info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հունոտի կիրճ

Հունոտի կիրճի գաղտնիքները

Հունոտի կիրճի գաղտնիքները

Արցախի բարբառով հոնին ասում են հյուն, հուն: Այստեղից է գալիս հունոտ անունը, քանի որը կիրճը լի է հոնի ծառերով: Կիրճի աշխարհագրական անվանումն է Կարկառի կիրճ, քանի որ այստեղով հոսում է Կարկառ գետը, որը սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից և թափվում է Կուր գետը:

«Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը չի կարող անտարբեր թողնել զբոսաշրջիկներին: Արցախի սրտում գտնվող այս գեղատեսիլ կիրճում են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ: Կարկառ գետի հովտից դեպի Շուշի վեր են խոյանում 20-300 մետր բարձրություն ունեցող ժայռերը: Ժայռերի տակ է թաքնված Ավան հարյուրապետի քարանձավը, Մամռոտ քար բնության հուշարձանը, Հունոտ գյուղն ու միջնադարյան կամուրջը, ջրաղացները և բազում այլ տեսարժան հուշարձաններ:

Հունոտի կիրճ

Հունոտ Գյուղի Ավերակները

Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, ոը հիմնադրվել է 18-րդ դարում: Այդ փոքրիկ գյուղի ավերակներն այսօր զբաղեցնում են մոտ 1,5 հա տարածք: Այստեղ են գտնվում հին շինությունների և գերեզմանների ավերակները: 1895 թվականին 130 բնակիչ ունեցող գյուղը մեծ դեր էր խաղում Շուշի քաղաքի համար: Բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը գտնվում էին հենց Կարկառ գետի վրա՝ Հունոտի տարածքում: Գյուղը լքվել է 1930 թվականին:

Հունոտ գյուղի ավերակները

Հունոտի Ջրաղացները

Հունոտի և դրա շրջակայքի մոտ 12 ջրաղացների ավերակները վկայում են այստեղի երբեմնի ծաղկում ապրած արդյունաբերության մասին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում կարևոր դեր են ունեցել: Գրավիչ շինությունները տարածվում էին կիրճի գեղատեսիլ գետակի երկայնքով, որտեղ ջուրը դրանց համար շարժիչ ուժ էր հանդիսանում: Այսօր գետի շուրջը դեռ կարող ենք տեսնել այդ ջրաղացներից շատերի ավերակները:

Հունոտի կիրճ / Լուսանկարը՝ Արեգ Բալայանի

Հունոտի Կամուրջ

Կամուրջները կարևոր դեր ունեին Շուշին շրջակա բնակավայրերին կապելու մեջ: Հունոտի քարե կամարաձև կամուրջը կառուցվել է 1720 թվականին և մինչ այժմ ծառայում է որպես գետանցման լավագույն միջոց: Գյուղական ավերակներում գտնվող հենց այս կամուրջն է մի ժամանակ կարևոր կապ հանդիսացել Շուշիի և Վարանդայի միջև: Հունոտի կամուրջն ունի 25 մ երկարություն, 4 մ լայնություն և 8 մ բարձրություն: Այն գտնվում է ծովի մակարդակից 890 մ բարձրության վրա:

Հունոտի կիրճի կամուրջը

Ջրվեժ Մամռոտ Քար (Հովանոց)

Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և թափվելով մամռով պատված քարի վրայով առաջացնում է ջրվեժ՝ հովանոցաձև քարայրով: Մամռոտ Քար ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից Մամռոտ քարին հասնելու համար պետք է անցնել Հունոտ գյուղի ավերակներով և միջնադարյան կամրջի վրայով: Այս բնության հրաշքի շուրջը վեր են խոյանում Հունոտի կիրճի հսկա ժայռերը՝ անիրական գեղեցկություն հաղորդելով տեղանքին:

Մամռոտ քար

Մամռոտ քար

Ավան հարյուրապետի (Յուզբաշի) քարանձավ

Բերդաքաղաք Շուշիի կիրճը հայտնի է նաև քարանձավներով, որոնք օգտագործվել են պաշտպանական նպատակով: Դրանցից ամենամեծը և հայտնին Ավան հարյուրապետի քարանձավն է: Այն գտնվում է Շուշիի դժվարանցելի ժայռերի տակ: Քարանձավը ունի մոտ 75 մետր խորություն և մինչև 15 մետրի հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է: Քարանձավի ուղղահայաց մուտքի մոտ կարող եք տեսնել մարդաշեն հատվածներ, քարե պատեր և այլ կառույցներ: Սրանք տարիներ շարունակ կառուցվել են տարբեր նպատակների ծառայելու համար, քանի որ քարանձավը մարդկանց կողմից օգտագործվել է Ք.ա. 2-րդ հազարամյակից սկսած մինչև 18-րդ դարը:  

Ավան հարյուրապետի քարանձավը / Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Հունոտի կիրճի պաշտպանական քարայրները

Այսպիսի պաշտպանական կառույցներ կարելի է տեսնել Հունոտի կիրճի զառիթափ ժայռերի վրա:

Հունոտի կիրճ

 

Կատարոտ (Ջդրդուզ) / Հունոտի կիրճ

Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող հարթավայրը: Կարկառ գետի հովտի պատկերով՝ այս վայրը դարձել է Արցախի ամենասիրելի և այցելուների կողմից ամենաշատ այցելվող վայրերից մեկը:

Կատարոտ / Հունոտի կիրճ

Հունոտի կիրճ

Հունոտի կիրճ

 Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Հայկական աշխարհագրական նախագիծ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին