info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աստղիկ Թորոսյան

Աստղիկ Թորոսյան

Աստղիկ Թորոսյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ դեղագետ եմ, աշխատում եմ “FMD K&L” կլինիկական հետազոտություններով զբաղվող ընկերությունում, որպես բժշկագիր (Medical Writer)։ Ազատ ժամանակ նկարում եմ, արվեստի ոլորտում փորձում եմ անել ինչ կարող եմ։ Պարում եմ «Արեգ» ավանդական պարի համույթում և բացահայտում Հայաստանի բնությունը Armenian Geographic-ի հետ։

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո “հարմարավետության գոտուց” դուրս գալուց

Ինձ առաջին անգամ արշավ տարան ոչ թե բնությունը կամ սարերը, այլ մարդիկ, այդ ամենով ապրող մարդիկ։ Ոգևորությունը բնությամբ և սարերով անվերջանալի շատ էր ընկերներիս շրջանում և ես չդիմացա գայթակղությանը։ Այդ ժամանակ նոր էի ազատվել առօրյաս զբաղեցնող որոշ գործերից ու որոշեցի փորձել իմ երազանքների աշխարհից ևս մի պատառիկ, չնայած հետո հասկացա, որ դա լավ էլ մեծ պատառ էր։

Գնացի… Օ՜ դա եղավ իմ միակ, անմոռանալի անհարմարավետ արշավը, նման էր փորձության, բայց ես շարունակեցի գնալ արշավների։ Այն արդարացված էր ու շարունակում է արդարացնել։ Չնայած ոտքերս թաց էին ու բաճկոնս անհարմարավետ երկար՝ չէի կարող չնկատել ճանապարհորդության վերջում մեզ անվերջ ուղեկցող, մայր մտնող արևը, որը մոտենալով իր այդ օրվա «վախճան»-ին ավելի էր շիկնում։ Ձյունը ճերմակացրել էր Երանոսի լեռնաշղթան ու Ազատի կիրճը՝ ճերմակի տակ թաքցնելով բնության տերևաթափ ու մերկ գեղեցկությունը։ Կիրճի բարձունքից դիմացի լեռնաշղթային նայելիս թվում էր՝ պեպեններով ծածկված, սպիտակամաշկ աղջկա ես նայում։ Պեպենները քարերն ու ծառերն էին, որոնք կարողացել էին ազատվել ձյունից։ Ես սարերին հաճախ եմ նմանեցնում մարդկանց՝ մեծ, փոքր, գեղեցիկ, բարի, դժվար կամ հեշտ, բայց ուժեղ, ինչպիսին դարձել են իրենց կողքին ավելի ուժեղին չունենալուց։

Աստղիկի առաջին արշավը – Ազատի կիրճ

Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Լեռան բարձունքը միակ վայրն է, որտեղից կարող ես նայել անդունդին և զգալ, որ գտնվում ես անդունդից դուրս (ոչ միայն ուղիղ իմաստով)։ Գագաթ հասնելու և խաղաղվելու ճանապարհը նման է նոր մարդու հետ ծանոթության։ Խաղաղ ես այն մարդու կողքին, ում տեսակի և հոգեվիճակի «գագաթ»-ին ծանոթ ես ու քեզ նրա մասին ամեն ինչ «տեսանելի» է… հետո, եթե գագաթին ես, ուրեմն լեռը սիրել է քեզ ու դու սիրում ես նրան։

Ո՞ւնես սիրելի մեջբերում լեռների մասին

Горы зовут тех, чья душа им по росту.

В․ Белиловский

և

Ինչ լա՜վ է գյուղում Կոմիտաս լսել,

Երբ հովը դրսից երգեր է բերում,

Երբ մթնշա՜ղ է լեռներում լուսե,

Եվ այնպես քա՜ղցր են մոտիկն ու հեռուն,

Երբ որ չգիտես, լե՞ռն է երգի մեջ,

Թե՞ երգն է ծնվում հեռու լեռներում:

Գևորգ Էմին

Ո՞ւնես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Ցանկություն ունեմ, բայց երբեք չեմ փորձի գերագնահատել հնարավորություններս։

Դիզափայտի գագաթին

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Բնությունից մեր ներսում նոր զգացումներ են կուտակվում, ինչպիսինները մենք դեռ չէինք զգացել։ Եվ բոլոր այն ճանապարհորդությունները, որոնք կարծես տարաբնույթ զգացումների խտացում լինեն, ամենաանմոռանալիներն են։ Դրանցից էր Մեծ Քիրսը։

Մի քանի ժամ թանձր մառախուղի միջով վերելքի ընթացքում, չգիտեմ, թե ինչի, համոզված՝ ասում էի, որ հասնենք արևը բացվելու է։ Դժվարին վերելքից հետո հասանք մի կետի, որտեղ ասես սաղարթախիտ թփերի միջից գլուխդ դուրս ես հանում և ի՜նչ, առջևումդ բացվում է օվկիանոսը, բայց ամպերի՝ ճերմակ ու խիտ ամպերի օվկիանոսը։ Մի պահ քարանում ես հեքիաթային, բայց այնքան իրական բնության կատարելությունից, փշաքաղվում, հետո խենթանում… (լավ իմաստով)։

Այդ ամենից քեզ ահռելի էներգիա է վերադառնում ու մոռանում ես հոգնածության, ճանապարհի, աշխարհի մասին։ Արդեն գագաթին, խմբում սովորաբար տիրող ակտիվությունը փոխակերպվել էր խաղաղության, այդ օրը լռությունը շատ էր… այդ օրը բոլորն էլ զրուցել են ամպերի հետ, ամպերի հետ խաղաղվել։

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Եթե մարդն իր մեջ կրում է գեղեցիկը, ապա վաղ թե ուշ կգնա սարեր։ Մեր մեջ եղած գեղեցիկը խնամքի կարիք ունի, իսկ բնությունը դրա լավագույն տարբերակներից մեկն է։ Պարզապես ժամանակ մի կորցրեք և հենց վաղվանից սկսեք խնամել այն։

Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.