info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կայանբերդ ամրոց / Դսեվանք

Կայանբերդ ամրոց

Կայանբերդ ամրոց / Դսեվանք

Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), գտնվում է Լոռու մարզի Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա։

Պատմական ակնարկ

Համաձայն շինարարական արձանագրությունների` բերդը կառուցվել է Հաղպատի վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին, Հաղպատի միաբանության համար։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու պատճառով։
Մեծ վնաս են հասցրել թաթարները 1241թ.-ին։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սբ.Աստվածածին եկեղեցին։

Կառուցվածքային առանձնահատկություններ

Կայանբերդի հիմնական մուտքը հարավային կողմից է, որտեղից հրվանդանը Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով (XIII դ.): Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից: Բաղկացած է երկու մասից:

Հիմնականը հարավայինն է` տեղադրված ավելի բարձր և հյուսիսային մասից բաժանված առանձին պարսպով, որում կա սրահավոր թաղակապ դարպաս (ներկայումս գտնվում է ավերված վիճակում): Հյուսիսային մասը, որն անմիջապես տեղադրված է Դեբեդի կիրճի եզրին, իր երկարությամբ մոտ մեկ ու կես անգամ պակաս է հարավայինից: Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը: Ներսում պահպանվել են մեծ թվով կացարանների ավերակներ, ջրավազանների և ջրագծերի մնացորդներ` թրծված կավե գունգերով:

Սբ. Աստվածածին եկեղեցի

Տարածքի հարավային մասում, արևելյան կողմի ժայռի գլխին, շրջակայքից լավ տեսանելի վայրում է գտնվում Դսեվանքի (Դրսեվանք) Սբ. Աստվածածին ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին` դրսից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով: Մուտքն արևմուտքից է` ձևավորված անպաճույճ եզրակալով: Ուշագրավ է մուտքի բարավորը` երեք առանձին քարից, որոնցից միջինն ունի խաչաթևերի նմանվող կտրվածք, որին էլ հարմարեցված են մյուս երկուսը: Թմբուկի ցածրանիստ համաչափությունները, նրա գոտու կտրված լինելը պատուհանների բացվածքներից, փաստորեն, վկայում են գմբեթի վերափոխված լինելու մասին: Մուտքից վերև՝ ողջ ճակատի երկարությամբ փորագրված շինարարական բովանդակություն ունեցող արձանագրության մեջ հիշատակվում է ամրոցը և եկեղեցին, որը կառուցել է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի` Հաղպատի վանահայր Հովհաննեսը:

Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետներից մեկը և խիստ ուշագրավ է ամրաշինական տեխնիկայի առումով: Կայան բերդը, որպես դիտակետ ամրոց, իր բարձրադիր դիրքի շնորհիվ՝ հսկիչ դեր է ունեցել ամբողջ ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի նկատմամբ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բերդեր և ամրոցներ