info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի օձերը

Հայաստանի օձերը

Հայաստանի օձերը

Մինչ կխոսենք, թե ինչ տեսակների են լինում Հայաստանի օձերը, եկեք փորձենք հասկանալ՝ ինչպիսի բնութագիր ունեն այս սողունները: Օձերը երկրագնդի ամենազարմանալի արարածներից են: Նրանց անսովոր տեսքը, վարքի բազմաթիվ հիանալի հատկանիշները, շարժվելու յուրահատուկ ձևը և, ի վերջո, մի մասի թունավոր լինելը հնուց ի վեր իրենց վրա են բևեռում մարդկանց հետաքրքրությունը և ուշադրությունը:

Օձերի մասին բազմաթիվ առասպելներ և լեգենդներ են ստեղծվել: Այժմ գիտության զարգացմանը զուգընթաց այդ լեգենդները քողազերծվում են և միաժամանակ բացվում են օձերի առավել հետաքրքիր վարքագծերը: Այնքան մեծ է օձերի տարածած ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:

Հայաստանի օձերը / Դարևսկու իժ

Մինչդեռ այդ սողունների մեծ մասն անվնաս, օգտակար և պաշտպանության արժանի կենդանիներ են: Ոչ մի կենդանի այնպես լավ չի որսում մկներին ու առնետներին, ինչպես օձը: Ոչ թունավոր օձերին մեր պահեստները և շտեմարանները գցելով, կարելի է ոչնչացնել կրծողներին: Իսկ փրկված կրծողներն այնպիսի սարսափ են ապրում, որ այլևս չեն վերադառնում այդ վայրերը: Աշխարհում կա օձերի 2700 տեսակ, որոնցից թունավոր են 450-ը:

Օձերը տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: Նրանք բնակվում են ամենուր՝ օվկիանոսից և ծովերից մինչև ալպիական լեռներ, ստորգետնյա անձավներից մինչև բարձր ծառերը: Կարելի է ասել, որ նրանք չեն նվաճել միայն օդային տարածքը՝ չնայած որ, որոշ Հարավասիական ծառերի օձերը ծառից-ծառ այնպես են թռչում, ասես ճախրում են:

Օձերի կառուցվածքը

*Գունավորումը

Կենդանաբանական այգում օձերը մեզ շատ գունեղ են թվում, քանի որ աշխարհում կարելի է հանդիպել ծիածանի բոլոր գույներն ունեցող օձերի: Սակայն իրականում օձերն իրենց գույնով գրեթե չեն տարբերվում իրենց բնակավայրի գույնից, և նրանց նկատելը շատ դժվար է: Այսինքն նույն բնակավայրի քարայծը, նապաստակը, կաքավը և օձն ունեն նույն գույնը: Նրանք կարծես հարմարվում են շրջակայքին:

Երիտասարդ օձերն ունեն ավելի վառ գունավորում, իսկ ծեր օձերն ավելի միագույն են և խամրած:

Շատ հետաքրքիր է օձերի «շապիկափոխությունը», այսինքն մաշկի վերևի շերտի պարբերաբար փոփոխությունը: Օձերը տարեկան 2-4 անգամ փոխում են շապիկները: Շապիկը սկսվում է անջատվել գլխից և գուլպայի պես հանվում է՝ թարս շրջվելով: Առողջ օձերի շապիկը դուրս է գալիս ամբողջությամբ:

*Լսողությունը

Օձերը գրեթե խուլ են, նրանք չունեն ականջ և արտաքին լսողական անցք: Նրանք ունեն միայն ներքին ականջ, որը գտնվում է գանգի ոսկրերի մեջ: Այդ է պատճառը, որ մինչև հողը կամ օդը չտատանվի, ձայնը չի հասնի նրա լսողությանը: Նա հողի տատանումները լսում է դունչը հողին դնելով:

Հայաստանի օձերը / հայկական իժ

*Տեսողությունը

Իրականում օձերը շատ վատ են տեսնում: Դա երևում է նաև նրանից, որ հաճախ են վրիպում որսի վրա հարձակվելիս: Պատճառն այն է, որ օձի շապիկն, անցնելով գլխի վրայով, աչքերի վրա գոյացնում է թափանցիկ թաղանթ: Երբ օձը փոխում է իր շապիկը, այդ ժամանակ նա պայծառ է տեսնում, սակայն նոր շապիկը աստիճանաբար հաստանում է, հնանում, կոշտանում, և պղտորում աչքի վրայի թաղանթը:

*Հոտառությունը

Օձերն ունեն շատ զարգացած հոտառություն:

*Շոշափելիքը

Օձի շոշոփելիքի ամենակարևոր օրգանը լեզուն է: Օձը լեզուն դուրս է հանում նույնիսկ բերանը փակ ժամանակ՝ վերին ծնոտի բացվածքի միջով:

Լեզվի ծայրը երկատված է, ինչն օգնում է նրան նաև հեռավորությունների որոշման համար: Շոշափելով օդը կամ առարկաները, օձը լեզուն հետ է քաշում բերանը, որտեղ որոշում է սննդի հետքերը, ջրի աղբյուրի և այլ օձերի հեռավորությունը և այլն: Ցավոք սրտի մարդկանց մեծ մասը սխալմամբ լեզուն համարում է թունավոր: Տեսնելով լեզուն, օձին համարում է թունավոր և անմիջապես սպանում:

*Ջերմային զգացողությունը

Ի տարբերություն մարդկանց, օձերն ունեն նաև ջերմային զգացողության օրգաններ: Այդ օրգանների օգնությամբ նրանք տարածության վրա ընկալում են իրենց զոհի կամ որսի մարմնից արձակված ջերմությունը:

Օձերի շարժումները

Օձերի ալիքաձև շարժումները դիտողի վրա մեծ ազդեցություն են թողնում և գեղագիտական բավականություն պատճառում: Հարթ մակերեսների վրա, կամ, օրինակ՝ ապակու վրա, օձերը չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ ալիքաձև շարժվելու ժամանակ նրանք հենվում են հողի անհարթություններին: Ընդ որում՝ ամենաարագաշարժ օձերը շարժվում են 6-8 կմ/ժամ արագությամբ:

Հայաստանի օձերը

Այդ է պատճառը, որ օձը, մարդու ետևից ընկնելով, երբեք չի կարող հասնել նրան, որքան էլ ցանկանա, քանի որ մարդը միջին քայլքով շարժվում է 6-8 կմ/ժ արագությամբ: Իրականում օձերը երբեք չեն հետապնդում մարդկանց: Ավազներում բնակվող օձերն անցել են շարժման այլ ձևի՝ կողքային շարժման: Սա ևս շատ հետաքրքիր շարժում է:

Ի միջի այլոց, երկրագնդի բոլոր օձերն էլ, առանց բացառության, շատ լավ լողում են:

Ինչպես են սնվում օձերը

Բոլոր օձերը գիշատիչ են, նրանք սնվում են և՛ կենդանի, և՛ մահացած կենդանիներով: Օձերն իրենց զոհին երբեք չեն ծամում, այլ ամբողջությամբ կուլ են տալիս: Կուլ տալուց հետո, սնունդը հատուկ նյութերի օգնությամբ մարսվում է: Սպանված օձերից մեկի ստամոքսում հայտնաբերվել է կողք-կողքի շարված 12 մուկ:

Ցանցավոր պիթոնը կամ վիշապօձը կարող է կուլ տալ մինչև 25 կգ և ավելի քաշով զոհ:

Սակայն օձերը շատակեր չեն և կարող են շաբաթներով կամ ամիսներով մնալ առանց սննդի: Նույնիսկ կա նշված ռեկորդ, երբ օձը երկու տարի սոված է մնացել:

Հայաստանի օձերը

Թունավոր օձերը կուլ տալուց առաջ խայթում են, սպասում, որ զոհը մահանա՝ այնուհետև կուլ տալիս: Ընդ որում, ներարկված թույնը քայքայում է զոհին և օգնում, որ շուտ մարսվի: Օձերի բոլոր ատամները, բացի 2 խայթող ատամներից, խիստ թեքված են դեպի հետ և հարմարեցված են սնունդը կուլ տալու համար: Խայթող ատամները երկուսն են: Դրանք խողովակաձև են և տեղակայված են վերին ծնոտում:

Հետաքրքիրն այն է, որ երբ օձի բերանը փակ է, թունավոր ատամները պառկած են բերանում՝ սուր ծայրերով դեպի հետ:  Բերանը բացելիս՝ նրանք պտտվելով ընդունում են ուղղաձիգ կամ «մարտական» դիրք: Դա կարելի է նմանեցնել գրպանի ծալովի դանակին: Մի քանի շաբաթը մեկ, այս ատամները փոխարինվում են նորերով:

Հայաստանի օձերը

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:

Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝

  1. Գյուրզան
  2. Հայկական իժը
  3. Դարևսկու իժը
  4. Լեռնատափաստանային իժը

Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:

Հայաստանի օձերը

Փաստորեն մեր հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Անդրադառնանք Հայաստանում տարածված թունավոր օձերին.

Գյուրզա

Գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի խայթոցները հաճախ են ավարտվում մահվան ելքով: Գյուրզայի մարմինը հաստ է, երկարությունը կարող է հասնել մինչև 2 մետրի: Գլուխը խիստ եռանկյունաձև է, անկյունները՝ ուռուցիկ: Մեջքը մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված բծեր, իսկ կողքերից՝ մանր կետեր:

Գյուրզան բնակվում է կիրճերի քարքարոտ զառիթափերում, այգիներում, քարակույտերում և աղքատ բուսականություն ունեցող այլ վայրերում: Այս վայրերում նա դարանակալում է ջուր խմելու եկած թռչուններին և մանր կենդանիներին՝ մկներին, գորտերին, մողեսներին, նույնիսկ նապաստակի ձագերին:

Գյուրզա

Գյուրզան շատ է սիրում նաև խաղողի այգիները, քանի որ այնտեղի խոնավությունը և ջուրը ձգում են գորտերին, մկներին և ջրային առնետներին: Իսկ երբ խաղողը սկսում է քաղցրանալ, այնտեղ են շտապում նաև ճնճղուկները, սարյակները և այլ փոքրիկ թռչուններ, հենց այդտեղ էլ նրանց սպասում է գյուրզան:

Ամառվա շոգին գյուրզան գրեթե չի հանդիպում, քանի որ ննջում է իր բնում: Առհասարակ գյուրզան սիրում է մթությունը, և ամռանը որսի է դուրս գալիս գիշերները: Արարատյան դաշտում այգիները և ցանքերը մեծ մասամբ գիշերն են ջրում, այն էլ բոբիկ ոտքերով, ինչի պատճառով այդքան շատ են գյուրզային անզգույշ տրորելու և խայթվելու դեպքերը: Գյուրզան կենդանածին է, օգոստոսին ծնում է 10-15 ձագ:

Հետաքրքիր է, որ գյուրզայի բնակության տարածքում այլ տեսակի օձեր քիչ են հանդիպում: Ինչպես երևում է, նա իր տարածքը մաքրում է այլ տեսակի օձերից:

Հայկական իժ

Բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով: Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:

Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:

Հայկական իժ

Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ: Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր: Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք, ծնված օրվանից, կարող են խայթել և թունավորել մարդուն:

Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի հատվածում: Չնայած, այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:

Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա՝ պարանոցին մոտիկ, ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն:

Դարևսկու իժ

Դարևսկու իժը թունավոր օձ է, որը պատկանում է Իժերի ընտանիքին: Տարածված է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Հիմնականում ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր: Մարմինը հաստ է, երկարությունը 13-42 սմ, պոչը 6-8 անգամ կարճ է մարմնից: Մարմնի թեփուկները կատարավոր են և անփայլ։ Մեջքը հիմնականում լինում է մոխրագույն, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ 

Էգերը սովորաբար ավելի խոշոր են լինում քան արուները: Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում ծնում է 2-8 ձագ։

Դարևսկու իժ

Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի համար և նրանց վնասել չի կարելի: Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակների թվաքանակը և նրանց ոչնչացումն ուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը երբեք չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում կա օձ, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը:

Դարևսկու իժը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: 2004 թ –ից սկսած մշակվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով: 

Լեռնատափաստանային իժ

Ինչպես նշվեց, այս օձի թույնը մահացու չէ մարդու համար, սակայն ձիերի, ոչխարների և մանր կաթնասունների համար թույնը մահացու է: Այս օձի թշնամիներից է նաև մողեսակեր օձը, որը, չգիտես ինչու, բոլոր կերերի մեջ նախընտրում է տափաստանային իժի միսը, որին կուլ է տալիս ամբողջությամբ:

Լեռնատափաստանային իժ

Հայաստանի ոչ թունավոր օձերը 

Հայաստանի 18 տեսակի ոչ թունավոր օձերից 14-ը պատկանում են Լորտուների ընտանիքին: Սակայն ժողովուրդը լորտուին հաճախ շփոթում է առանց ոտքերի դեղնափոր մեծ մողեսի, կամ Դեղնափորիկի հետ: Պետք է հիշել, որ լորտուները ոչ թունավոր օձեր են:

Կատվաօձ

Երկար օձ է, սև խալերով: Սիրում է ապրել նաև մարդկանց տներում, ինչի պատճառով նրան անվանում են նաև Տան օձ: Ներկայումս շատ քիչ կատվաօձ է մնացել, այդ պատճառով այն գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում:

Կատվաօձ

Ջրային օձ

Հիմնականում սնվում է ձկներով և գորտերով: Այսպիսի օձերից մեկի ստամոքսից հանվել է 265 նոր կուլ տված և դեռ չմարսած ձկնիկներ:

Ջրային օձ

Ձկների հոտով շարժվում և գտնում է ցանկացած գետ, լճակ, որտեղ ձուկ կա: Ձվադրում է 6-20 ձու:

Մողեսակեր օձ

Սա երբեք չի հարձակվում, իսկ պաշտպանվելիս և նահանջելիս՝ կատաղի և սպառնագին ֆշշացնում է: Պարսիկներն այս օձին «Զահրումար» էին կոչում կամ «թունավոր օձ», քանի որ կարծում էին, որ շատ թունավոր է: Ունի սև գույն, սնվում է մողեսներով, թռչունների ձագերով և մանր օձերով՝ հատկապես տափաստանային իժերով:

Շահմար կամ Կարմրափոր սահնօձ

Շահմար պարսկերեն նշանակում է «Արքա-օձ»: Պարսիկները նրան անվանում են նաև «Ել-մար»՝ «քամի-օձ», քանի որ անհետանում է շատ արագ՝ սուրալով: Սա Եվրոպայի ամենախոշոր օձն է, երկարությունը հասնում է մինչև 2,5 մետրի: Ձվադում է 7-8 խոշոր ձու՝ մինչև 5 սմ: Գունավորումը բազմազան է, սովորաբար ոչ վառ, մոխրադարչնագույն երանգների գերակշռությամբ։

Շատ արագաշարժ, կռվարար և անվախ օձ է: Գլուխը բարձր պահած, սուր ֆշշոցով հարձակվում է և կծում: Բայց քանի որ թունավոր չէ, չի վնասում: Հետապնդելիս, եթե թաքստոց չի գտնում, շրջվում է, ցատկում մարդու վրա և կծում: Նա գյուրզայի նման թմրած և անտարբեր չէ, այլ շատ շարժուն և անհանգիստ օձ է:

Անտառներում չի հանդիպում, դրա փոխարեն հանդիպում է քարքարուտներում և ավերակներում: Իր գեղեցկության, անվախության և ճկունության շնորհիվ, ժողովուրդը նրան «Օձերի թագավոր» տիտղոսն է տվել, որն արտացոլվել է հին հեքիաթներում  և ավանդույթներում:

Այս նյութով մենք ծանոթացանք օձերի ընդհանուր բնութագրին և Հայաստանում հանդիպող օձերին: Հաջորդ նյութում կխոսենք թունավոր օձերից, նրանցից խուսափելու և խայթոցի դեպքում ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելու մասին: 

 

Նյութը կազմելիս օգտվել ենք Սպարտակ Հովհաննիսյանի նյութերից

 

Բլոգ Հայաստանի մասին