info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գուին Դալերան՝ Հայաստանի բարձունքներում

Գուին Դալերա

Գուին Դալերա

«Լեռները տալիս են ԱՊՐԵԼՈՒ չգրված օրենքների գաղտնաբառերը»,-Armenian Geographic-ի հետ զրույցում ասաց Գուին Դալերա (Guin Dalera) անունով վլոգերը:

Գուին Դալերան այս տարի միացել է Armenian Geographic-ին ու արշավում է մեզ հետ՝ բացահայտելով Հայաստանի լեռներ: Վլոգերի յութուբյան ալիքը պատմում է Հայաստանի տեսարժան վայրերի, լեռների ու մշակույթի մասին: Նա շրջում է Հայաստանով ու իր ուղևորությունների մասին տեսանյութեր պատրաստում անգլախոս լսարանի համար:

Գուին Դալերա

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը

Մինչև համավարակը նա աշխատում էր որպես մշակութային գիդ, ու, ասում է, միշտ ունեցել է նման գաղափար իրականություն դարձնելու ցանկություն. «Իմ հետևորդները դեռ շատ չեն, բայց աշխարհի տարբեր անկյուններից են, ինչը գիտակցելը շատ հաճելի է: Այդ գաղափարը միշտ եղել է, պարզապես ժամանակ ընդհանրապես չի եղել: Ես միշտ պատկերացնում էի այդ գաղափարն իրականացնել կրոնից, եկեղեցիներից դուրս, ու այն գրեթե անհնարին էր թվում, քանի որ իմ ամբողջ տարվա զբաղվածությունը եկեղեցիներով պտույտը և հյուրերին եկեղեցիները ներկայացնելն է: Այսինքն՝ մեր տուրերում հիմնական տեսարժան վայրերը եկեղեցիներն են, իսկ ես չէի ուզում աշխարհին այդպես ներկայացնել Հայաստանը: Այո, Հայաստանը կրոնական երկիր է, բայց անընդհատ եկեղեցիներով շրջել ու հոլովակներ անել եկեղեցիների մասին, այն չէր, ինչ ես էի ուզում: 2020-ի համաճարակն ինձ լրիվ ազատեց իմ աշխատանքային գրաֆիկից, ես մնացի բացարձակ պարապ, ու որոշեցի իրականացնել այն, ինչ վաղուց մտածել էի»:

Գուին Դալերա

Մենք հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում ի՞նչ է բացահայտել Հայաստանի մասին ինքն իր համար: Ի պատասխան՝ Գուին Դալերան ասաց, որ Հայաստանը բացահայտված էր իր համար, բայց էմոցիոնալ ու զգայական առումով բացահայտված չէր. «Ես բացահայտեցի ինքս ինձ Հայաստանում ու այն, ինչ ես զգում եմ՝ լինելով Հայաստանում: Ես միշտ ասում եմ, որ ես 10 տարի միշտ տեսնում էի Հայաստանը, և 2020-ին սկսեցի վայելել Հայաստանը, սկսեցի վայելել ինքս ինձ Հայաստանում ու սկսեցի վայելել Հայաստանը բարձրախոսից ու Հայոց պատմությունից այն կողմ»:

Ի՞նչ են մարդիկ գտնում Հայաստանում

Վլոգերի դժվարանում է կարճ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ մարդիկ այլ երկրներից պետք է գան Հայաստան, քանի որ կարող է ժամերով խոսել այդ մասին. «Մարդկանց իրոք դժվար է բացատրել, թե ինչու գան Հայաստան, որովհետև Հայաստանը զգացողությունների մասին է, Հայաստանում լինելը զգացողությունների փորձառություն է, և փորձել բացատրել մարդկանց այդ զգացողությունները՝ գալով Հայաստան, դժվար է, քանի որ դրանք անհատական են ամեն մեկի համար: Հայաստանը խոհանոցի մասին չէ, մարդկանց մասին չէ, լեռների մասին չէ, Հայաստանն ավելի խորն է: Միայն սրանք չեն, որոնց տեսնելու համար պետք է մարդիկ գան Հայաստան: Հայաստանում լինելն ավելի խորքային է, և անհրաժեշտ է ունենալ Հայաստանում լինելու փորձառություն»:

Գուին Դալերա

Գուին Դալերան նկատել է, որ հաճախ մարդիկ գալիս են Հայաստան, երբ այլևս աշխարհում տեղ չի մնում, որ նրանք լինեն, ու սովորաբար Հայաստանը նրանց 76-րդ, 89-րդ կամ 126-րդ երկիրն է, որ այցելում են. «Սրանք ռեալ թվեր են, որոնք ես իմ անձնական ստատիստիկայի համար հարցնում եմ հյուրերից: Սակայն երբ նրանք գալիս են Հայաստան, միշտ վերջում լինում է նմանատիպ մի արտահայտություն՝ «աշխարհը, հնագույն քաղաքակրթությունները, մշակույթը ճանաչելու համար Հայաստանն այն երկրներից է, որից պետք է սկսել ճամփորդությունն ամբողջ աշխարհով մեկ»»:

Նա գտնում է՝ Հայաստան պետք է գալ մարդկանց հետ ընկերանալու համար, որպեսզի հասկանան՝ ինչ է նշանակում ընկերությունը, բարեկամությունը. «Պետք է գալ ու մնալ Հայաստանում և զգալ ընկերների, բարեկամների ջերմությունը, ի սրտե շփումը: Հայաստան պետք է գալ լեռնաշխարհի համար, որպեսզի ունենան այդ տեսարանները, 7 սար այն կողմ հեքիաթը կարողանան զգալ: Խոհանոցի մասին էլ չեմ խոսում, որովհետև սնունդը Հայաստանում շատ օրգանական է, այստեղ մարդիկ զգում են մթերքի համը:

Թվում է, թե մենք շատ աղքատ ենք համեմունքների մեջ, այսինքն՝ շատ քիչ համեմունքներ ենք օգտագործում մեր խոհանոցում, սակայն շատ մարդկանց համար դա ուղղակի դրախտ է, քանի որ նրանք զգում են կերակուրի իրական համը, ու սա շատ կարևոր է մեր հայկական խոհանոցի մեջ: Մեր խոհանոցն իրականում շատ հարուստ է, ու թող ոչ մեկ չթերագնահատի այն: Հյուրերը շատ են սիրում մեր խոհանոցը, բնությունը, մարդկանց, մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը, ամեն ինչն են սիրում Հայաստանում»:

Հայաստանից հեռանում են՝ արցունքն աչքերին

Գուին Դալերան ասում է, որ նկատել է, որ Հայաստան եկած հյուրերը հեռանում են այստեղից շատ հուզված ու տպավորված. «Մարդիկ մշակութային շոկ են ապրում, չեն սպասում, որ Հայաստանը, լինելով այսքան փոքր, կարող է լինել այսչափ բազմազան, հարուստ, հոգևոր, և դա միայն կրոնի մասին չէ: Նրանք իրենց զգում են հարազատացած Հայաստանի հետ, ու շատերը լքում են արցունքներով, որովհետև կապվում են Հայաստանի հետ, մարդկանց հետ, մի տնային տնտեսուհու հետ, որը նրանց ընդամենը մի անգամ ճաշ է մատուցել: Ես ունեմ շատ օտարերկրացի ծանոթներ, ովքեր պարզապես սիրահարվել են Հայաստանին, լեզվին, մարդկանց, տեղափոխվել են այստեղ, սկսել են ապրել այստեղ ու վայելել Հայաստանն իր բոլոր թերություններով հանդերձ»:

Գուին Դալերա

Խոսելով այն մասին, թե ինչու սկսեց նաև արշավների միջոցով բացահայտել Հայաստանը՝ վլոգերը նշեց, որ պարզապես նրան մնացել էր Հայաստանը բացահայտելու հենց այդ միջոցը. «Բայց շատ կասկածամիտ եմ եղել, արշավականներին միշտ նայել եմ նախանձով, նրանք թվում էին այն ամենակարողները, որ կարող են բարձրանալ լեռներ, իսկ ես շատ թույլ եմ դրա համար: Այս տարի կոտրվեցին բոլոր կարծրատիպերն ի շնորհիվ իմ արշավական ընկերների, ովքեր վստահեցնում էին, որ «դու կարող ես, արի, փորձի, հաստատ կարող ես», ու այդպես ինձ տարան լեռներ, ու ես համոզվեցի, գնացի լեռներ ու կոտրեցի իմ անկարողության կարծրատիպերը»:

Հայաստանը՝ վերևից

Գուին Դալերայի խոսքով՝ արշավային կյանքը շատ հետաքրքիր զգացողություններ է տալիս, որոնք դու բաց ես թողնում՝ ապրելով քաղաքում. «Շատ հետաքրքիր էմոցիաներ են առաջանում, երբ այդ ամենն ապրում ես լեռներում ու հասկանում ես, որ դու այդքան ժամանակ բաց ես թողել դրանք: Կարծում եմ՝ ամեն մարդու արշավային կյանքը տալիս է ինքնադրսևորման, ինքնաարտահայտման նոր ձևեր, ու դա թևավորում է, երջանկացնում է, մարդը զգում է ազատ, անկախ, առանց կապանքների: Բարձրանալով լեռներ՝ թվում է, թե դու ճախրում ես, սլանում ես լեռան գագաթ, ազատ ես այդ արծիվների նման, որ ճախրում են բարձունքներում:

Արշավ ArmGeo-ի հետ

Դա ուղղակի անհնար է զգալ՝ քաղաքում ապրելով, դրա համար պետք է գնալ լեռներ, որ մարդ կարողանա ունենալ այդ ներքին ազատությունը: Խոսքը մեքենաների, սրճարանների, քաղաքային այլ սահմանափակումների մասին չէ, որոնցից մենք ազատվում են: Դա ուրիշ  զգացողություն է, ներքին կապանքների ազատությունն է, երբ դու մնում ես ինքդ քո հետ, սկսում ես ինքդ քեզ հասկանալ, քեզ ու զգացողություններդ բացահայտել, ինքնաարտահայտվել, հասկանալ, որ քո մեջ կա մի տեսակ, որին չէիր ճանաչում մինչև լեռները, ու այդ տեսակը իրականում շատ լավն է, բարի, հավասարակշռված, ուժեղ ու ինքնահաստատված: Հնարավոր է՝ այդ տեսակը շատ ընկճված լինի քաղաքում, բայց լեռներում այն սկսում է գլուխ բարձրացնել»:

Անդրադառնալով արշավային սիրելի ուղղություններին՝ վլոգերն ասաց, որ ինքը սկսնակ է այս ոլորտում, սակայն կարող է ասել, որ իր համար գեղեցիկ ու սիրելի են այն վայրերը, որտեղ կան լեռնային լճեր:

Արշավային կյանքը

Ըստ Գուին Դալերայի՝ շատ դժվար է առանձնացնել հետաքրքիր դրվագներ արշավներից, քանի որ ամբողջ արշավը էմոցիաների, զգացողությունների հրաբուխ է. «Երբեմն գագաթ հասնելն այն կարևոր դրվագը չէ, որ դու հիշում ես արշավից, ամենակարևորը քո արշավական ընկերների հետ անցկացրած ժամանակն է, էմոցիաներն են, սերն ու զգացողություններն են, որ դուք ապրում եք իրար հետ: Ճիշտ արշավական ընկերը լեռ արժի: Մարդիկ լեռներ արժեն, ովքեր քո հետ արշավում են ու կիսում են քո մտքերը, գաղափարներն ու զգացողությունները»:

Գուին Դալերա

Վլոգերը Հայաստան այցելողներին խորհուրդ է տալիս այստեղ լեռներ բարձրանալ. «Երբ գալիս ես Հայաստան, բացի թանգարանների այցելությունից, որտեղ դու ծանոթանում ես մշակույթին ու այդ երկրի պատմությանը, շատ կարևոր է Հայաստանը տեսնել հենց իր բարձունքներից: Ամեն նոր սովորած պատմություն, նոր ծանոթացած մշակույթ, մարդիկ, փորձած կերակուր ամբողջական են դառնում Հայաստանի լեռներում: Տեսնելով այդ լեռնաշղթաները, որ իրար գույներով հաջորդում են՝ սկսում ես հասկանալ Հայաստանի հոգին, ու այլ ձև ընկալել այն ամենը, ինչին ծանոթացար: Հայաստանի լեռները, տեսարանները լիարժեք են դարձնում ամեն ինչ: Ես ինքս՝ որպես սկսնակ արշավական, սկսեցի հավատալ  հեքիաթների, որովհետև ես միշտ ասում եմ՝ երբ ես նստում եմ որևէ լեռան գագաթին ու իմ առաջ տեսնում եմ 7 լեռնաշղթաները, հավատում եմ, որ այդ 7 սար այն կողմ հեքիաթը գոյություն ունի, ու դա շատ անուշ զգացողություն է»:

Գուին Դալերան նայում ու Հայաստանն աշխարհին ցույց է տալիս բարձունքներից՝ այսպիսով բացահայտելով ինքն իրեն ու իր աշխարհը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին