info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ռանչպարների Կանչը

Ռանչպարների կանչը

Ռանչպարների կանչը

Մենք 6 տարեկան ենք

2018 թ.-ի Դեկտեմբերի 17-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը:

Մենք 6 տարեկան ենք, իսկ դա նշանակում է ավելի քան 450 արշավ Հայաստանում և Հայաստանից դուրս, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:

Այս տարվա միջոցառումն անվանել ենք “Ռանչպարների Կանչը” քանի որ այն նվիրված է Արևմտյան Հայաստանին և այնտեղ կատարած մեր էքսպեդիցիոն վերելքներին:

Ռանչպարների Կանչը

Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանի աշխարհագրությունը և բացահայտել չբացահայտվածը: Այժմ այդ առաքելությունը շարունակում ենք նաև Արևմտյան Հայաստանի տարածքում: 

Նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը ներկայացրեց նախագծի ստեղծման նախապատմությունը, ամփոփեց 6 տարիների անցած ուղին և «Մերն է» լեռնային նախագիծը, որն այս տարի հաջողությամբ ավարտեցինք:

Վանա լճի 4 գագաթները

Վանա լիճը հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից եզրավորող 4 լեռներն են Սիփանը (4058 մ), Վարագը (3200 մ), Արտոսը (3550 մ) և Նեմրութը (2935 մ): Վերջին 2 տարիների ընթացքում մենք բարձրացել ենք նշված 4 գագաթները: Միջոցառման ժամանակ, այն մարդիկ, ովքեր եղել էին Վանի 4 գագաթներին, մեր նախագծի կողմից ստացան հավաստագրեր և «Արծիվ Վասպուրականի» կոչումը:

Վանա լճի 4 գագաթները

 

Արտոս լեռան վերելքը

2018 թվականի հուլիսի 20-ին իրականացրինք էքսպեդիցիոն վերելք Արտոս լեռան գագաթ: Էքսպեդիցիան հաջողությամբ ավարտվեց, և մեր խումբը պարզեց Հայաստանի դրոշը այդ լեռան գագաթին: Այս վերելքը շատ նշանավոր էր, քանի որ վերջին 100 տարվա ընթացքում մենք առաջին հայերն էինք ովքեր ոտք դրեցին Արտոս լեռան գագաթ:

Միջոցառման ժամանակ դիտեցինք նաև Արտոսի մեր վերելքին նվիրված տեսանյութը, որի հեղինակը Սիփան Գրիգորյանն է:

Միջոցառման հատուկ հյուրերը

Մեր միջոցառման հատուկ հյուրեն էին՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնածագահ Սուրեն Դանիելյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը: Վերջինս հանդես եկավ «Արարատի վերելքների խրոնիկան» թեմայով. ովքեր և երբ են փորձել բարձրանալ Մասիս լեռը: Այնուհետև տեղի ունեցավ պատմական Շատախ գավառի մասին պատմող «Շատախ» ֆիլմի փակ ցուցադրությունը:

Շարունակելով բացահայտումների շարքը

Միջոցառման ժամանակ քննարկվեց նաև 2018 թվականի մայիսի 30-ին իրականացրած մեր էքսպեդիցիոն վերելքը պատմական Վարագ լեռան գագաթ: Այս լեռան գագաթին ևս վերջին հարյուր տարվա ընթացքում ոչ մի հայ ոտք չէր դրել, և մեր խումբը, տասնամյակներ անց, եղավ առաջինն ում դա հաջողվեց: Արևմտյան Հայաստանի տարածքում իրականացրած ցանկացած հաջողված վերելք՝ հատկապես էքսպեդիցիոն, մեզ համար մեծ հաղթանակ է, քանի որ նույնիսկ մի մանրուքի պատճառով ամբողջ ճանապարհորդությունը կարող է ձախողվել:

Վարագ լեռն ինքնին շատ գեղեցիկ էր, իսկ գագաթից բացվող տեսարաններն աննկարագրելի, մասնակիցների զգացողությունների մասին լռում եմ:

 

Տարվա ամենասպասված վերելքը

2018 թվականի ամենասպասված վերելքը Մասիսն էր: Երկար դադարից հետո վերսկսեցինք մեր արշավները դեպի ամենացանկալի լեռը: Միջոցառման ընթացքում նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանը վերելքի բոլոր մասնակիցներին Մասիսի վերելքի հավաստագրեր հանձնեց: Ապա դիտեցինք մեր վերելքին նվիրված «Փակ լեռը» ֆիլմի պրեմիերան, որի հեղինակը Սիփան Գրիգորյանն է:

Միջոցառումից հետո նախասրահում տեղի ունեցավ Սիփանի լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի թեման ևս Արևմտյան Հայաստանն էր:

Ռանչպարների Կանչը

Մեր գործունեության 6 տարիների ընթացքում հասցրել ենք բազմաթիվ բացահայտումներ անել, նորանոր բարձունքներ հաղթահարել, ավարտին հասցնել վաղուց սկսած նախագիծը, ավելի կատարելագործվել, բայց մեր ամենակարևոր ձեռքբերումը, անշուշտ, այն մարդիկ են, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով: Շնորհակալ ենք, որ հավատում և ուժ եք տալիս մեզ:

Կհանդիպենք լեռներում:

 

Նյութը՝ Հրաչուհի Այվազյանի

Լուսանկարները՝  Բաբկեն Արզումանյանի և Սասուն Դանիելյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում