info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական հաց / Լավաշ

հայկական լավաշ

հայկական լավաշ

Հացը հայերի կյանքում 

Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ: Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում, դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:

Հայ կանայք երկանքով ցորեն են աղում

Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրաղաց տանել: Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում: Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել: Սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում: Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ: Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության կեռխաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս: Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ:

Խաչբուռ / լուսանկարը՝ Կէան մշակութային կենտրոնի

Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել: Եվ, իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր՝ «հացով մարդ», «տանդ հացը չպակասի», «թե ուզում ես ճանաչել մարդուն՝ նրա հետ հաց կեր»: Հայերը միմյանց աղ ու հացով դիմավորել են և միասին հաց կիսել:

Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ:

Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ՝ լավաշ, մատնաքաշ, բաղարջ, անթթխմոր հաց և այլն:

Լավաշ

Բացի պարզապես հաց լինելուց, լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր: Նախ եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի «լավաշ» անվանումը: Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից: Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են: Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը:

Ըստ ավանդության հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին: Իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ: Այս գործընթացը հաճախ տևել է մեկ կամ անգամ երկու օր: Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել են լավաշի համը:

Հայկական լավաշ / Լուսանկարը՝ Lavash & Tonir Museum-ի

Ավանդական կենցաղում հաց թխելը խմբային գործընթաց էր, և անձը միայնակ չէր կարող հաց թխել: Այն հանիդսանում էր բացառապես կանանց զբաղմունք, և խուսափում էին, որ հաց թխելու ընթացքում թոնրատուն տղամարդ մտնի, քանի որ դա համարում էին վատ նշան: Այս խմբային գործում բոլորի դերերը բաշխված էին, ամեն մարդ ուներ իր գործը՝ մեկը խմորն էր պատրաստում, մյուսը գրտնակում էր, մյուսը, ով ամենափորձառուն էր, այն խփում էր թոնրի շուրթին: Ոչ փորձառուները հիմնականում փոխանցում էին խմորի գնդերը և այդ ընթացքում էլ սովորում ավելի փորձառուներից:

Հացի թխման արարողությունն ուներ 7 խորհուրդ՝ ցորեն աղալը, ալյուր մաղելը, խմոր պատրաստելը, աղ լցնելը, գնդերի բաժանելը, թխելը և շարելը:

Թոնրից հանած առաջին հացն ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և նաև ուժ ստանար:

Լավաշ վաճառողները 1903 թ. / Լուսանկարը՝ Lavash & Tonir Museum-ի

Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցն ու պաշտպանը: Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ: Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից:

Հայերը նաև սովորություն են ունեցել նորահարսի ուսին լավաշ գցելու, ինչի միջոցով ակնկալել են, որ հարսն այդ օջախի հացը կավելացնի: Հայկական ավանդական հարսանիքներում այս սովորությունը պահպանվել է մինչ օրս: Հայերը հավատում էին, որ լավաշը պաշտպանում էր նաև չար աչքից և բացի նորապսակների ուսին գցելուց, այն նաև գցում էին նորածնի վրա:

Թոնիր

Թոնիրը հայերի կյանքում և կենցաղում կարևորագույն նշանակություն է ունեցել դեռևս հեթանոսական ժամանակներից: Այդ գետնափոր կրակը խորհդանշել է արևի պաշտամունքը: Թոնրի օգտագործումը հանդիպում է մի շարք ժողովուրդների մոտ, սակայն հայկական թոնրի առանձնահատկությունը նրա գետնափոր լինելու մեջ է: Հաց և, մասնավորապես, լավաշ թխելու վայրը համարվում էր թոնրատունը, որտեղ էլ հենց գտնվում էր թոնիրը: Այն համարվում էր սուրբ վայր: Թոնիրը միշտ պետք էր մաքուր պահել:

Թոնրի շուրջ արգելվում էին վատ բառերն ու հայհոյանքները: Թոնիրն առանցքային նշանակություն ուներ, քանի որ այնտեղ էր թխվում ընտանիքի գոյատևման հիմնական երաշխիքը՝ հացը: Թոնրատունը նույնպես կառուցվել է տան ամենակարևոր, առանցքային մասում՝ գմբեթավոր տանիքի և երդիկի տակ: Նման կառույցները կոչվում էին հազարաշեն:

Հազարաշենը Կարսում / Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի

Առաստաղի նման կառուցվածքն ու երդիկն օգնում էին, որպեսզի ծուխն ավելի հեշտությամբ դուրս գար թոնրից: Թոնրում հացից բացի պատրասվում էին նաև գաթա, ղափամա, հարիսա և այլ կերակրատեսակներ: Թոնրի կրակի շուրջ են պատմվել նաև մի շարք հեքիաթներ և ավանդազրույցներ: Հնում, երբ հաց թխելու արարողությունն ավարտվում էր, իսկ թոնրի մեջ դեռ պահպանվում էր կրակի ջերմությունը, տան անդամները հավաքվում և նստում էին թոնրի շուրջ՝ ոտքերը կախելով թոնրի մեջ:

Սա ժողովրդական լեզվով կոչվում էր «քուրսի նստել», որը նաև բուժում էր հիվանդներին: Այդ ընթացքում տան տարիքով ամենամեծը հեքիաթներ և տարբեր զրույցներ էր պատմում տարիքով ավելի երիտասարդներին:

Հայկական լավաշ

Թոնիրն այնքան սուրբ վայր էր համարվում, որ այն բնակավայրերում, որտեղ եկեղեցի չկար, և պսակ կատարելու արարողություն էր լինում՝ զույգերը պսակադրվում էին թոնրի շուրջ: Հարսն ու փեսան ձեռք ձեռքի տված պտտվում էին թոնրի շուրջ: Այս ամենից հետո աղջիկն իր հոր տան թոնրից մի բուռ մոխիր էր վերցնում և բերում լցնում տղայի տան թոնրի մեջ: Այսպիսով նա մինչև մահ իրեն կապում էր տղայի օջախի հետ:

Թոնրի առասպելը

Ծաղկունյաց լեռների Թոնդրակ հրաբխային լեռնազանգվածը հանդիսանում է թոնրի նախատիպը: Թոնդրակը շրջանաձև հիմքով, կոնաձև գործող հրաբուխ է։ Ըստ ավանդության, երբ մի ժամանակ Վահագն աստվածը հայ ռափյաներին (հսկա կանայք և տղամարդիկ) սովորեցնում էր ռազմի արվեստը, նրանք վարժանքներից հետո հավաքվում էին Թոնդրակ հրաբխի կրակի շուրջ:

Թոնդրակ լեռը

Նրանք զրուցում էին, հաց թխում և ուտում: Եվ մի օր Վահագնը Թոնդրակի կրակից մոխիր է վերցնում և տալիս հսկաներին՝ պատվիրելով այն տալ մարդկանց, որպեսզի նրանք թոնդիր պատրաստեն և հաց թխեն, իսկ կանանց էլ պատվիրեց, որ թոնրի կրակը միշտ վառ պահեն: Այս ամենից հետո Վահագնը բարձրանում է երկինք և այնտեղից հսկում, որ հանկարծ թոնրի կրակը չհանգչի: Հայերը մինչև օրս էլ պահպանում են Վահագնի տված «Վահագնակրակը»:

Հայկական լավաշ / թոնիր

Գետնափոր թոնրի կրակը և ծուխը հանդիսանում են օջախի ամրության և խաղաղության խորհրդանիշերը: Արևապաշտ հայերը թոնիրը նմանեցրել են մայր մտնող Արևի: Հայ կանայք, ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս, խոնարհվել են դրա առաջ, որպես աստվածության առաջ:

Լավաշի առասպելը

Լավաշի մասին պատմվում է մի առասպել, ըստ որի երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:

Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:

Արամ թագավորը

Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:

11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Կախարդական լավաշը

1988 թվականին է նկարահանվել հայկական ամենասիրելի մուլֆիլմերից մեկը՝ «Կախարդական լավաշը»: Մուլտֆիլմի հերոսն ազնիվ ու բարի Նաղաշն էր, ով ապրում էր իր լավաշ թխող մոր հետ և նրա ազնիվ քրտինքով թխած լավաշներն ուտելով էլ մեծանում էր: Եվ մի օր էլ Նաղաշը որոշում է հետևել մոր խորհրդին և գտնել իր «սրտի գործը»: Սակայն բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո, նա վերադառնում է հայրենի գյուղ, վարում և ցանում իր մի լավաշաչափ հողը և վայելում իր արդար աշխատանքի արդյունքը: Ֆիլմի վերջում հերոսը հիշում է մոր խոսքերը. «Հիշիր որդիս, երջանկությունն աշխատանքի մեջ է, իսկ բախտավորությունը՝ հայրենի հողում»:

Կախարդական լավաշը

2014 թվականին հայկական լավաշը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է իր պատրաստման յուրահատկությունների, մշակութային և ազգայի նշանակության շնորհիվ: Եվ եթե հայկական այս հացատեսակը ունենար միայն խոհարարական նշանակություն, այն բնականաբար չէր ընդգրկվի այդ ցանկում: Հայկական լավաշն այս ցանկում ընդգրկվել է շնորհիվ հայերի կյանքում իր բազմաթիվ մշակութային և սոցիալական դրսևորումների:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին