info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները

Ունենալով լեռնային բնույթ՝ Հայաստանի տարածքով հոսող գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը: Հայաստանի ջրվեժները մեծ մասամբ գահավիժող են։

Լիճքի ջրվեժ / Հայաստանի ջրվեժները

Հայաստանի ջրվեժները գահավիժող են կամ սահանքային։ Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի ջրվեժը (23 մ): Հայաստանում հանդիպում են նաև նույն գետի վրա առաջացած մի քանի ջրվեժներ՝ ջրվեժների կասկադ, օր․՝ Լիճքի ջրվեժները: Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և աշնանը:

Բողաքարի ջրվեժ

Բողաքարի ջրվեժը գտնվում է Զանգեզուրի լեռների արևելահայաց լանջերին՝ Բողաքարի արգելավայրում:

Բողաքարի ջրվեժ

Արգելավայրը ստեղծվել է 1989 թվականին: Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ:

Գեղամասարի ջրվեժներ

Գեղամասարի ջրվեժները գտնում են Գեղարքունիքի մարզում՝ Գեղամասար գյուղում։ Գեղամասարի ջրվեժներն իրենց անունը ստացել են համանուն գետի անունով, և իրենցից ներկայացնում են իրարից ոչ հեռու գտնվող, գահավիժող ու սահանքային ջրվեժների կասկադ։

Հայաստանի ջրվեժները / Գեղամասարի ջրվեժներ

Կարճևանի ջրվեժ

Կարճևանի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կարճևան գյուղի մոտակայքում:

Կարճևանի ջրվեժ / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Տեղացիները ջրվեժին Ծոր են անվանում:

Ջրահարսի վարսեր

«Ջրահարսի վարսեր» ջրվեժը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։

Ջրահարսի վարսերը / Լուս․ http://www.theiconichand.com/

Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ:

Ջրահարսի վարսերը / Լուս․ http://www.theiconichand.com/

Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Արտավանի ջրվեժ

Արտավանի ջրվեժը գտնվում է Վայոց ձորում, Արտավան գետի վրա, Արտավան գյուղից 4 կմ հարավ-արևելք։

Արտավանի ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար:

Շաքիի ջրվեժ / Լուս․ http://www.theiconichand.com/

Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ:

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա: Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք․կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով:

Թռչկանի ջրվեժ

Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում՝ մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը, առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է:

Թռչկանը հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ ամբողջովին սառչում է։

Թռչկան

Թռչկանի ջրվեժը 2008-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա:

Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Նարեի ջրվեժ

Նարեի ջրվեժը գտնվում է Արարատի մարզում, Դժոխքի ձորում, Արածո գետի ձախ վտակի վրա, բարձրությունը՝ 7 մ։ Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ:

Նարեի ջրվեժ

Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Դժոխքի ձորի բացահայտումը

Մասրուցի ջրվեժ

Մասրուցի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում՝ Մասրուց գետի վրա։ Մասրուց գետակը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և աջից միանում Ծավ գետին։ Գետի Երկարությունը 12 կմ է։ Տեղացիները ջրվեժին Չռչռ են ասում։

Մասրուցի ջրվեժ / Լուսանկարը՝ Տարոն Թադևոսյանի

Մասրուցի ջրվեժը հայտնի է նաև Ծավի ջրվեժ և Մազրայի ջրվեժ անվամբ։

Արջաջուր ջրվեժ

Արջաջուր է կոչվում քանի որ այս հեռավոր վայրում ըստ ավանդության լողացել են արջերը։

Արջաջուր ջրվեժ / Լուսանկարը՝ Վահե Աղամյանի

Արջաջուր երկհարկ ջրվեժը գտնվում է Լորուտ գյուղի մոտակայքում, Մարց գետի վտակի վրա, բարձրությունը ավելի քան 7 մետր է։

Աղավնավանքի ջրվեժ

Այս ջրվեժը հայտնաբերել ենք Շունքար լեռան արշավի ընթացքում՝ Աղավնավանք գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Ջրվեժը գտնվում է դժվար հասանելի վայրում, խիտ անտառների մեջ։

Աղավնավանքի ջրվեժ

Քարտեզի վրա նշված չի և որոշեցինք այն անվանել ուղղակի Աղավնավանքի ջրվեժ։

Քարավազի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք:

Հայաստանի ջրվեժները

Հերհերի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի վրա, համանուն գյուղից  5 կմ հյուսիս:

Հերհերի ջրվեժ

Շաղոտ ջրվեժ

Շաղոտ ջրվեժը գտնվում է Իջևանի լեռներում։ Կարելի է հանդիպել Սառցապատ լեռան վերելքի ճանապարհին։

Շաղոտ ջրվեժ / Լուսանկարը՝ Մար Պետրոսյանի

Խաչաղբյուրի կամ Լաստիվերի ջրվեժ

Գտնվում է Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա, Լաստիվերի մոտ:

Խաչաղբյուրի ջրվեժ

Լիճքի ջրվեժներ

Լիճքի ջրվեժները գտնվում ենք Սյունիքի մարզում, Լիճք գյուղից 2 կմ հեռավորության վրա, Զվար գյուղատեղիի միջով հոսող Զվարագետի վրա։

Լիճքի ջրվեժներ

Ջրվեժները եզակի են նաև նրանով, որ ջրվեժներից բարձր որևէ բնակավայր չկա և գետով հոսող ջուրն այնքան մաքուր է, որ կարող եք և լողալ և իհարկե խմել այն։ Բոլոր ջրվեժների տակ գոյացել են բնական լողավազաններ, որոնք տեղացիների ու զբոսաշրջիկների լողալու սիրելի վայրն են։ Իսկ սուր զգացողությունների սիրահարները կարող են սահել երրորդ ջրվեժի վրայով։ Ջրվեժներ այցելության, այնտեղ լողալու լավագույն սեզոնը հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներն են:

Լիճքի ջրվեժներ – Մեղրիի հրաշալիքները

Ջրվեժների մյուս խումբը գտնվում է Լիճք գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա։ Այն իրենից ներկայացնում է կիրճի մեջ իրար վրա թափվող գեղեցիկ ջրվեժների համալիր։

Լիճքի ջրվեժներ

Մեղրի գետի վրա գտնվող մյուս ջրվեժները ձգվում են ջրվեժների կասկադից գետի հունով դեպի վեր, մինչև անտառի ավարտը։

Սրտեր ջրվեժ

Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Այն Լիճքի ջրվեժներից խոշորագույնն է, և հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։

Սրտեր ջրվեժը

Շինուհայրի ջրվեժ

Շինուհայրի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Շինուհայր գյուղի մոտ, Հին Խոտ գյուղից Հին Շինուհայր տանող արշավային երթուղու վրա։

Շինուհայրի ջրվեժ

Ջրվեժ Որոտանի կիրճում

Այս ջրվեժը նույնպես գտնվում է Որոտանի կիրճում՝ Շինուհայրի ձորում։ Առաջինից ավելի ներքև։

Ջրվեժ Որոտանի կիրճում

Շառաչ ջրվեժ

Շառաչ ջրվեժը գտնվում է Տավուշի մարզում՝ Խնձորուտ գետի վրա: Գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից: Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք միախառնվում է Աղնջա գետին։

Շառաչ ջրվեժ / Տավուշ

Սառցե ջրվեժ

Այս սառցե ջրվեժը գտնվում է Ազատի կիճում։ Հայաստանի ջրվեժները ոչ միայն սահանքային ու գահավիժող են այլ նաև անշարժ։ Դրանք միայն ձմռանը գոյացող սառցե ջրվեժներն են, որոնք գոյանում են լեռների ծերպերից հոսող բարակ ջրի հոսքերից։

Սառցե ջրվեժ Ազատի կիրճում

Ամռանը նույնիսկ չի էլ նկատվում, որ ջայռի մեջից ջուր է հոսում, իսկ ձմռան ցուրտ ամիսներին կարելի է տեսնել այսպիսի տեսարան։

Աղջոց ջրվեժներ (Խոսրովի ջրվեժներ)

Խոսրովի արգելոցի տարածքում կան մի քանի ջրվեժներ, որոնցից երկուսը հայտնի են հայկական հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժներ:

Աստղիկի ջրվեժ

Աստղիկի ջրվեժ / Խոսրովի արգելոց / Լուսանկարը՝ Սիփան Գրիգի

Վահագնի ջրվեժ

Վահագնի ջրվեժ / Խոսրովի արգելոց

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Ճանապարհորդական բլոգ