանք էլ հետագայում հիմք են հանդիսանում ձեռակերտ հմայիլների ստեղծման համար, որոնք պատրաստվում էին հիմնականում փայտից, քարից, մետաղից, բամբակից և այլն:

5-րդ դարի պատմիչների հիշատակություններում հանդիպում է, որ հավատալիքներում գերբնական հատկություններ ունեին և չարի դեմ պայքարի միջոց էին համարվում փուշը, կրակը, երկաթը: Հին Հայաստանում չարի դեմ պայքարում էին մետաղե առարկաներով, որոնք հիմնականում ունեին սուր ծայր:

Հայկական հմայիլներ / լուսանկարը՝ 17.am-ի

Դրանցից էին ասեղը, մեխը, դանակը և այլն: Անգամ երկաթի և պողպատի հիշատակությունները խոսքի մեջ չարխափան դեր էին խաղում: Ըստ ավանդազրույցների՝ չար ոգիները սարսափում էին այս մետաղներից: Երբ ցանկանում էին տան շեմը պաշտպանել չարից, մուտքի դռան ներքևի հատվածում երկաթե ձող էին դնում և հավատում, որ այն թույլ չի տա չարին ներս մտնել: Յուրահատուկ պաշտամունք կար նաև մեխի հանդեպ: Մարդիկ հավատում էին, որ իրենք մեխի միջոցով կարող են աշխատեցնել սատանային: Նրանք կարծում էին, որ երբ իրենց հաջողվում է մեխը խփել ինչ-որ տեղ, դրանից հետո սատանան հնազանդվում է իրենց և սկսում աշխատել իրենց համար: Հմայությունների մեջ մեխն օգտագործվում էր ոչ միայն չարի աչքը ծակելու, այլ նաև չարին գամելու համար:

Հայկական հմայիլների շարքում նաև լայնորեն կիրառվում էր ասեղը: Հայերը համարում էին, որ ասեղ հմայիլը վանում էր բացասական էներգիան: Հնում հաճախ կարելի էր հանդիպել տարիքով կանանց, որոնց հագուստի վրա ասեղ կար ամրացված: Նրանք նաև ասեղ էին ամրացնում այն մարդու հագուստին, ով պատրաստվում էր ճանապարհ գնալ:

Հայկական հմայիլներ

Սակայն հայկական կենցաղում բարիք բերող հմայիլներից ամենատարածվածը համարվում էր պայտը: Այն ամրացնում էին մուտքի դռան վերևում, որպեսզի չարիք չպատահի, և տանը միշտ հաջողություններ լինեն: Հայերը պայտից խնդրում էին պաշտպանություն և հիվանդությունների ապաքինում: Բարիքն ու հաջողությունը տուն էին մտնում պայտի բաց անկյունից: Այդ է պատճառը, որ հիմնականում կախելիս պայտի բաց անկյունը դեպի վերև են թողել, որպեսզի այն հավաքեր վերևից եկող օրհնությունն ու փոխանցեր այն տուն: Իսկ երբ բաց անկյունը դեպի ներքև էր կախվում, ապա պայտը ոչ մի բարեբեր գործառույթ չէր կատարում:

Դաղդղան

Հմայիլների շարքում մեծ և առանձին տեղ էին զբաղեցնում փայտից պատրաստված հմայիլները, որոնք կոչում էին դաղդղան:

Դաղդղան պատրաստում էին և՛ մարդկանց, և՛ կենդանիների համար: Կային նաև հատուկ դաղդղաններ, որոնք կախում էին նորածնի օրորոցից կամ դաստակից: Տան համար պատրաստվող դաղդղաններն ավել մեծ էին և կախվում էին տանը, որևէ լավ երևացող տեղում: Իսկ նորածնի համար պատրաստվող դաղդղանները փոքրիկ տակառի ձև էին ունենում և հաճախ ուլունք էին հիշեցնում:

Հնում լայնորեն տարածված էր խոշոր եղջերավոր անասունների վզից կամ եղջյուրից դաղդղան կախելը: Դաղդղաններ կախել են նաև կարասներից և կճուճներից, որպեսզի այնտեղ պահվող բերքը պահպանեին կրծողներից և միջատներից:

Դաղդղան

Դաղդղան պատրաստելու համար, որպես փայտանյութ օգտագործում էին սրբազան ծառերի փայտը: Կան գյուղեր, որտեղ դաղդղանները պատրասվել են հատուկ դզդզան կամ բռնչենի կոչվող ծառի արմատներից և բնից: Մարդիկ հավատում էին, որ այս ծառը նույնպես ուներ չարխափան հատկություն: Ոչ ոք չէր համարձակվում անգամ մեկ ճյուղ կամ տերև պոկել այդ ծառից: Իսկ այն կանայք, ովքեր երեխա չէին ունեում, երեք անգամ անցնում էին ծառի ճյուղերի տակով, որպեսզի արու զավակ ունենային:

Ամենատարծված խումբը լուսնաձև և կիսալուսնաձև դաղդղաններն էին, որոնք Հայաստանում տարածված են եղել դեռևս հնագույն ժամանակներից: Դրա պատճառն այն է, որ հնագույն հավատալիքներում մարդիկ լուսնին մի շարք հատկություններ են վերագրել, ինչպիսիք են՝ պտղաբերությունը, հարստությունը, հիվանդությունների բուժումը: Առասպելներում հաճախ են լուսինն ու ցուլը նույնացվում, ինչպես նաև հաճախ ցուլի մեջքին լուսին է պատկերվում:

Հայկական հմայիլներ / լուսանկարը՝ mediamax.com-ի

Տարածված են եղել նաև եռանկյունաձև, ուղղանկյունաձև և սեղանաձև դաղդղանները: Սրանք հաճախ հանդես էին գալիս կնոջ կերպարով, ինչը կրկին կապված էր պտղաբերության և բարեբերության հետ:

Վարպետները դաղդղան պատրաստում էին լռության մեջ կամ մտքում՝ բարի խոսքեր և օրհնանքներ ասելով: Նրանք կարծում էին, որ եթե վարպետը շեղվեր, կամ բացասական մտքեր և էներգիա ունենար, ապա այդ էներգիան և մտքերը դաղդղանի միջոցով կարող էին փոխանցվել այն կրողին:

Շատ հազվադեպ հանդիպում են նաև քարից և մետաղից պատրաստված դաղդղաններ: Այժմ դաղդղանների ամենամեծ հավաքածուն պահվում է փայտարվեստի թանգարանում:

Չարխափան ուլունքներ

Որոշ հմայիլներ պատրաստելիս դաղդղանի փոքրիկ կտորների կողքին շարում էին նաև տարբեր ուլունքներ: Այս ուլունքները նույնպես լինում էին տարբեր տեսակների: Կային ուլունքներ, որոնք բուժում էին հիվանդություններ, և կային ուլունքներ, որոնք ունեին չարը վանելու հատկություն, և պաշտպանում էին այն կրողին: Քարերը ծիսապաշտամունքային հավատալիքներում համարվել են երկարակեցության և հավերժության խորհրդանիշ: Հնում քարերը, որպես թալիսման կրել են ինչպես վզնոցների մեջ, այնպես էլ գոտկատեղի զարդերի և թևնոցների մեջ:

Հայկական հմայիլներ / վանակն

Այդպիսի թալիսման քարերից է վանակնը կամ լեռնային բյուրեղը, որը հնագույն ժամանակներում արդյունահանվել է հիմնականում Վանի և Բիթլիսի տարածքում: Հնում հայերը հավատում էին, որ այս քարն իր մեջ պահպանում է մեծ քանակությամբ էներգիա, և այն համարում էին գերբնական ուժերի շտեմարան: Այս քարը հիմնականում օգտագործում էին լյարդի հիվանդությունների բուժման նպատակով:

Իսկ կանաչ գունավորում ունեցող քարերը, որպես կանոն, օգտագործվում էին տեսողական հիանդությունները բուժելու նպատակով:

Կապտավուն երանգավորում ունեցող քարերն, ինչպիսիք են՝ փիրուզը և ծովակնը, որպես կանոն, հակադրվում էին չար ուժերին և համարվում էին իմաստության խորհրդանիշ:

Հայկական հմայիլներ / լազուրիտ

Հայկական լեռնաշխարհում տարածված մեկ այլ քար՝ լազուրիտը կամ հայքարը, օգտագործել են դիվահարությունները բուժելու նպատակով:

Այս բոլոր քարե ուլունքները, որոնք օգտագործվոմ էին չարխափան կամ պաշտպանողական նպատակներով, կոչվում էին աչքի ուլունքներ:

Այս հմայիլներից շատերն այժմ կորցրել են իրենց խորհուրդն ու նշանակությունը: Եթե անգամ դրանք ինչ-որ ձևով կիրառվում են կենցաղում, ապա ունենում են դեկորատիվ բնույթ: Քրիստոնեության ընդունումից հետո այս բոլոր չարխափան հմայիլներին փոխարինելու եկան աղոթքները: Մարդիկ այժմ աղոթքների միջոցով են փորձում պաշտպանվել բոլոր անհաջողություններից և չար ուժերից: Եվ այժմ, եթե անգամ ինչ-որ առարկայի տրվում է չարխափան կամ պահպանողական գործառույթ, ապա այդ հատկությունները նրան շնորհված են Աստծո կողմից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին