info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են  առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց:

Ալպյան լեռնակազմական պրոցեսներ

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:

Գործող հրաբուխներ են համարվում այն հրաբուխները, որոնք ցուցաբերում են ակտիվություն (պարբերաբար ժայթքում են, դուրս են տալիս գոլորշիներ, գազեր) կամ նրանք, որոնց ժայթքումն ու ակտիվությունը հիշատակվում է պատմության մեջ:

Վայոցսարի մոլորությունը

Պատմության մեջ հանդիպում ենք մի դրվագի, որը չի կարող համապատասխանել իրականությանը այդ իսկ պատճառով Վայոցսարը չենք դասում գործող հրաբուխների շարքին: Երկրաբանները փաստում են, որ Վայոցսարը ժայթքել է շատ ավելի վաղ քան 8-րդ դարում:

Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան:

Վայոցսար լեռ

Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Վայոցսար

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը ոչ այլ ինչ է , եթե ոչ մի սլացող ուղեղի անհիմն ծնունդ: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց ձոր անունը:

Երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ և պատմության այս դրվագը չի համապատասխանում իրականությանը:

Նեմրութ

Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ:

Նեմրութ հրաբուխ

Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera – կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաներն առաջանում են երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։

Նեմրութ լեռան խառնարանը

Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան  Ֆ. Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ):

Թոնդրակ

Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է:  Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ  տաք աղբյուրներ:  Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:

Թոնդրակ

Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:

Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:

Թոնդրակ / Լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի

Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:

Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է  շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին