info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի Հանրապետության կլիման

Հայաստանի կլիման

Հայաստանի կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Կլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Իրանական սարահարթի ազդեցությունը

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթայի ազդեցությունը

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

ՀՀ ամենատաք վայրերը

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։ Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (+42 աստիճան)։

ՀՀ ամենացուրտ վայրը

Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

Ջերմաստիճանային ինվերսիա

Հայաստանի Հանրապետությունում մակերևույթի հետ կապված առանձին վայրերում երբեմն ձմռանը լեռներից սառը օդը իջնում է բարձրություններով շրջապատված գոգավորությունները, որի հետևանքով ցածրադիր մասում հաճախ օդի ջերմաստիճանը լինում է ավելի ցածր, քան լեռնալանջերում։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա։ Ինվերսիան մեզ մոտ շատ լավ նկատվում է Շիրակի դաշտում։

Ջերմաստիճանային ինվերսիա

Մթնոլորտային տեղումներ

Հանրապետությունում օդի խոնավությունը բաշխված է բավականին անհավասար։ Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ տեղումները թափվում են Արագածի, Ջավախքի, Գեղամա, Զանգեզուրի և բարձրադիր մյուս լեռների գագաթամերձ գոտիներում (800-900 մմ)։ Ամենից քիչ տեղումները լինում են գոգահովիտներում և ցածրադիր հարթավայրերում, առանձնապես չորային է Արարատյան դաշտը:

Հայաստանի մթնոլորտային տեղումների տարեկան գումարը

Հայաստանի Հանրապետությունում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։

Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

Ձմռանը տեղումները թափվում են հիմնականում ձյան ձևով։ Ցածրադիր շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Դեբեդի ստորին ավազանում ձյան ծածկույթ կամ համարյա չի առաջանում, կամ շատ կարճ է տևում, սակայն բարձր լեռներում այն պահպանվում է մինչև ամռան երկրորդ կեսը, իսկ Արագածի և մասամբ Կապուտջուղի գագաթներին՝ երբեմն նույնիսկ ամբողջ տարին։ Ձնածածկույթի ամենամեծ հաստությունը լինում է հանրապետության հյուսիսային շրջաններում (երբեմն հասնում է 1-1,5 մետրի)։

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում