info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավային լապտեր

արշավային լապտեր

Արշավային լապտեր

Լապտերն, ինչպես դեղատուփը, պետք է երբեք չբացակայի ուսապարկից: Միշտ շեշտում ենք, որ անգամ եթե արշավը չի տևելու մի ամբողջ օր, անհրաժեշտ է ունենալ արշավային լապտեր, քանի որ միշտ կարող է չնախատեսված դեպք տեղի ունենալ և ստիպված լինենք մութն ընկնելուց հետո դեռ երթուղու վրա լինել:

Լապտերները կարելի է բաժանել երեք տեսակի.

Ձեր գլխվոր լապտերը պետք է լինի ճակատային: Այս լապտերները հարմար են, քանի որ ձեր ձեռքերը մնում են ազատ, իսկ լույսը միշտ ուղղված է լինում անմիջապես ձեր դիմաց:

Կարելի է ունենալ ևս մեկ՝ լրացուցիչ ձեռքի լապտեր՝ որոշ աշխատանքներ իրականացնելու համար, սակայն այն պարտադիր չէ: Դե իսկ ճամբարային լապտերները մեծ սարքավավորումներ են, որոնք նախատեսված են անշարժ ճամբարների համար: Նրանք ավելի մեծ են, ծանր և նպատակահարմար չեն ուսապարկում պահելու համար:

Ճակատային լապտերների չափորոշիչները

*Հզորություն

Չափվում է լյումեններով (lumen), որքան շատ՝ այնքան լավ: Սակայն պետք է հիշել, որ հզոր լապտերներն ավելի շատ էներգիա են ծախսում և արագ լիցքաթափվում: Սովորական արշավների համար 200-300 լյումեն հզորությունը լիովին բավարար է: Հնարավորության դեպքում կարող եք ավելի հզորն ընտրել, սակայն այն ավելի թանկ կլինի: Լույսի հզորությունը կախված է մարտկոցի մեջ եղած լարումից: Այդ իսկ պատճառով մարտկոցի լիցքաթափման հետ միասին ընկնում է նաև լույսի պայծառությունը: Ժամանակակից լապտերներն ունենում են էլեկտարէներգիայի կարգավորման համակարգեր, որի շնորհիվ լապտերը տալիս է կայուն, միջին հզորության լուսավորում՝ անկախ մարտկոցի լիցքից:

Արշավային լապտեր

Լապտերները հիմնականում ունեն լուսավորման երեք ռեժիմ՝ ուժեղ, թույլ և ստրոբասկոպ՝ թարթող լույս, որը պետք է գալիս նշան տալու, ձեր տեղը նշելու համար, օրինակ, երբ պետք է փրկարարների ուշադրությունը գրավել:

*Լույսի շթի հեռավորություն

Այս չափորոշիչը կախված է լապտերի հզորությունից, բայց ավելի հզոր չի նշանակում, որ լապտերը պարտադիր պետք է ուժեղ, կենտրոնացված լույսի շիթ գցի դեպի հեռուն: Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե առավելագույնն ինչ հեռավորության վրա է լապտերը ապահովում նվազագույն տեսանելի լուսավորում: Բայց միշտ չէ, որ հեռահար լույսի անհրաժեշտություն է լինում: Անհրաժեշտ է ունենալ լայն, ցրված լույս՝ ոտքերի տակ տեսնելու, քարտեզը լուսավորելու, ճամբարում որևէ աշխատանք կատարելու կամ վրանում լուսավորություն ապահովելու համար: Եթե լույսը լինի կենտրոնացված մի կետի վրա, ապա դուք չեք կարողանա լուսավորել ողջ տարածքը և ուժեղ լույսով կկուրացնեք ձեզ և ձեր կողքին գտնվող մարդկանց:  Այս խնդրի համար ժամանակակից լապտերներն ունենում են լուսավորման մի քանի ռեժիմ՝ մոտիկ, հեռահար և համակցված:

Արշավային լապտեր

Բարձր կարգի լապտերներն, ինչպես  Petzl-ը կամ Black Diamond-ը, ունեն խելացի համակարգ, որը, կախված գլխի դիրքից, ավտոմատ փոխում է լուսավորման տեսակը: Ալպինիզմի, երկարատև թրեքինգների ժամանակ ուժեղ, հեռահար լույսն անհրաժեշտություն է, իսկ համակցված տարբերակը հիմնական օգտագործվողն է:

Չինական լապտերներն ունենում են կիզակետի հեռավորությունը կարգավորող ոսպնյակ, որն աշխատում է լուսանկարչական սարքի խոշորացուման նման: Սա առավել պարզ տարբերակ է, և կարելի է ճշգրիտ կառավարել լույսի ուղղությունը: Սակայն սա հնացած տարբերակ է: Այն ծանր է լինում, լույսը հեռվում կորցնում է իր ուժը, իսկ ոսպնյակը հարվածներից կոտրվում է: Այսպիսի լապտերներ վաճառում են ցանկացած որսորդական խանութում և տարբեր տոնավաճառներում: Ընտրեք այսպիսի տարբերակ, եթե ձեզ պետք է բյուջետային տարբերակ: Սակայն հնարավորության դեպքում ընտրեք մասնագիտացված ընկերությունների լապտերները, որոնք ավելի որակյալ են, հարմարավետ և ունենում են տարբեր լրացուցիչ գործառույթներ՝ մշակված հատուկ արշավականների և լեռնագնացների համար:

Արշավային լապտեր

*Քաշ

Ինչքան թեթև, այնքան քիչ հնարավորություններ և հակառակը: Եթե երկարատև մի քանի օրանոց թրեքինգների չեք մասնակցելու, ապա նախապատվությունը տվեք պարզ մոդելներին: Իսկ առավել բարձրակարգ մոդելների մասին դեռ կխոսենք:

*Սնուցման տեսակ

Լինում են վերալիցքավորվող և մեկանգամյա օգտագործման AA կամ AAA տեսակի մարտկոցներով: Թեև վերալիցքավորվողներն առավել երկար են աշխատում մեկ լիցքով, և կարիք չի լինում անընդհատ գնել նոր մարտկոցներ, սակայն լեռներում այն վերալիցքավորելը կարող է խնդիրներ առաջացնել: Այդ իսկ պատճառով  նախընտրելի է վերցնել մեկանգամյա օգտագործման մարտկոցներով տարբերակը և մի քանի  պահեստային մարտկոց:

Ավելի թանկ մոդելներում լինում են այս երկուսի համակցումով տարբերակները: Օրինակ Petzl-ն ունի լապտերներ, որոնք սնուցվում են ստանդարտ AA տեսակի մարտկոցներով և հատուկ Core վերալիցքավորվող մարտկոցով: Նաև տարբերվում են մարտկոցների տեղադրությամբ: Հանդիպում է, որ մարտկոցները լապտերի հետ մեկ ընդհանուր հատվածում են լինում և առանձին արտաքին բլոկով, որը ամրանում է գլխի ետևում: Առաջին տարբերակը թեթև է և շատ տեղ չի զբաղեցնում:

Արշավային լապտեր

Իսկ երկրորդն էլ հարմար է նրանով, որ քաշը հավասարաչափ բաշխվում է գլխի վրա, ունենում է ավելի տարողունակ մեծ մարտկոց: Արտաքին բլոկը կարելի է նաև տեղադրել բաճկոնի կամ ուսապարկի ներսում, ինչով այն պաշտպանված կլինի ցրտից և շուտ չի լիցքաթավի:

*Պաշտպանվածություն

Լապտերները լինում են խոնավությունից, ջրից և փոշուց պաշտպանությամբ: Պաշտպանվածության մակարդակը չափվում է IPX չափորոշիչով: Պարզապես հիշեք՝ որքան մեծ է թիվն, այնքան ավելի լավ է պաշտպանված լապտերը: Այսինքն IPX1-ը կպաշտպանի ջրի կաթիլներից, IPX4-ը կպաշտպանի անձրևից, լապտերի վրա ջուր լցնելուց, իսկ IPX-7 մակարդակի լապտերը կարելի է ընկղմել ջրի մեջ՝ մինչև 1- 1.5 մետր խորությամբ, 30 րոպեով: Թրջվելու դեպքում ցանկալի է անջատել լապտերը, հանել մարտկոցը և չորացնել օդափոխվող տարածքում, բայց ոչ արևի անմիջական ճառագայթների տակ:

*Կարմիր լույս

Որոշ լապտերներ ունենում են լրացուցիչ կարմիր գույնի լույս: Քանի որ կարմիր գույնի լույսն ամենաերկար ալիքներն ունի և տալիս է կայուն և հանգիստ լույս՝ այն շատ հարմար է վրանի ներսը լուսավորելու համար:

Արշավային լապտեր

Կարմիր լույսը չի կուրացնում և չի ցավեցնում աչքերը, տալիս է կայուն և ցրված լույս: Այն հարմար է նաև գիշերը կենդանադիտարկում անելու համար, քանի որ կենդանիների մեծ մասը չեն տեսնում կարմիր գույնը:

Ամփոփելով ողջ հոդվածը՝ կարող ենք ասել, որ եթե դուք հազվադեպ եք գնում արշավների, չեք իրականացնում բարդ վերելքներ, կամ մի քանի օրանոց թրեքինգներ, ապա պետք չէ երկար մտածել: Ընտրեք մատչելի տարբերակ, որը կապահովի կայուն 100-200 լյումեն հզորության լույս և փոխվող մարտկոցներ: Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս ընտրել հայտնի մասնագիտացված ընկերություններից և զերծ մնալ անհայտ ծագման լապտերներից, քանի որ դրանց վրա գրված տեխնիկական հատկությունները հիմնականում ճիշտ չեն լինում, դետալները ցածրորակ են, իսկ լուսադիոդը շուտ շարքից դուրս է գալիս:  Մարտկոցներն ավելի շուտ են նստում, քանի որ էլեկտրաէներգիայի ծախսն օպտիմիզացված չի լինում և մի շարք նմանատիպ թերություններ:

Արշավային լապտեր

Պարզ, բայց որակյալ լապտերն օնլայն խանութներում միջինում արժենում է 10-12.000 դրամ: Եթե դուք արդեն փորձառու արշավական եք, կամ պատրաստվում եք այդպիսին դառնալ և ավելի հաճախ եք գնում արշավներ, ավելի երկարատև, բարդ երթուղիներ եք ընտրում, ապա մեծ է հավանականությունը, որ դուք երկար ժամանակ քայլելու եք մթով: Այդ պատճառով պետք է ընտրեք ավելի բարձր կարգի արշավային լապտեր, որը կունենա լրացուցիչ ֆունկցիաներ, ավելի հզոր լույս և մարտկոց:

Եվ հիշե՛ք մի կարևոր բան․

լապտերն, ինչպես զենքը, պետք է լինի ձեռքի տակ, միշտ լիցքավորված և պատրաստ աշխատանքի: Միշտ ունեցեք պահեստային մարտկոցներ, արշավից տուն վերադառնալուց հետո ստուգեք մարտկոցի լիցքը և անհրաժեշտության դեպքում փոխեք կամ վերալիցքավորեք այն: Եվ երբե՛ք, կրկնում ենք, երբե՛ք մի հանեք լապտերն ուսապարկից և ուրիշ տեղ մի դրեք: Որովհետև հնարավոր է մի օր մոռանաք այն տանը և հենց այդ անգամն էլ դրա կարիքն ունենաք:

Արշաավե՛ք գրագետ։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք