info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գևորգ Հայրապետյան

Գևորգ Հայրապետյան

Գևորգ Հայրապետյան

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Մասնագիտությամբ բանասեր եմ՝ անգլերեն ու ռուսերեն լեզուների մասնագետ, այժմ աշխատում եմ որպես թարգմանիչ։

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

2016թ. սեպտեմբեր ամսին էր… Պատահաբար Facebook-ում տեսա Մեծ Քիրս վերելքի ArmGeo-ի իվենթը, ու արմատներով լինելով արցախցի, ես միշտ մտածել ու ցանկացել եմ բարձրանալ այդ լեռը, ուղղակի գրանցվեցի… Դա իմ կյանքի առաջին վերելքն ու արշավն էր։ Ամեն ինչ անցավ ուղղակի հիանալի… Թե՛ վերելքը, թե՛ մթնոլորտը խմբում, թե՛ մարդիկ՝ ամեն ինչ շատ լավ էր, ու, ոնց-որ ասում են՝ լրիվ սրտովս էր… Ու, չնայած, «կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ» խոսքերը իմ երևի թե ամենասիրված կարգախոսն են ճամփորդությունների վերաբերյալ, և այդ արշավն ու վերելքը դա ևս մեկ անգամ հաստատեցին, տվյալ պարագայում իմ համար այդ «որտեղն» էլ էր կարևոր։ Եվ, իհարկե, երբ առաջինն ինքդ քեզ հաղթահարելով հասնում ես գագաթ, հենց այդ զգացմունքն ինքդ քո հանդեպ, քո թուլության հանդեպ կրած հաղթանակի, իմ համար շաաաատ հաճելի էին։

Գևորգ Հայրապետյան

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Ավելի լավ սկսեցի ճանաչել մեր երկիրը, նրա պատմությունն ու աշխարհագրությունը և, իհարկե՝ մարդկանց… Ծանոթացա և ընկերացա այնպիսի մարդկանց հետ, ում հետ ինձ հաճելի է ճանապարհ գնալ, ժամանակ անցկացնել միասին, նրանցից նոր բաներ սովորել, իմանալ ու ճանաչել մեր երկիրը։ Միգուցե կրկնվում եմ բայց իմ համար ամեն տեղ առաջնայինը մարդկային գործոնն է… Եթե այդպես նայես՝ սարեր, անտառներ, լճեր, ձորեր, գեղեցիկ բնություն… շատ տեղեր կան, բայց անձամբ իմ համար այն, ինչ դարձնում է այդ ամենն անկրկնելի, այն մարդիկ են, ում հետ դու դա կիսում ես… Այս պարագայում իմ բախտը, կարելի է ասել, բերել է, որ ես հանդիպել եմ նման մարդկանց։

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Ինքս ինձ ու իմ հնարավորությունները փորձելու հնարավորություն, բնությունից ու այդ լեռներից լիցքավորվելու հնարավորություն։

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Որպես գրեթե 40 տարեկան, բայց մանկուց Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների տակ մնացած մարդ, կարող եմ հաստատ ասել, որ՝ այո։ Պլյուս՝ կարող եմ առանձնացնել Մորիս Հերցոգի «Անապուռնա»-ն և Տուր Հեյրդալի «Կոն-Տիկի։ Ռա»-ն, ու, չնայած վերջինը, մեղմ ասած, այդքան էլ լեռների մասին չի, սակայն դա այն ստեղծագործություններից է, որն իմ մեջ միշտ արթնացրել է ճամփորդելու ու արկածների ցանկություն։

Գևորգ Հայրապետյան

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

Կուսանաց։ Դժվարանում եմ կոնկրետ ինչ-որ բան առանձնացնել, թե հենց ինչն էր տպավորիչ։ Մենք առաջինն էինք, որ որպես խումբ բարձրացանք Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Իր լանջերի տեսքը, որ բացվում էր Մեյդան կոչված վայրից, ճանապարհը, որը բավական դժվար ու երկար էր, գագաթին հասնելու հաճույք..․Ամեն ինչն էլ տպավորիչ էր իմ համար։

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Պատասխանեմ իմ սիրած արտահայտությամբ՝ կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ։

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Բավարարվածություն, հանգստություն ու ափոսոսանք/ինքնափնովում (ինչ եմ անում ես այստեղ, հոգնած, արևահարված, քրտնած՝ կիրակի առավոտյան, երբ ես շատերի նման կարող էի քնած լինել կամ նոր զարթնել և վայելել իմ սուրճը կամ թեյը, և որը առաջանում է, երբ գագաթին հասնելուն մնում է մի քանի տասնյակ մետր (հարաբերական) և անհետանում, երբ հասնում ես գագաթին:

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Ճամփորդությունների, իրենց երկիրը ճանաչելու, գնահատելու և, ինչու ոչ, արկածներ փնտրելու մոլուցքով տառապող մարդիկ են։

Գևորգ Հայրապետյան

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)

Ինձ թվում է՝ նախորդ հարցերին պատասխանելիս արդեն այս հարցին էլ եմ ինչ-որ չափով պատասխանել։ Հենց առաջին արշավից ինձ «զգացի ինչպես տանը», ինչը, միգուցե, ArmGeo-ի այլ անդամների այդքան էլ սրտով չէր՝ հաշվի առնելով առավոտյան վերկացները գիշերակացով արշավների ժամանակ։ Իսկ եթե մեկ բառով՝ մարդիկ։ Ասեմ ավելին, մինչ այսօր արշավել եմ միայն ArmGeo-ի հետ։

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Ուղղակի վեր կենալ և գնալ։ Կորցնելու ի՞նչ ունեն։ Դուրները կգա՝ կշարունակեն, ոչ՝ կվերադառնան իրենց առօրյա կյանքին։

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.