info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հավերժության նշանն ու հայկական կեռխաչը

Բոլորին հայտնի սվաստիկան կամ հավերժության նշանը, ըստ սանսկրիտերեն ստուգաբանության, առաջացել է su և asti բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է լավ լինել: Հավերժության նշանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարում մեծ տարածում ստացավ «Սվաստիկա» անվանումը: Նշանն իրենից ներկայացնում է մի կետից ծագող և կենտրոնի շուրջ՝ աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր կամ կեռ թևերով պատկեր: Հետագայում, իհարկե, այն ենթարկվել է որոշ ձևափոխությունների և ստացել տարբեր արտահայտչամիջոցներ:

Արատեսի վանք / լուսնակարը՝ Գոհար Մալխասյանի ֆեյսբության էջից

Հայաստանում այս նշանն ունի տարբեր անվանումներ՝ արևախաչ, Վահագնախաչ, Խաչ պատերազմի և կեռխաչ: Հայկական էպոսում հանդիպող «խաչ պատերազմին», որը հերոսները կապում էին իրենց թևին՝ թշնամու դեմ պատերազմելու գնալուց առաջ, նույնպես սվաստիկայի ինչ-որ օրինակ է, քանի որ այս արիական նշանը դարեր շարունակ հանդիսացել է հայ ռազմիկների պահապանը:

Կեռխաչի խորհուրդը

Ըստ տարածված կարծիքներից մեկի՝ կեռխաչի հիմք հանդիսացող հորիզոնական գիծը խորհրդանշում է նյութական աշխարհը, իսկ ուղղահայաց գիծը՝ ոգեղեն և տիեզերական աշխարհը: Եվ այս պատկերի մեջ էլ հենց խաչվում են ոգեղենն ու նյութականը: Ընդունված է նաև այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի և հավերժության խորհրդանիշն է, իսկ դեպի ձախ թեքվողը՝ մահվանը: Ի վերջո, երկու դեպքում էլ ստանում ենք հավերժական պտույտ. որոշ դեպքերում կյանքից-մահ, որոշ դեպքերում էլ՝ մահից-կյանք: Հայկական հնագույն հավատալիքներում ևս աջը միշտ կապվել է հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության հետ:

Կեռխաչը հայերի համար հանդիսանում է հավերժության խորհրդանիշ և ուղեկցում նրանց անհիշելի ժամանակներից: Հայկական մշակույթում այս նշանը կապված է արևի, կայծակի և կրակի պաշտամունքի հետ: Հատկապես նշանակալի է արևի պաշտամունքը:

Կեռխաչը Անիի պարիսպների վրա / լուսանկարը՝ armenianfineart.wixsite.com

Կեռխաչն իր ձևով անընդհատ շարժման տպավորություն է ստեղծում, ինչն էլ հենց խորհրդանշում է արևի շարժումը: Հայկական կեռխաչի ամենատարածված տեսակներից է արևախաչը: Արևախաչը հիմնականում ութաթև է լինում, ինչը հայ- արիների համար խորհրդանշում է հայկական աստվածային համակարգի 8 աստվածներին. նրանք են՝ Հայր Արա, Մայր Անահիտ, Աստղիկ, Վահագն, Միհր, Նանե, Տիր, Վանատուր:

Սակայն գոյություն ունի նաև 12 թև արևախաչ, որը խորհրդանշում էր կենդանակերպի 12 նշանները, որոնք էլ ըստ նրանց կարգավորում էին երկրային և տիեզերական տարեփոխումները:

Կեռխաչի զարգացման փուլերը

Կեռխաչի ամենահին նախատիպերը կարելի է հանդիպել Գեղամա և Սյունիքի բարձրավանդակի լեռներում գտնված բազմաթիվ ժայռապատկերներում:

Այնուհետև, այն լինելով բրոնզե դարի ամենատարածված զարդանախշերից մեկը, պատկերվել է բազմաթիվ կավամանների, բրոնզից գոտիների և զարդերի վրա:

Շամխորի կախազարդ / լուսանկարը՝ Գոհար Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Ավելի ուշ միջնադարում այս խորհրդանիշը սկսեց լայնորեն օգտագործվել ճարտարապետության, մանրանկարչության և գորգագործության մեջ: Քրիստոնեությունից հետո այս նշանը դառնում է հավերժության խորհրդանիշ՝ խորհրդանշելով երկնային կյանքի հավերժականությունը:

Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ կեռխաչը հատկապես շատ է օգտագործվել հայ ռազմիկների կողմից: Քանի որ դրա մեծաքանակ պատկերներ են գտել առաջնորդների դամբարանների վրա և պեղումների արդյունքում հայտնաբերված զենքերի և հանդերձանքի վրա: 5-րդ դարից սկսած այն լայնորեն սկսվում է օգտագործվել հուշաքարեի վրա, իսկ ավելի ուշ արդեն պատկերվում խաչքարերի վրա: Լինելով խաչքարերի կարևոր զարդանախշերից մեկը՝ արևախաչը լայնորեն սկսվել է կիրառվել նաև եկեղեցաշինության մեջ: Այդ է պատճառը, որ հավերժության նշան կարելի է տեսնել բազմաթիվ եկեղեցական կոթողների վրա:

Կեռխաչը հայկական գորգերում / Լուսանկարը ՝ Մեգերյան Կարպետի արխիվից

Հայկական մշակույթում քառաթև հավերժության նշանը լայնորեն օգտագործվել է հատկապես անիական դարաշրջանում: Այն հաճախ կարելի է հանդիպել զարդանախշերի մեջ: Այս հայտնի նախշը հանդիսացել է նաև հայկական վիշապագորգերի կարևոր բաղադրիչը: Այն իրենից ներկայացնում է հավերժության նշանը՝ առանձին կողմերում ոլորված վիշապի կերպարներով:

Կեռխաչն ու ֆաշիզմը

Շատ մարդիկ այսօր սվաստիկան կամ կեռխաչը համարում են չարի խորհրդանիշ՝ կապելով այն ֆաշիզմի և ազգայնամոլության հետ: Այն համարվում էր արիացիների խորհրդանիշը, իսկ արիացիները սպանել չգիտեին: Արիացիներն ունեին մի քանի օրենքներ. Արիացին իրավունք չուներ սպանել հակառակորդին, երբ ինքը ձիու վրա էր, իսկ հակառակորդը՝ ոչ, եթե ինքը զինված էր, իսկ հակառակորդը՝ անզեն: Եվ իհարկե, իզուր չէ, որ 1930 թ. գերմանացիներն իրենց հռչակեցին արիական ցեղերի հետևորդներ և որպես իրենց խորհրդանիշ ընդունեցին արիացիների տիեզերաիմաստ խորհրդանիշներից մեկը:

Սվաստիկան նացիստների դրոշի վրա

Ըստ նացիզմի գաղափարախոսության՝ գերմանացիները համարվում էին արիական ռասսայի ներկայացուցիչներ և իրավունք ունեին իշխելու ավելի ստորին ռասսաներին: Ֆաշիստական բանակի զինվորներն այս խորհրդանշանը կրում էին իրենց թևերին և պատկերում իրենց զրահամեքենաների և ինքնաթիռների վրա: Որոշ հետազոտողներ պնդում են, որ նացիստական սվաստիկան ուներ դեպի ձախ գնացող շարժում, որը համարվում է չարի և մահվան խորհրդանիշը, սակայն հանդիպում են նաև կարծիքներ, որ այն ամեն դեպքում ունեցել է դեպի աջ գնացող ուղղություն: Սակայն ինչպիսի ուղղություն էլ ունենար, այն որևէ կերպ չէր կարող կապվել նացիստական գաղափարների հետ:

Արևախաչը Յունիկոդում

1987 թ-ից սկսած հայկական արևախաչը ընդգրկված է նաև համակարգչային գրանշանների հավաքածուներում: Այն հաճախ օգտագործվում է *-ի փոխարեն՝ տեքստի հատվածները միմյանցից բաժանելու համար: 2010թ.-ին ՀՀ Ստանդարտների ազգային ինտիտուտը դիմում է Յունիկոդ կոնսորցիումին և առաջարկում է գրանցել հայկական հավերժության նշանը՝ ներկայացնելով գրանշանի նկարագրությունն ու հիմնավորումը:

Հիմնավորումներն առանց առարկության ընդունվում են և 2012 թ.-ին գրանշանը պաշտոնապես գրանցվում է Յունիկոդ կոնսորցիումի կողմից՝ այն պաշտոնապես դարձնելով ISO /IEC 1046 ստանդարտի մի մաս:

Որքան էլ, որ սվաստիկան կամ կեռխաչն ունենան տարբեր մեկնաբանություններ, այնուամենայնիվ, գրեթե բոլոր ուսումնասիրողներն այն կապում են արիական ցեղերի հետ, և այն ընկալվում է որպես արիական խորհրդանիշ: Հայերն այն քիչ ժողովուրդներից են, ում մշակույթի տարբեր շերտերում այս խորհրդանիշն ունեցել է իր բազմաթիվ դրսևորումները: Ինչպես նաև հայերն աշխարհում միակներից են, ովքեր մինչ օրս այն օգտագործում են, որպես ազգային ինքնության խորհրդանիշ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին