info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ընձակիսար (Կապուտկող)

Ընձակիսար - Կապուտկող

Ընձակիսար - Կապուտկող / Հայկական Տավրոս

Ընձակիսար կամ Կապուտկող լեռը գտնվում է Հայկական Տավրոս լեռնահամակարգում՝ Վանա լճի հարավային կողմում։ Բարձրությունը 3074 մետր է։ Ծածկված է տափաստանային և ենթալպյան բուսականությամբ։ Ունի երկաթի և կապարի պաշարներ։ Լեռան բարձունքից գեղեցիկ երևում է Վանա լճի համայնապատկերը։ Ընձակիսարի տարածքում էին գտնվում 7 հայկական վանքեր, որոնց թվում նաև Կապուտկողա Սուրբ Հակոբի վանքը։

Լեռան պատմական անունները

Լեռան պատմական անունը, մեր հին գրիչներից հետզհետե աղավաղվելով, կոչվեց Ընձաքիարս, որ Ընձակա-քար բառի փոփոխությունն է: Ընձակ բառը առաջացել է հայերեն ինձ՝ «վագր» բառի փաղաքշական ձևից, որը նշանակում է վագրի ձագ։ Այնուհետև դարձել է Ընձաք, Ընծակ, Ընծաք։

Լեռան լանջին էր գտնվում Ընձակ անունով գյուղը, որ հայկազանց նահապետներից մեկի, Ընձակի անունն էր կրում: Նույն նահապետի անունով և լեռը կոչվեցավ Ընձակա-քար: Քար բառը մեր հին լեզվում երբեմն սար կամ լեռ բառերի տեղ էր գործածվում: 

Այս լեռնագագաթն ընգրկված է մեր «Ծովու Բոլոր» ծրագրում։

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի

Րաֆֆի, Կայծեր (հատված)

Հիշյալ լայնանիստ լեռան գագաթը մի կողմից նայում է դեպի Վանա ծովը, մյուս կողմից` դեպի Ռշտունյաց աշխարհը: Այդ գագաթի վրա բարձրացավ ս. Հակոբ Մծբնա հայրապետը, այն աղետավոր անցքից հետո, երբ խստասիրտ Մանաճիհրը նրա սարկավագներին ածեց ծովի մեջ: Վշտացած հայրապետը լեռան բարձրությունից նայեց նախ դեպի ծովը, որ կլանել էր նրա սարկավագներին, և ապա դեպի Ռշտունյաց աշխարհը, որ այնքան անգութ գտնվեցավ դեպի նրա սանիկները: Նա անիծեց թե ծովը և թե աշխարհը… Ծովը կատաղեց, գոռաց, փրփրեց և իր ափերից իսկույն դուրս վազեց: Շեն ու շինություն, արտ ու անդաստան, բոլորը կորան, ջրասույզ եղան: Երկինքը պղնձացավ, անձրև չտվեց, երկիրը ամլացավ էլ ջուր չբխեց: Ծառն ու ծաղիկը, խոտն ու բուտը, ճախն ու ճարակը, անխոնջ մշակի վարն ու վաստակը, բոլորը երաշտից այրվեց, ցամաքեց: Նրանից հետո սովը մեջ մտավ և իր ետևից ժանտախտը բերավ: Անգութ հնձավորը հնձեց, տապալեց և դիակներով երկիրը ծածկեց: Գայլն ու բորենին, անգղն ու արծվին ազատ, աներկյուղ, թափառում էին մի գյուղից մյուս գյուղ և լափում էին անթաղ դիակներ…

Հայկական լեռնաշխարհ