info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սառցե ջրվեժ / Ազատի կիրճ

Ազատի կիրճ

Ազատ գետը Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Սպիտակասար լեռան հարավային լանջից՝ 3200 մ բարձրությունից: Երկարությունը 55կմ է, ջրհավաք ավազանը՝ 526 ք.կմ: Հոսում է կիրճանման հովտով: Գառնի գյուղի մոտ առաջացնում է խոր կիրճ, աջից ընդունում Գողթ վտակը: Տեղացիները Ազատ գետին անվանում են Գառնու գետ, իսկ կիրճի Գառնուն մոտ գտնվող հատվածին՝ Գառնու ձոր:

Ազատի ջրամբար

ՀՀ Արարատի մարզում՝ Ազատի միջին հոսանքում է գտնվում Ազատի ջրամբարը: Ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա: Շահագործման է հանձնվել 1976-ին: Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 630 մ, առավելագույն բարձրությունը՝ 76 մ: Սնվում է Ազատ գետից, մթնոլորտային տեղումներից և ջրհավաք ավազանում գոյացող մակերեսային և ստորերկրյա ազատ հոսքերից: Ջրերն օգտագործում են ոռոգման, ձկնաբուծության և էներգետիկ նպատակներով:

Ջրամբարի մոտ գտնվող Լանջազատ գյուղը կոչվել է Զովաշեն և տեղացիները մինչ օրս էլ Ազատի ջրամբարին ասում են Զովաշենի լիճ:

Արշավի երթուղին սկսվում է Գառնի գյուղից: Ազատ գետի հոսանքն ի վար իջնելով մինչև Լանջազատ գյուղ: Այս արշավը հնարավոր է իրականացնել ձմռան ամիսներին՝ քանի Ազատի ջրամբարը սակավաջուր է, քանի որ պետք է անցնել ջրամբարի միջով:

Վարդան պապի տունն ու ճոճվող կամուրջը

Ազատի կիրճում է գտնվում Վարդան պապի տունը, որը քաջածանոթ է արշավականներին: Ցավոք Վարդան պապու մահից հետո տունը լքված է, ցանկապատները խոնարհված և միգուցե մի քանի տարի հետո ամբողջովին ավերվի:

Դեռ պահպանվում է պապիկի սարքած ճոճվող կամուրջը, որն անցնելով ճանապարհը տանում է դեպի հանքային աղբյուր:

Ձմռան ամիսներին Ազատի կիրճում հանքային ջրերի կաթոցներից գոյանում է շատ գեղեցիկ սառցե ջրվեժ, որն էլ որպես նպատակակետ ընտրում ենք մեր արշավների ժամանակ:

Արշավներ Հայաստանում