info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հովհաննես Նազարյան

Հովհաննես Նազարյան

Հովհաննես Նազարյան

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Բիզնես խորհրդատու, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ։

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

2005 կամ 2006 թվականին, չեմ հիշում կոնկրետ, շատ դաժան, չպատրաստված, բնության բոլոր եղանակային տարերքներին ես՝ Արագածի հարավային գագաթ բարձրանալուց, հանդիպեցի․ սկզբից արևոտ էր, հետո դարձավ քամոտ ու ամպամած, թեթև անձրև սկսվեց, դա էլ վերածվեց մանր կարկուտի, հետո ուժգին ձնախառն մրրիկ սկսվեց, իսկ երբ հասա գագաթ քարերի վրա շատ սիրուն սառցեձյուն էր պատել, ես գրեթե չէի զգում ձեռքերս և ստիպված էի խնդրել, որ իմ փոխարեն իմ սնունդը հանեն ուսապարկիցս։

Հովհաննես Նազարյան

Վերևում ոչինչ չէր երևում, ինչպես կռահեցիք արդեն։ Բայց չգիտեմ՝ ինչի ցանկացա մինչև վերջ գնալ, համոզված եմ՝ բոլոր խելամիտ մարդիկ կհրաժարվեին այդ մտքից այդքանից հետո, ինչպես արեցին իմ հետի տղաները։ Եվ այսպես սկսվեց իմ սերը, բնության հետ բարեկամություն անելու ճանապարհը։

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Երկար տարիներ աշխատելով բնության հետ, փորձելով լինել մեկ ամբողջություն կամ, միգուցե, նրա շատ փոքրիկ մասը՝ հասել եմ նրան, որ այլևս չեմ բարկանում, կարողանում եմ կառավարել իմ հույզերը, նույնիսկ մեկ-մեկ ինձ երկար ժամանակ չտեսնելուց հետո մտերիմներս հացնում են․ -«հո, բան չի՞ պատահահել», ասում եմ․ -«չէ, ուղղակի հանգիստ եմ»:

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Լեռներն արդեն վաղուց տվել են այն ամենն, ինչ բավական էր ինձ լիովին կայացած անձ համարելու համար, և արդեն իմ կողմից նրանց տալու ժամանակն է։ Փնտրում էի իմ ներդաշնակությունը նրա հետ և արդեն գտել եմ։

Հովհաննես Նազարյան

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Ոչ:

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

Էլբրուսի գագաթի հաղթահարումը։ Առանձնանում է նրանով, որ ամենադժվարն էր իմ կյանքում, և առաջինն էր, որ ինձ փորձեց ստիպել նահանջել, բայց ուրախ եմ, որ կարողացա հաղթել ինքս ինձ և գնացի մինչև վերջ։

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Կազբեկ, Լենինի պիկ, Կիլիմանջարո… Ուշբա, Էվերեստ, K2։

Հովհաննես Նազարյան

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Հանգստություն, ներդաշնակություն, ուրախություն։

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Վստահելի և հուսալի մարդիկ, ովքեր կարող են դառնալ քո ընկերները։

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ)

Չեմ կարող պատասխանել, ուղղակի տենց ստացվեց։ Միգուցե ենթագիտակցաբար, քանի որ իրար հետ բոլորով առաջին անգամ եղանք Արարատի գագաթին:

Հովհաննես Նազարյան

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Մեկ անգամ պետք է իրականում փորձել, քանի որ բան չես կարող կորցնել բացի բացահայտելուց։ Օրինակ, ես իմ հարմարավետության գոտուն եմ վերադառնում արշավների ժամանակ, առավել ևս, վրանային գիշերակացով արշավների դեպքում։

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.