info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական ծիրան

հայկական ծիրան

հայկական ծիրան

Այն զբոսաշրջիկներն, ովքեր թեկուզ մեկ անգամ այցելել են Հայաստան և բախտ ունեցել ճաշակել հայկական ծիրանը, դժվար թե կարողանան մոռանալ կամ շփոթել դրա համն այլ տեղ աճող ծիրանների հետ: Սփյուռքում ապրող հայերի համար այն ասոցացվում է հայրենիքի կարոտի հետ: Ծիրանը համարվում է Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ զիջելով միայն Արարատին և նռանը: Անգամ ծիրանի լատինական (prunus Armeniaca) անվանումն է հուշում, թե ինչքան հայկական է այս միրգը:

Հայկական ծիրանի պատմությունը

Ծիրանը Հայաստանում հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից: Այն այստեղ աճեցվել է այնքան վաղուց, որ անգամ կարծիք կա, թե այն առաջացել է հենց Հայաստանում: Հնէաբանական պեղումների արդյունքում Գառնիում հայտնաբերվել են ծիրանի կորիզներ: Շատ գիտնականներ նաև պնդում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին ծիրանը Հայասատանից տարել է Հունաստան՝ ներկայացնելով այն Միջերկրածովյան տարածաշրջանին:

Սակայն այլ տեսություններ ժխտում են Հայաստանի՝ ծիրանի հայրենիք լինելու փաստը՝ որպես դրա ծագումնաբանական կենտրոններ նշելով Հնդկաստանն ու Չինաստանը: Չնայած ծագման հետ կապված բոլոր տարաձայնությունների, այն փաստը, որ ծիրանը, որն աճում է Հայաստանի տարծքում, միանգամայն տարբերվում է մյուս երկրներում աճող ծիրանի տեսակներից՝ անժխտելի փաստ է: Եվ դժվար կլինի գտնել իրական հայկական ծիրան, որն աճում է Հայաստանի սահմաններից դուրս:

Ըստ մի լեգենդի ծիրանի ծառն այն միակ ծառն էր, որը Նոյն իր հետ իջեցրեց տապանից և տնկեց հենց այն հողի վրա, որտեղ պետք է բնակվեին մարդիկ: Ջրհեղեղը բազմաթիվ ծառատեսակներ ոչնչացրեց, բայց ծիրանի ծառը պահպանվեց:

Հայկական ծիրանի յուրահատկությունը

Հայկական ծիրանը, ոչ միայն համով է տարբերվում այլ ծիրաններից, այլ նաև իր յուրահատուկ գույնով: Այս  յուրահատուկ մրգի գույնը ո՛չ դեղին է, ո՛չ նարնջագույն: Այն ունի հենց ծիրանագույն երանգ: Գույնի անունը  ծագել է հենց ծիրանի անվանումից: Ծիրանի է կոչվել նաև այն տոնական հագուստը, որը կրել են հայ թագավորներն ու թագուհիները, քանի որ այն նույնպես ուներ ծիրանագույն երանգ:

Հայկական ծիրան

Ի տարբերություն այլ մրգերի՝ ծիրանի կորիզն ուտելի է: Այն սիրում են բոլորը, և հաճախ ծիրանն ուտելուց հետո դրա կորիզն ուտելը պարզապես պարտադիր պայման է: Եվ կարևոր չէ, թե ձեռքի տակ ինչ միջոց կա այն կոտրելու համար, որպես վերջին տարբերակ կարող է ծառայել նաև սովորական քարը:

Երեխաները նաև սիրում են ծիրանի կորիզներից սուլիչներ պատրաստել: Սուլիչ պատրաստլու համար ընդամենը պետք է գտնել որևէ անհարթ մակերևույթ՝ լավագույն տարբերակը կարող է լինել որևէ քար կամ պարզապես ասֆալտ: Այնուհետև պետք է այնքան տանել և բերել կորիզը մակերևույթի վրայով, մինչև կորիզի վրա ծակ առաջանա: Հետո ասեղի օգնությամբ դատարկում եք կորիզի միջուկը և վերջ, դուք արդեն ունեք ձեր անձնական սուլիչը:

Դուդուկ

Պատահական չէ, որ հայկական ամենահայտնի երաժշտական գործիքը կոչվում է ծիրանափող՝ այսինքն ծիրանից պատրաստված փող: Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանի ծառի փայտից: Հայկական դուդուկի արմատները հասնում են մինչև Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Այս գործիքը պատկերված է նաև մի շարք միջադարյան մանրանկարչություններում:

Հայկական դուդուկը տարբերվում է իր յուրահատուկ հնչողությամբ, այն գրեթե միշտ ուղեկցում է հայկական պարերի և երգերի մեղեդիները: Դուդուկի երաժշտության ներքո են անցկացվում նաև հայկական հարսանիքներն ու թաղումները:

Հայտնի է դուդուկի չորս հիմնական ձև, որոնք տարբերվում են իրենց երկարությամբ՝ 28-ից մինչև 40 սմ, և ըստ ձայնի՝ առաջինից մինչև չորորդ օկտավաներ: Կախված մեղեդու ռիթմից՝ դուդուկը կարող է արտահայտել տարբեր տրամադրություններ:

Ինչպես օրինակ 40 սանտիմետրանոց դուդուկն ամենահարմարն է սիրային երգերի կատարման համար, մինչդեռ փոքր դուդուկն օգտագործվում է ավելի ռիթմիկ երգերի և պարային մեղեդիների ժամանակ:

Այժմ էլ դուդուկ պատրաստող վարպետները շարունակում են պատրաստել տարբեր չափերի և տեսակների դուդուկներ: Շատ վարպետներ փորձել են դուդուկ պատրաստել այլ ծառի փայտից, սակայն այդ դուդուկները չեն ունեցել այն ինքնատիպ հնչողությունը, որն ունեն ծիրանի ծառից պատրաստվածները:

Հայկական դուդուկը և իր երաժշտությունը 2007 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ոսկե Ծիրան Միջազգային Փառատոն

Ոսկե Ծիրանն ամենամյա փառատոն է, որն անց է կացվում Երևանում: Փառատոնը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե Ծիրան» հիմնադրամի, Հայաստանի ֆիլմերի քննադատների և Կինոլրագրողների համագործակցությամբ: Փառատոնի անվանումը կապված է Հայաստանի սիմվոլ հանդիսացող ծիրանի հետ:

Փառատոնը նվիրված է մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկի թեմային: Փառատոնին մասնակցում են ֆիլմեր, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ և կրոններ՝ ցույց տալով մարդկային քաղաքակրթության հարստությունը:

Ոսկե ծիրան փառատոնը տարբերվում այլ փառատոններից, քանի որ այն իր ծավալով փոքր է, բայց միևնույն ժամանակ արժանանում է միջազգային հանրության մեծ ուշադրությանը:

Ոսկե Ծիրան կինոփառատոն

Ֆիլմերը սովորաբար ներկայացվում են երկու միջազգային մրցակցային բաժիններում՝ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Եվ յուրաքանչյուր բաժնի համար խաղարկվում են «Ոսկե Ծիրան» գլխավոր և «Արծաթե Ծիրան» հատուկ մրցանակները: «Հայկական Համայնապատկեր» անվանակարգը սահմանված է այն ֆիլմերի համար, որոնք նկարահանված են հայկական ծագում ունեցող ռեժիսորների կողմից:

Փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհներգով՝ հենց այն մրգի օրհնությամբ, որի հետ ասոցացվում է փառատոնի անվանումն ու Հայաստանը:

Ծիրանը Հայաստանի ինքնատիպ այցեքարտն է, որը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի գրավչությունը, ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ սփյուռքի շրջանում: Եվ, հետևաբար, պատահական չէ, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և հայկական դուդուկի անվանումները նույնպես սերտորեն կապված են ծիրանի՝ հետևաբար, նաև Հայաստանի հետ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին