info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Արագած լեռը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է (4090 մ): Ձմռանը Արագած բարձրանում են հիմնականում գիշերակացով: Քարի լճի կողմից մեքենայի ճանապարհը փակ է և ամենահարմար տարբերակը Արագած գյուղից բարձրանալն է: Արագած գյուղը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան կողմում՝ ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Դա նշանակում է, որ Հյուսիսային գագաթ հասնելու համար պետք է բարձրանալ 2000 մետր հարաբերական բարձրություն: Ովքեր զբաղվում են լեռնագնացությամբ գիտեն, որ առանց կլիմայավարժեցման շատ բարդ է մի օրում հաղթահարել այդպիսի բարձրություն: Բացի այն, որ օրգանիզմի համար սթրես է, վերելքը դժվար է  նաև ֆիզիկապես և առանց պատրաստվածության ու համապատասխան փորձի ոչ ոքի խորհուրդ չէի տա փորձել սեփական ուժերը Արագածի ձմեռային վերելքով:

Մեկնարկի կետը Արագած գյուղն է

Պետք է Գեղարոտ գետի հոսանքն ի վեր քայլել դեպի Գեղարոտի ջրվեժ:

Ջրվեժը հեռվից տեսնելուց հետո պետք է թեքվել աջ և շրջանցելով Արևելյան գագաթը հյուսիսից գնալ դեպի Արևելյանի և Հյուսիսայինի թամբ:

Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Թամբ հասնելուց հետո կախված եղանակային պայմաններից կարելի է թողնել ծանր իրերը և թեթև բարձրանալ գագաթ: Նույնիսկ ամենապարզ եղանակին բնության մեջ որևէ իր թողնելիս հույսներդ մի դրեք տեսողական հիշողության վրա: Անպայման նշեք gps կոորդինատները: Վերադարձի ճանապարհին կարող է եղանակը կտրուկ փոխվել, մութն ընկնել կամ տեղանքի նմանության պատճառով հնարավոր չլինի հիշել թե որտեղ եք թողել ձեր իրերը:

Մեկ օրում գագաթ հասնելու և վերադառնալու համար վերելքը պետք է սկսել առավոտյան 4-ին: Արագած գյուղից մինչև գագաթ մոտավորապես 9-10 ժամ ճանապարհ ունեք անցնելու: Անպայման ունեցեք հավելյալ մարտկոցներ լապտերի համար, քանի որ մի քանի ժամ օգտագործելու եք մինչև լույսը բացվի, այնուհետև վերադարձի ճանապարհին մի քանի ժամ քայլելու եք լուսնի լույսի տակ:

Արագածի Հյուսիսային իրական գագաթ

Արագածի Հյուսիսային գագաթը լեռնագնացների կողմից պայմանականորեն բաժանվել է 2 գագաթի՝ իրական և կեղծ: Թամբից դեպի Հյուսիսային բարձրանալիս սկզբում հասնում ես այսպես կոչված կեղծ գագաթ, որը մոտ 10 մետրով ցածր է իրականից: Այս գագաթին ժամանակին տեղադրված էր խաչ և շատերն այստեղ հասնելով համարում էին արշավի վերջնակետ: Այս ավանդույթը նաև եկել է նրանից, որ կեղծից իրական գնացող հատվածը բարդ է ու վտանգավոր: Շատերին ձեռնտու է համաձայնվել այն մտքի հետ, որ կեղծ գագաթն էլ Հյուսիսային է և, չվտանգելով սեփական կյանքը, վերելքը համարել հաղթահարված: Եթե որոշել եք ձմռանը գնալ իրական գագաթ ուրեմն պետք է պատրաստ լինեք: Ձյան ու քամիների շնորհիվ դեպի իրական տանող ճանապարհին գոյանում է քիվ, որը դուրս է ձգվում հիմնական ճանապարհից: Ձնե քիվով քայլելը վտանգավոր է, քանի որ ցանկացած պահի կարող է փլվել: Քիվի վրայով քայլել չի կարելի: Պետք է ունենալ ապահովում:

Լուսանկարում երևում է, որ մենք գնացել ենք առանց ապահովման, քանի որ ձմռան սկիզբ էր և դեռ ձյան քիվ չէր գոյացել: Մենք այդ ճանապարհը անցել ենք նաև ամռանը և գիտեինք ինչ է սպասվում: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ առանց լեռնագնացության փորձի ու համապատասխան հմտությունների ձմռանը Արագած գնալ չի կարելի: Մի վտանգեք Ձեր և Ձեր ետևից օգնության եկողների կյանքը:

Ձմեռային վերելք Արագածի Հյուսիսային գագաթ

Վերելքին պատրաստվելուց առաջ անպայման դիմեք ոլորտից հասկացող մարդկանց՝ թողնելով նրանց մոտ Ձեր կոորդինատները և տվյալներ երթուղու վերաբերյալ:

Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ

Պարտադիր պարագաներից է նաև ձյան վրա քայլելու համար նախատեսված ձնամուճակները (снегоступы).

Արագածի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ – Արագած լեռ

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Գևորգ Հարոյանի և Հրաչ Իվանյանի
[/av_textblock]

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում