info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Խոր Վիրապ

Խոր Վիրապ

Խոր Վիրապ

Խոր Վիրապ վանքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ Արաքս գետի ձախ ափին։ Այն համարվում է հայոց նվիրական սրբավայրերից և ուխտատեղի։ Խոր Վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու ընթացքի հետ։

Պատմություն

Ագանթագեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը (287 – 330 թ․թ․) Հայաստանում քրիստոնյաններին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ։ Վիրապում Գ Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին գաղտնի զնդան է նետել հանապազօրյա հացը։ Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր հետո։

V-րդ դարում վիրապի վրա վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել։ Մոտ 642 թվականին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը, ում նաև Շինարար էին անվանում վիրապի վրա կառուցել է Սբ․ Գևորգ եկեղեցին։ Ըստ աղբյուրների այն եղել է «Զվարթնոցատիպ» եկեղեցի՝ սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, որի ավերվելուց հետո XVII-րդ դարում ավերակների վրա կառուցվել է այժմյան Սբ․ Գրիգոր եկեղեցին։ Ունի թաղածածկ դահլիճի հորիվածք։

XVII-րդ դարում դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը սակայն թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով։ Վիրապի առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրի կինը ներս է գցել հացը։ III-րդ դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետության հնագույն գմբեթավոր կառույցն է։

XVII-րդ դարում Խոր Վիրապի վանահայր Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը։ Խոր Վիրապը XVII-րդ դարում Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակ է։

Խոր Վիրապ

1703 թվականին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Սբ․ Աստվածածին գլխավոր եկեղեցու կառուցումը։ Եկեղեցու արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը։ Կենտրոնում պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, ում աջ և ձախ կողմերում գտնվում են հրեշտակներ։ Ձախ ձեռքին Սբ․ Գիրքն է, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային։ Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է։ Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը Գրիգոր Լուսավորչի ոտքերի տակ։

Քրիստոնեության տարածումը Հայաստանում

I-ին դարում քրիստոնեությունը Հայաստանում տարածել են Քրիստոսի առաքյալներ՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ Թադեոսի քարոզչության շնորհիվ քրիստոնեություն են ընդունել շատերը, այդ թվում հայոց Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտը։ Թադեոս առաքյալին հաջողվեց քրիստոնյա դարձնել նաև հայոց թագավոր Սանատրուկին։

Բարդուղիմեոս առաքյալը Հայաստանում քարոզել է 60-68 թ․թ․ և այստեղ էլ նահատակվել է։ Նա սկզբից եկել Գողթն գավառ , հետո անցել է Հեր և Զարևանդ գավառներ, այնուհետև Հայաստանի մյուս շրջաններ։ Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Սանատրուկ թագավորի կարգադրությամբ Արևբանոս (Ուրբանոս) քաղաքում։ Բարդուղիմեոսի քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը՝ Ոգուհուն, ով նույնպես նահատակվել է Սանատրուկի հարահանգով։

Առաքյալների գործունեության շնորհիվ Հայաստանում հիմվել են քրիստոնական համայնքներ, որոնք թեև գաղտնի էին գործում, սակայն մեծաթիվ էին և ունեին իրենց հայրապետը՝ որպես առաքյալների հաջորդ։ Չնայած քրիստոնեության տարածվելուն, ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում քրիստոնյանները հալածվել են։

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում

276 թվականին երբ պարսից Վռամ թագավորը գրավել էր Հայաստանը, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գնացել էր Հռոմեական կայսրություն օգնություն խնդրելու։ 287 թվականին վերադառնլով Հայոց գահին Տրդատ Գ Մեծը ի նշան հաղաթանակի Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպել։ Հայոց թագավորը Գրիգոր Պարթևին հրամայել է մասնակցել պաշտամունքին և երկրպագել Անահիտին։ Բայց նա հրաժարվել է և Տրդատ թագավորը, ըստ Ագաթանգեղոսի, որի պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի սկզբնաղբյուրն է, նրան ենթարկել է չարչարանքների, հուսալով, որ նա տեղի կտա և կուրանա Քրիստոսին։

Տրդատ Գ-ի հրամանով 287 թվականին նրան նետել են մահապարտների բանտ՝ Խոր Վիրապ, որտեղ, ըստ ավանդության Գրիգոր Պարթևը մնացել է շուրջ 15 տարի։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու փաստը սերտորեն կապված է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ ավանդության՝ նրանք հռոմեացի կույսեր էին, որոնք փախչելով Դիոկղետիանոս կասեր հալածանքներից, գալիս են Հայաստան և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի հնձաններում։ Տրդատ թագավորը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է սպանել բոլոր կույսերին։ Կույսերի հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հզոր հոգեկան ցնցում է պատճառում թագավորին և վերջինս հիվանդանում է։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինիս ազատում են Խոր Վիրապի արքունի բանտից և հանդիսավորությամբ ընդունում Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, այնուհետև քարոզում է քրիստոնեության մասին և բժշկում է թագավորին։ Դրանից հետո թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, իսկ 301 թ․ քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։ Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրում մատուռներ հիմնել, որոնց վրա VII-րդ դարում նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ