info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայաստանի ազգային փոքրամասնությունները

ազգային փոքրամասնություններ

ազգային փոքրամասնություններ

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք-կողքի: Ահա մի փոքր ակնարկ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և նրանց յուրօրինակ սովորույթների մասին:

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է: 

Եզդիները լեռներում

Գեղամա Լեռներ / Աժդահակ

Եզդիներն ունեն մի հետաքրքիր ավանդույթ, որը կոչվում է բսկ: Բսկը երեխայի մազերը առաջին անգամ կտրելու արարողությունն է շեյխի կողմից: Ծնողներն իրավունք չունեն առաջին անգամ կտրել երեխայի մազերը, դա պետք է կատարվի միայն հոգևորականի կողմից: Շեյխն աղոթում է և միաժամանակ կտրում երեխայի մազերից մի փոքր փունջ: Եզդիները մինչ օրս պահպանել են այս ավանդույթը, և շատ եզդիների տանն անց է կացվում այս արարողակարգը:

Եզդիներն ունեն նաև իրենց արգելքները․ նրանց արգելվում է վարազի միս ուտել, չորեքշաբթի օրը լողանալ և սափրվել, ինչպես նաև արգելվում է կապույտ գույնը:

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ: 

Մոլոկաններ / Լուսանկարը Vanja Celebicic -ի բլոգից

Շատ աղբյուրներում նշված է, որ մոլոկան տղամարդիկ ամուսնանալուց հետո պետք է պարտադիր մորուք պահեն: Սակայն դա այդքան էլ էդպես չէ: Կարելի է հանդիպել նաև շատ մոլոկան տղամարդկանց, ովքեր ամուսնացած չեն, բայց այնուամենայնիվ մորուք են պահում: Մորուք պահելը իրականում կապված է որոշակի հոգևոր աճի հետ: Եթե դուք հանդիպում եք մորուքով մոլոկան տղամարդու, ապա կարելի է ենթադրել, որ նա հասել է այնպիսի հոգևոր աճի, երբ իր ներքինն ու արտաքինը գտնվում են ներդաշնակության մեջ:

Մոլոկանները ամուսնանում են միայն մոլոկանների հետ: Նրանց մոտ ամուսնալուծություններն արգելվում են, դե իսկ գերդաստանի իշխանությունը պատկանում է ընտանիքի մեծ մորը, իսկ նրա մահից հետո նրա դերը ստանձնում է մեծ հարսը:

Մոլոկանները փակ և զգուշավոր համայնք են և դա համարում են իրենց ինքնության պահպանման կարևոր գործոնը:

Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն:

Էթնիկ Տուրիզմը Հայաստանում

Իրենց ազգային ուտեստը մարթուխան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և յուղ: Ասորիներն այն թխում են իրենց ամենակարևոր օրվա՝ մատուռի օրվա կապակցությամբ և բաժանում հարևաններին: Ըստ ասորիների իրենց հացն ունի զորավորի հատկություն․ երբ հղի կինն ուտում է մարթուխան այնուհետև ձեռք է տալիս մարմնի որևէ հատվածին՝  երեխան այդ հատվածում խալ է ունենում:

Հրեաներ

Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են: 

Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա: 

Հրեաների Մեզուզան

Հրեաներն ունեն նաև իրենց սուրբ հացը՝ մացան, որն ուտում են միայն զատիկի օրերին: Մացա բառը նշանակում է քամած, կամ զուրկ խոնավությունից: Իր տեսքով և համով այն հիշեցնում է նշխարհ, սակայն պատրաստվում է միայն ալյուրից և ջրից:

Հրեաները Նոր տարին տոնում են 2 օր, ըստ հրեական տոմարի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, և այդ պահից էլ սկսվում է տարվա հաշվարկը: Նոր տարուն սեղանին միշտ դնում են մեղրով խնձոր, որպիսզի տարին քաղցր անցնի:

Եղեգիս գյուղում գտնվում Իսրայելի տարածքից դուրս հայտնաբերված հրեական ամենահին գերեզմանատներից մեկը:

Հրեաների գերեզմանատուն

Բեզոարյան այծը Հայաստանում

Վերը նշված ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրն ունի իր տարբերվող և յուրահատուկ երանգը, որի շնորհիվ նոր գույներ է հաղորդում հայկական մշակույթին: Հայերը, տարիներ շարունակ ապրելով նրանց հետ, ընդունել են ազգային փոքրամասնություններին, վերջիններս էլ տարիների ընթացքում հարմարվել են հայկական կենցաղին՝ միևնույն ժամանակ չկորցնելով իրենց ազգային դիմագիծը:

Ազգային փոքրամասնությունները կարող են նաև կարևոր խթան հանդիսանալ Հայաստանում էթնիկ տուրիզմի զարգացման համար:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին