info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գրգուռի կոպալը

Գրգուռի կոպալը

Գրգուռի կոպալը

Օդունջուլար (նախկին Բորյան) գյուղով քայլում էինք դեպի Գրգուռի գագաթ։ Խումբը շարժվեց առաջ։ Ես գյուղի կենցաղով տարված լուսանկարելով մտա մի բակ, որտեղ 10 տարեկան տղան այնպես էր խփում ոչխարներին, որ կես մետր շառավղով փոշի էր դուրս գալիս։
Հայերեն ասեցի.

– արա մեղք են, ո՞ւր ես տենց խփում էդ հարիֆներին։

Բնականաբար, չհասկացավ ինչ եմ ասում, բայց փորձեցի ժեստերի լեզվով բացատրել ու ձեռքով ցույց տվեցի ձեռնափայտին (կոպալ)։ Այն նման չէր մեր գյուղերում կիրառվողներին։

Օդունջուլար գյուղը գտնվում է Գրգուռի լանջին (նախկինում կոչվում էր Բորյան)

Կոպալը

Պատկերացրի կոպալը գրասենյակիս պատին, որպես հուշ Գրգուռի պատմական վերելքից։ Բութ մատս վերև պարզած ասեցի.

– չոք գյոզալ կոպալ աբի ջան:

Տղան ժպտաց ու մեջքն ուղղելով հաստատեց։ Ժեստերի լեզվով բացատրեցի, որ ես իրեն փող կտամ, եթե նա կոպալն ինձ տա։ Ոչխարները շունչները պահեցին։ Ձյունն ուժեղ անդրադարձնում էր արևը։ Որպես մեկնարկային գին տղան հնչեցրեց 10 լիրան։ Միանգամից հանեցի պարզեցի փողը։ Ոչխարներն արտաշնչեցին։ Տղան ձեռքով հասկացրեց, որ համաձայն չի։ Ոչխարները կրկին շունչները պահեցին։ Առաջարկեցի 20, հետո 30 լիրա։ Որքան շատ գումար էի առաջարկում, այդքան ավելի շատ էր տղան կապնվում իր կոպալի հետ, որը մինչև այդ պահը նրա համար ոչ մի արժեք չէր ներկայացնում։ Հանեցի 10 դոլար ու ասեցի, որ սա ամենաշատն է ինչ ես պատրաստ եմ վճարել կոպալի համար։ Երեխայի «ոչ»-ը հստակ էր։ Ափսոսանքով հեռացա։ Ոչխարները շարունակեցին ծեծ ուտել վաղաժամ ուրախանալու համար։

Դեպի Գրգուռ լեռ

Վերելք Գրգուռ լեռ

Հասա խմբին ու պատմեցի, որ շատ սիրուն կոպալ էի տեսել, որ 10 դոլար առաջարկեցի՝ երեխեն չտվեց, ասեցին, -դե եթե տար տանը ծեծ կուտեր ծախելու համար։ Ասեցի, -հակառակը, տանը ծեծ ա ուտելու, որ չի ծախել։ Մի տեսակ համոզված էի, որ վերադառնանք գյուղ կոպալը ինքը կգա կգտնի ինձ։ Այդպես էլ եղավ։ Հասանք մեքենաների մոտ ու մեզ դիմավորեցին բազմաթիվ երեխաներ՝ կոպալը ձեռքներին։ Հասկանալի էր, որ երեխան պատմել էր իր հետ տեղի ունեցածը։ Եկել էր սխալն ուղղելու։ Գործարքից հետո կոպալը դրեցի մեքենայի մեջ, ու մի երիտասարդի հրավերով գնացինք իրենց տուն։

Հյուրասիրություն Օդունջուլար գյուղում

Պապիկի կոպալը

Տանը ծանոթացանք 100 տարեկան պապիկի հետ։ Թեյ խմեցինք ու դուրս եկանք միջանցք, որպեսզի հետ հագնենք մեր կոշիկները, որոնք հանել էինք դռան շեմին։

Գյուղի ամենատարեց մարդը

Պատին հենված էր ավելի գեղեցիկ կոպալ։ Կրկին բութ մատս տնկած ցույց տվեցի հիացմունքս։ Թոռը սկսեց հետս բանակցություններ վարել։ Ես հրաժարվում էի առնել պապիկի կոպալը, բայց միևնույն ժամանակ այդ միտքն ինձ զվարճացնում էր, թե ինչպես է թոռը 100 տարեկան պապու կոպալը փորձում վաճառել ինձ։ Երկրորդն էլ վերցրի։ Գյուղում լռություն տիրեց։ Երեխեքը ցրվեցին տներով։ Քիչ անց վաճառքի էին հանվել գյուղի բոլոր կոպալները։

Վերջում նկարվեցինք մեր կոպալների հետ

Գյուղի տարեցներից մեկը հասկացավ, թե ինչ է կատարվում և արգելեց բոլորին մեզ վրա կոպալ վաճառել։ Իր սեփական կոպալն էլ ինձ նվիրեց։

Գրգուռի կոպալը


Ի վերջո 4 կոպալով հեռացանք գյուղից։ Հուսանք Գրգուռի լանջի անտառի ամեն ծառն այսուհետ չի դիտարկվի որպես 10 դոլարանոց կոպալ։

Տիգրան Վարագ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Ճանապարհորդական բլոգ