info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հովհաննավանք

Հովհաննավանք

Հովհաննավանք / Լուսանկարը՝ Սարո Հովհաննիսյանի

Հովհաննավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ Քասաղ գետի կիրճի աջ ափին: Ավանդության համաձայն համալիրի հնագույն Սբ. Կարապետ եկեղեցին կառուցել է Գ. Լուսավորիչը 4-րդ դարասկզբին:

Անվանում

Օհանավան գյուղի անվամբ պայմանավորված վանական համալիրը հաճախ անվանում են Օհանավան, Օհանավանք: Պատմական վկայություններում համալիրը հանդիպում է բազմաթիվ այլ անվանումներով՝ Հովհաննու վանք, Հովհաննա անապատ, Սուրբ Յոհանի վանք , Սուրբ Հովհաննես: Այս անուններն ուղղակիորեն պայմանավորված են եղել նրանով, որ համալիրը նվիրված է եղել Հովհաննես Մկրտչին: Հովհաննավանքի անվան մյուս տարբերակները կապված են համալիրի կազմում գտնվող ամենահին կառույցի՝ Սբ. Կարապետ եկեղեցու անվան հետ՝ Սբ. Հովհաննու Սբ. Կարապետի վանք, Ամատունյաց Սբ. Կարապետ: 

Առաջին հայացքից տարօրինակ է թվում վանական համալիրի մյուս անվանումները՝ Սյուղի վանք, Սուղի վանք, Սովի վանք: Սակայն այն նույնպես բացատրելի է և կապված է մի վանահոր անվան հետ, ում կոչում էին Սյուղի:

Պատմություն

Հովհաննավանքը սկսած 5-րդ դարից եղել է Հայաստանի նշանավոր վանքերից մեկը, որտեղ հավանաբար Ղազար Փարպեցին գրել է «Հայոց պատմությունը»: Նա եղել է նաև վանական համալիրի առաջնորդը, ապրել և ստեղծագործել է Հովհաննավանքում: 7-րդ դարում վանական համալիրը հանդես է գալիս որպես դավանաբանական վեճերի, քաղաքական հարցերի կարևորագույն կենտրոն: 

Արդեն 13-րդ դարում, Հովհաննավանք վանական համալիրն ընդարձակվում է ճարտարապետական այլ խոշոր կառույցներով՝ դառնալով Արագածոտնի եպիսկոպոսական կենտրոնն ու Վաչուտյանց (Վաչուտյանների) տան տոհմական վանքը: 15-րդ դարում Հովհաննավանքը՝ համալիրի առաջնորդ Կիրակոս Վիրապեցու գլխավորությամբ, իր մեծ ազդեցությունն է ունենում Էջմիածնում հայոց կաթողիկոսության հաստատման գործում:

Վանական համալիր

Հովհաննավանք համալիրն, ընդհանուր հասարակական կյանքի վերելքին զուգահեռ, 17-րդ դարում հասնում է իր ծաղկման գագաթնակետին: Այդ ժամանակահատվածում Հովհաննավանքն ուներ վանքապատկան մեծ կալվածքներ, իսկ միաբանների թիվը կազմում էր 60-70: Համալիրի տարածքում այդ տարիներին կառուցվում է բարձր տիպի դպրոց, գրադարան, որտեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր և աշխատություններ: Այդ ամենի շնորհիվ Հովհաննավանքը հռչակվում է նաև հզորագույն գրչական կենտրոն, որտեղ ապրում էին բազմաթիվ գրիչներ: 

Անկումը

18-րդ դարում Հովհաննավանքը կորցնում է բոլոր կալվածքները և համալիրի երբեմնի հզոր կարգավիճակը, իսկ 19-րդ դարում վերջնական և ամբողջությամբ ամայանում:

Վաչուտյաններ

Չնայած Հովհաննավանք վանական համալիրն իր զարգացման գագաթնակետին է հասել 17-րդ դարում, ամեն դեպքում այն մեծապես ընդարձակվել է 13-րդ դարում՝ Վաչուտյանների հովանավորության շնորհիվ: Վանական համալիրի պահպանված արձանագրություններից գրեթե բոլորը նվիրատվական բնույթի են՝ հիմնականում վերաբերելով Վաչուտյանների կատարած նվիրատվություններին: Նվիրատվական և տոհմաբանական արձանագրությունների թիվը հասնում է մոտավորապես 100-ի:

Սբ․ Կարապետ գլխավոր եկեղեցի

Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ․ Կարապետն է, որը կենտրոնագմբեթ եկեղեցի է և կառուցվել է 1216թ.։ Կառուցումը տևել է 5 տարի՝ ավարտվելով 1221թ.: Այն կառուցվել է Արարատյան կողմնակալության (իշխանության, կուսակալության) իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի հովանավորությամբ:

Ի դեպ, Մամախաթունը հիշատակվում է նաև Սանահինի և Հաղպատի  վանքերի վկայություններում՝ նա ձիթհանքեր է նվիրել այս վանական համալիրներին:

Կառուցվածքը

Սբ․ Կարապետ եկեղեցին ներքուստ խաչաձև է՝ չորս անկյուններում տեղակայված երկհարկ ավանդատներով: Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքերը ճակատային հատվածից են, իսկ վերին հարկի մուտքերը բացվում են ավագ խորանի միջից: Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում, որտեղ կարելի է բարձրանալ քարե 11 կոնսուլային աստիճաններով: Այս ճարտարապետական լուծումը նկատելի է նաև Նորավանքում, Սաղմոսավանքում, Հառիճում:

Սբ․ Կարապետ եկեղեցու գմբեթն ու արևմտյան պատը ավերվում են 1918թ.-ի երկրաշարժից, սակայն Զաքարիա Սարկավագի աշխատության շնոհիվ հաջողվում է վերականգնել եկեղեցու գմբեթի նախնական տեսքը և վերակառուցել այն արդեն 1980-1990-ականներին: Թմբուկն ունեցել է 12 նիստ և վերասլաց վեղար, որն իր հորինվածքով շատ նման է Գանձասար վանական համալիրի գմբեթին:

Գավիթ

Գավիթը կառուցվել է 1240-ականներին Վաչե Ա-ի որդի՝ Քուրդ Վաչուտյանի կնոջ՝ Խորիշահի հովանավորությամբ: Կառուցումն ավարտվել է 1250թ.-ին: Այն 13-րդ դարի եզակի քառասյուն, ընդարձակ դահլիճ ունեցող գավիթներից է եղել: Սյուները հենված են որմնասյունների և կազմում են կամարներ, որոնք դահլիճը բաժանում են 9 միջկամարային հատվածների: Ընդ որում, սյուներից 6-ը կլոր են, մյուս 6-ը՝ բազմանկյուն: Այս ճարտարապետական հորինվածքոը հետագայում օգտագործվում է Նորավանքի, Կապուտանի, Կարբիի եկեղեցիներում:  

 

 

Նյութը պատրաստելիս օգտվել ենք  Կ. Ղաֆադարյանի  «Հովհաննավանքը և նրա արձանագրությունները» աշխատությունից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ