info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ֆելիքս Քոչարյան

Ֆելիքս Քոչարյան

Ֆելիքս Քոչարյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, աշխատում եմ երևանյան ՏՏ ընկերություններից մեկում։

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց

Համալսարանն ավարտելու առթիվ ընկերներով որոշեցինք բարձրանալ Արագածի 4 գագաթներից ամենաբարձրը՝ հյուսիսային գագաթը, ու այդ ձևով նշել մեր համալսարանական տարիների ավարտը։ Դա իմ առաջին «լուրջ» արշավն էր։ Չնայած 13 ժամ քայլելը հոգնեցուցիչ էր, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ։ Դրանից հետո որոշեցինք գոնե ամիսը մեկ անգամ մասնակցել լեռնային արշավների։ Իսկ ինչ վերաբերում է հարմարավետությանը, իմ դեպքում այդպիսի խնդիր չի եղել, քանի որ մանկությունս գյուղում է անցել, իսկ զինվորական ծառայությունս՝ սարեր-ձորերում։

Քասաղի կիրճ

Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Նախ և առաջ, արշավներն ինձ համար Հայաստանն ավելի լավ ճանաչելու միջոց են, լինի լեռնային արշավ, թե քայլարշավ: Եվ հետո, բնությանը մոտ լինելը միշտ էլ հաճելի է։ Բացի դրանից՝ լեռներում ես ինձ ուժեղ եմ զգում։ Լեռ բարձրանալը լեռան հետ ընկերանալու պես բան է. եթե կարողացար բարձրանալ, ուրեմն լեռը քո ընկերն է, ու դու ինքնըստինքյան ավելի ուժեղ ես դառնում` նրա պես ուժեղ ընկեր ունենալով։ Ամեն անգամ բարձրացածս լեռը հեռվից տեսնելիս հաճելի զգացողություն եմ ունենում, կարծես հին ընկերոջս տեսած լինեմ։ Երևի լեռներ բարձրանում եմ, որպեսզի ընկերանամ նրանց հետ։

Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին

Ամենագեղեցիկ տեսարաններն ամենադժվար վերելքներից հետո են բացվում։ Սա կարելի է հասկանալ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։

Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Մյուս տարվա ընթացքում շատ եմ ուզում Արևմտյան Հայաստանում գտնվող որևէ լեռ բարձրանալ։ Դեռ հստակ չի, թե ո՛ր մեկը կլինի։

Կազբեկ

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Ամենահիշարժաններից մեկը, անկասկած, Մեղրիում եռօրյա արշավն էր։ Նախ, Հայաստանի հարավում նախկինում երբեք չէի եղել, և այն, ինչ տեսա, ինձ համար մեծ բացահայտում էր (Լիճք գյուղի վերևում գտնվող ջրվեժների կասկադի մասին չէի էլ լսել)։ Մյուս հաճելի զգացողությունը մեկ արշավի ընթացքում այդքան շատ հրաշալի մարդկանց հետ ծանոթանալն էր։ Նրանց մեծ մասը մինչև հիմա իմ ընկերներն են։

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Ուղղակի խորհուրդ կտամ համարձակություն գտնել ու փորձել։ Գեղեցիկ տեսարաններից բացի, արշավները մարդուն կարևոր հմտություններ են տալիս, որ ուրիշ ոչ մի տեղ ձեռք չես բերի:

 

Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.