info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հրանուշ Վանեսյան

Հրանուշ Վանեսյան

Հրանուշ Վանեսյան

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, աշխատում եմ կրթության ոլորտում:

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

Մանկությունս սարերում է անցել, ու մոտակա բլրի գագաթ հասնելը առօրյա խաղերի մի մասն էր։ Երևանում բնակություն հաստատելուց հետո, բնության ու քամու սուր պահանջը ստիպեց էլի սարեր գնալ։ Ինքս էլ երևի չէի զգում, բայց առաջին արշավներս վերադարձ էին դեպի մանկություն, գաղափարական ֆոնն ավելի հետո սկսեցի գիտակցել, կարելի է ասել երրորդ արշավից հետո, երբ բնության ու ինքդ քեզ հետ պայքարի մեջ ես մտնում, երբ ամեն վերև բարձրացնող քայլիդ հետ սիրտդ ավելի ուժեղ է խփում։

Հրանուշ Վանեսյան

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Գիտեք, երևի կյանքի փորձություններին ավելի պատրաստված եմ դարձել, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ու հմտություններով. օրինակ՝ մի տեղ գնալիս կարող եմ փոքր պայուսակով ամենաանհրաժեշտ բաները միայն վերցնել, կյանքի վրա էլ է ազդում, սկսում ես ավելորդ ծանրություններ հետդ քարշ չտալ, կարևորը երկրորդականից ավելի հեշտ զատել։

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Լեռներում բան չեմ փնտրում, չնայած վերջին արշավին ժայռապատկերներ էինք փնտրում: Լեռներն առանց քո փնտրելու են տալիս, ամեն լեռ ինչ-որ բան ունի քեզ համար նախատեսած, միգուցե 20 հոգանոց խմբում ամեն մեկի մոտ լրիվ տարբեր ընկալում ու զգացողություն առաջացնի միևնույն լեռը, ինչ իմանաս։ Ու ինչ իմանաս, թե հաջորդ արշավին կամ լեռան վրա ում կամ ինչ ես գտնելու։

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Pink Floyd-ի Learning to Fly-ը. ամեն անգամ, երբ հայտնվում եմ գագաթին, ինձ թվում է, թե կարող եմ թևերս բացել ու մի քիչ էլ վերև բարձրանալ։

Հրանուշ Վանեսյան

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

Երկու տարի առաջ մի գյուղում էի դասավանդում, որ սարի վրա էր ու տրանսպորտը երբեմն չէր աշխատում։ Մարտի սկզբին ձյուն էր եկել, ես էլ ոչ արշավական տրամադրությամբ հայտնվել էի դեպի գյուղ բարձրացող ճանապարհին ու վստահ լինելով, որ, մեկ է, մեքենա չի հանդիպի, որոշեցի անտառով բարձրանալ գյուղ։ Մոտ երկու ժամ քայլեցի, մենակ, բնության հետ։ Էդ զգացողությունները կյանքում չեմ մոռանա՝ բնությանը հաղթելու, ինքս ինձ հաղթելու ու վաստակածս տեսարանները ծաղկած ծառերի ու ձյան խառնուրդ։

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Մի քիչ «հետո» պատմել եմ, թե արշավի ուղղություն ընտրելիս ինչով եմ առաջնորդվում ՝ ինչքան քիչ հայտնի ուղղություն, էնքան գրավիչ է ինձ համար։ Բայց հայտնի նպատակների մեջ անչափ գայթակղիչ են Հայկական լեռնաշխարի՝ ոչ ՀՀ տարածքում գտնվող լեռները, երևի ամենաշատը Կողբասարը, որ նկարներից սիրահարվել եմ ու անհամբեր սպասում եմ՝ երբ հնարավոր կլինի գնալ։ Հա, Արևմտյան Հայաստանի լեռներ գնալն ArmGeo-ի իմ ամենասիրած նախագիծն է։

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Ներդաշնակություն, ազատություն, կապ (connection):

Հրանուշ Վանեսյան

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Արշավականները մարդիկ են, ում հետ միշտ կարող ես ճանապարհ գնալ, կարևոր չէ՝ որտեղ։

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):

ArmGeo-ի մշտական կազմից մտերիմ ընկերներ ունեմ, բայց երբեք իրենց հետ չէի արշավել, միշտ մտածում էի, որ պրոֆեսիոնալներ են, ու ես երևի այդքան չեմ «ձգի»։ Մի օր ընկերներիցս մեկն առաջարկեց, որ իր ծննդյան օրը ArmGeo-ի՝ դեպի Արցախ եռօրյա դելիկարշավին գնանք, ասաց՝ շատ չենք քայլելու, դե ես էլ միացա իրենց։ Բայց ի զարմանս ինձ երկու օր շարունակ մեքենայից գրեթե չիջանք, իսկ ես անհամբեր սպասում էի, թե երբ ենք վերջապես քայլելու: Այստեղ հասկացա, որ ArmGeo-ն միայն քայլելու մասին չէ ու, առհասարակ, քայլելու մասին չէ, այլ Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը բացահայտելու մասին է։ Հենց էս առաջին արշավին տան վերածված քարանձավներ բացահայտեցինք, որտեղ խմբից ոչ մեկը չէր եղել, այլ միայն գիտեին, որ էդպիսի տեղ կա, ու էս փորձառությունն է առաջին հերթին կապում ինձ ակումբին, որ կարող ես ամեն անգամ նոր Հայաստան բացահայտել, որտեղ մարդու ոտքը, «քաղաքակրթությունը» դեռ շատ չի հայտնվել, ու բնությունը, կարելի է ասել, իրական վիճակում է։

Հրանուշ Վանեսյան

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Եթե արդեն մտքովդ անցել է, էլ երկար մի մտածի, բայց, հա, անպայման գիշերակացով արշավներից սկսիր:

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.