info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Բարդող լեռ

Բարդող

Բարդող լեռ

Բարդող լեռը պարզ երևում է Արմավիրի մարզից՝ Արաքսի ափից այն կողմ: Բազմիցս հիացել ենք լեռան գեղեցկությամբ Արտենի լեռան գագաթից: Էրգիր գնալիս՝ Կարսից Բայազետ տանող ճանապարհին, բոլոր լեռներով հետաքրքրվողները հարցնում են այդ լեռան մասին: Անունն ու պատմությունը իմանալով շատերի մոտ է ցանկություն առաջանում բարձրանալ լեռան գագաթ: Սակայն այս անգամ ևս մեզ բախտ վիճակվեց լինել առաջին հայաստանցիները, ովքեր ոտք դրեցին Բարդողի գագաթին:

Էրգրի ճամփեքով

Վերելք Բարդող

Մեքենան հասնում է մինչև Ակոլուկ սարատեղի, որն այժմ ադրբեջանաբնակ փոքրիկ գյուղ է: Հավանաբար այստեղ ձմռանը մարդ չի ապրում:

Բարդողի լանջին գտնվող Ակոլուկ գյուղը

Գյուղից մինչև գագաթ մնում է ընդամենը 300 մետր հարաբերական բարձրություն, բայց դա հենց այն հեռվից երևացող ժայռոտ ու վտանգավոր հատվածն է:

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Հայկական Պարի լեռները և Արաքսի հովիտը:

Բարդող լեռ (Կողբասար)

Աշխրահագրություն

Բարդող լեռը Հայկական Պար լեռնահամակարգի հայտնի և վառ արտահայտված լեռներից է: Բարձրությունը 2562 մետր է: Ունի հրաբխային ծագում: Ջրառատ է ու ծաղկավետ:

Տարբեր ժամանակներում և տարբեր ազգերի կողմից ստացել է Բարդող, Բարդուղ, Բարթող, Բարթուղյան լեռ, Թեքելթի, Թաքալթու, Թաքյալթի, Թաքյալթու, Տակյալտու, Տակյատլու և Պերիլի անվանումները:

Սկսվում է Հայկական Պար լեռների Սինակ գագաթից հս.-արմ. և ձգվում է դեպի հս.-արլ.՝ մոտ 28 կմ երկարությամբ, վերջանալով համանուն սրածայր գագաթով:

Կողբի սարը

Բարդող լեռը հայտնի է նաև Կողբասար կամ Կողբի սար անուններով: Նրա ստորոտին է գտնվել Կողբ գյուղը, որն այժմ քաղաք է և կոչվում է Թուզլուջա (թուրք. աղի հանք): Կողբ գյուղը հայտնի է եղել կերակրի աղի պաշարներով: Հնում Կողբը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք գավառի մեջ:

Բարդող լեռ (Կողբասար)

Տեսանյութը՝ Սիփան Գրիգի

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Սիփան Գրիգի

Մարտիրոս Կողբացի

Լենկթեմուրի առաջին արշավանքի ժամանակ (1387 թ) Մարտիրոս Կողբացին գյուղի քաջերի գլուխն անցած այս լեռան վրա ամրանալով՝ հերոսական դիմադրություն է ցույց տվել բռնակալներին:

Աղի ճանապարհը

Հայաստանում աղ արդյունահանել են դեռևս հնագույն ժամանակներում: Հատկապես հայտնի են եղել Կաղզվանի, Նախիջևանի և Կողբի աղահանքերը իրենց հարուստ պաշարներով և հանույթի բարձր որակով: «Աղի ճանապարհը», որը հիշատակվում է վաղ միջնադարի հայոց գրավոր աղբյուրներում, կապված է Կողբի հանքավայրի հետ:

Կողբից ձգվել է մի բանուկ սայլուղի, որով աղ են տեղափոխել Հայաստանի տարբեր գավառներ, նաև տարածաշրջանի այլ երկրներ: Այն հենց այդպես էլ կոչվել է` «Աղի ճանապարհ», որը, ի տարբերություն հռչակավոր «Մետաքսի ճանապարհի», ոչ թե անցել է խաչմերուկ հանդիսացող Հայաստանի տարածքով, այլ սկիզբ է առել հենց նրա տարածքից, տվյալ դեպքում` Կողբ ավանից, տարածվել երկրի սահմաններից դուրս:

Սկսվելով Կողբից` «Աղի ճանապարհը» մտել է այժմյան Երվանդաշատ գյուղ, ապա Ախուրյանի ձախափնյա հովտով ձգվել Բայանդուր-Ալեքսանդրապոլ (Գյումրի) -Գորելովկա-Բոգդանովկա (Նինոծմինդա) ուղղությամբ: Այստեղ այն երկճյուղվել է` մեկը Ծալկայով ձգվել է դեպի Թիֆլիս, մյուսը Ախալքալաքով, Ասպինձայով, Ախալցխայով` դեպի Քութայիս:

«Աղի ճանապարհը» բանուկ է եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, սակայն աստիճանաբար կորցրել է իր կարևորությունը, երբ 1902թ. բացվել է Թիֆլիս-Երևան երկաթուղին: Կողբի աղը Միջագետք և այլ տարածաշրջաններ է տեղափոխվել Հայկական լեռնապարով, որի լեռնանցքներից մեկը կոչվել է Աղտո ձոր:

1921 թվականի Կարսի պայմանագրով Կողբն անցավ Թուրքիային:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ