info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աղը հայերի կենցաղում

Աղը հայերի կենցաղում

Աղը հայերի կենցաղում / լուսանկարը՝ dalan.am

Հնագույն ժամանակներից ի վեր, տարբեր մշակույթներում աղին վերագրել են տարբեր մոգական և առասպելական հատկություններ: Սակայն աղն ունեցել է նաև երկակի բնույթ՝ երբեմն այն համարվել է կյանքի և երջանկության խորհրդանիշ, իսկ հաճախ կապվել է մահվան և դժբախտության հետ: Աղը համարվում էր այն օգտակար հանածոն, առանց որի կյանքը կանգ կառներ, բայց և որի չափից շատ առատությունն էլ կարող էր մահվան հանգեցնել: Աղը հին աշխարհի սպիտակ ոսկին էր և ամենուր համարվում էր հարստություն: Բոլոր այս սովորույթներն ու ավանդությունները, որոնք մինչ օրս էլ գործածական են, պատկերացում են տալիս այն մասին, թե ինչ կարևորություն ունի աղը հայերի կենցաղում:

Աղ ու հաց

Ըստ հայկական հին սովորույթի՝ հյուրին դիմավորել են աղ ու հացով, որտեղ հացը համարվում էր սրբություն, իսկ աղն ուներ մաքրագործող հատկություն: Իզուր չէ, որ անհյուրընկալ և երախտամոռ մարդուն ասել են «անաղուհաց մարդ», կամ երբ հավատարիմ ընկերներին ասում են «Իրար հետ աղուհաց կիսած ընկերներ»: Հնուց ի վեր՝ մինչև այսօր էլ, այս կերակրատեսակն իր յուրահատուկ տեղն է գրավում հայկական խոհանոցում և համարվում է բարեկամության և բարի կամքի խորհրդանիշը:

Աղը հայերի կենցաղում

Եվ այն մարդիկ, ովքեր միասին աղ ու հաց էին կիսում, դառնում էին դաշնակիցներ, և այդ բարեկամությունը դրժելը մեղք էր համարվում: Այդպես էր նաև աղուհացի վրա տրված երդման դեպքում՝ այն անխախտ էր և ուներ զորավոր ուժ:

Աղը և Անահիտ դիցուհին

Բոլոր ժամանակներում աղը համարվել է ամենակարևոր օգտակար հանածոներից մեկը: Կան աղի մասին հյուսված բազմաթիվ ասացվածքներ և առասպելներ: Ինչպես, օրինակ՝ հայկական դիցաբանության մեջ աղը համարվել է Անահիտ աստվածուհու ընծան: Աղի պաշտամունքը սերտորեն կապված էր պտղաբերության հետ: Այն անբաժան է եղել Անահիտ դիցուհուց, և նրանք երկուսով հովանավորում էին մորն ու մանկանը:

Աղը հայերի կենցաղում / Անահիտ աստածուհի

Հին հայերի մեջ տարածված է եղել նորածին երեխայի վրա աղ ցանելու, ինչպես նաև մարդկանց և տան անսրբությունն աղով մաքրելու սովորությունները: Աղը, համարվելով սրբազան համեմունք, հին Հայաստանի տարբեր բնակավայրերում պահվել է հատուկ աղամաններում: Այս ամանները հիմնականում պատրաստված են եղել կավից և փայտից, և սովորաբար ունեին մարդկանց և կենդանիների կերպարանք: Սակայն դրանց մեջ գերակշռում էին կանանց կերպարանքով աղամանները, որոնք ևս կապած են Անահիտ աստվածուհու պաշտամունքի հետ: Այս աղամանները հիմնականում ունենում էին հղի կնոջ կերպարանք: Այստեղ էլ, իհարկե, երևում է կապն աղի, պտղաբերության և կյանքի շարունակականության հետ: Հնում այսպիսի աղամանները պահվում էին տան ամենակարևոր անկյունում՝ թոնրատանը: 

Աղը հայերի կենցաղում / հին հայկական աղամաններ

Աղը հայկական հեքիաթներում

Աղն իր յուրահատուկ արտահայտումն է գտել նաև հայկական հեքիաթներում: Հին ժողովրդական հեքիաթներից մեկում, երբ թագավորն իր աղջիկներին հարցնում է, թե ինչքան են նրանք սիրում իրեն, փոքրիկ աղջիկը պատասխանում է. «Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի, ես քեզ սիրում եմ աղի չափ»: Այս արտահայտությունը շատ է բարկացնում թագավորին և նա աղջկան ասում է, որ եթե իրեն աղի չափ է սիրում ուրեմն հենց աղ էլ իրեն բաժին կհասնի: Եվ մի պարկ աղ տալով աղջկան՝ նրան վռնդում է տանից: Սակայն հեքիաթի վերջում աղջիկը կարողանում է համոզել թագավորին, որ աշխարհի ամենաքաղցր բանն աղն է:

Աղը հայերի կենցաղում

Մեկ այլ հեքիաթում հանդիպում ենք, որ երբ հերոսը պետք է ողջ գիշեր արթուն հսկեր անմահական խնձորի ծառը՝ կտրում է իր մատը և վրան աղ ցանում, որպեսզի վերքի մրմուռից ամբողջ գիշեր չկարողանա քնել:

Հանդիպում են նաև այնպիսի դրվագներ, որտեղ հերոսը, դևերից փախչելով, իր ետևից աղ է շաղ տալիս, և այդ վայրերում սարեր են առաջանում և օգնում հերոսին փախչել հրեշից:

Իհարկե, այս հեքիաթներում աղը չի օտագործվում իր ուղղակի իմաստով: Այստեղ նույնպես աղն ունի պաշտամունքային գործառույթ, քանի որ աղը համարվում է կյանքի համը․ երբ աղը պակասում է՝ ամեն ինչի համը դուրս է գալիս:

Աղի ճանապարհը

Միջնադարում այն երկրներում, որտեղ աղի պաշարները քիչ էին, մեկ կիլոգրամ աղը հավասար էր մեկ կիլոգրամ ոսկուն: Աղն ամենուրեք համարվում էր առևտրի և փոխանակման թանկ և շահեկան միավոր:

Հայկական լեռնաշխարհի տարացքում Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղի հանքերն օգտագործվել են դեռևս անհիշելի ժամանակներից: Աղի հանքերով հարուստ էին նաև Տուրուբերան, Վասպուրական և Աղձնիք նահանգները: Միջնադարյան աղբյուրներում հանդիպող աղի ճանապարհը կապված է եղել Կողբի հանքավայրի հետ: Ի տարբերություն Մետաքսի ճանապարհի, այն ոչ թե անցել է Հայաստանի տարածքով, այլ սկիզբ է առել հենց այստեղից՝ տարածվելով դեպի հարևան երկրներ:

Կողբ գյուղը այժմ

Այս ճանապարհը բանուկ է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը: Կողբ գյուղն այժմ կոչվում է Թուզլուջա (թուրք. աղի հանք): Կողբ գյուղը հայտնի է եղել կերակրի աղի պաշարներով: Հնում Կողբը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք գավառի մեջ: Գյուղը գտնվում է Բարդող կամ Կողբասար լեռան ստորոտին: Սկիզբ առնելով Կողբ ավանից, հայտնի «Աղի ճանապարհը», Արաքսի գետանցով մտնում էր Խարբեքլու կամ Երվանդաշատ, իսկ այնուհետև Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվում դեպի Բայանդուր-Ալեքսանդրապոլ-Շիշթափա-Գորելովկա-Բոգդանովկա: Աղի ճանապարհը շարունակում էր իր ուղին երկու ճյուղով՝ մեկը գնում էր դեպի Ծալկա և Թիֆլիս, իսկ մյուսը՝ դեպի Ջավախք և Քութայիսի: Դեռևս 19-րդ դարում այս ճանապարհով ավելի քան 80 հազար տոննա քարաղ էր տեղափոխվում դեպի Անդրկովկասի տարբեր շրջաններ:

Աղն ունեցել է նաև բուժիչ հատկություններ, դրանով է պայմանավորված եղել նաև նորածնիների մարմինն աղով պատելու սովորությունը: Սրանով հնում կոփել են երեխային, որպեսզի նա դիմանա կյանքի դժվարություններին: Աղի բուժիչ հատկությունների արտահայտություններից մեկն էլ անձավաբուժությունն է: Այն տարածված է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաև Հայաստանում:

1987թ Հայաստանում բացվեց առաջին անձավաբուժական կենտրոնը, որի ներսում պարզապես գտնվելն անգամ օգնում էր հաղթահարել մի շարք հիանդություններ:

Մինչ այժմ էլ հայկական կենցաղում, սեղան բացելիս, աղն առաջինն է դրվում սեղանին, ինչն էլ խորհրդանշում է աղի կարևորությունն ու կենսատու նշանակությունը հայերի կյանքում: Աղն այն տարրն է, որը հավերժ է կենցաղում և երբեք չի կորցնելու իր զորավոր հատկություններն ու կարևորությունը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին