info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կոշաբերդ

Կոշաբերդ

Կոշաբերդ

Կոշաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզում ՝ շատ մոտ գտնվելով Ալավերդի և Մադան բնակավայրերին: Այն տեղակայված է Վիրահայոց լեռներում՝ համանուն լեռան վրա: Կոշաբերդից հրաշալի տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճ, Հաղպատ, Ակներ գյուղերն ու Ալավերդի քաղաքը։

Պատմություն

Կոշաբերդի մասին ոչ մի վկայություն, արձանագրություն կամ հիշատակություն չի պահպանվել։ Միայն հայտնի է, որ այն միջնադարյան կառույց է, որը թվագրում են 10-13 դդ.։ Հուշարձանագետ Ս. Կարապետյանի խոսքով, Կոշաբերդը Ալավերդի բնակավայրի հետ միասին պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին։

Կոշաբերդ

Նշվում է, որ այդ ժամանակաշրջանում Լոռվա տարածքում իշխող Դավիթ Անհողինը (989-1048թթ.) կառուցել էր 20 բերդ-ամրոցներ, և մասնագետները կարծում են, որ Կոշաբերդը այդ 20 ամրոցներից մեկն է եղել:

Բերդի նշանակությունը

Կոշաբերդը՝ Աղջկա բերդի, Աշոտ Երկաթի ամրոցի հետ միասին համարվել է հայկական հզոր բերդերից մեկը՝ իշխող դիրք ունենալով Դեբեդի կիրճի վրա:

Բերդի պարիսպների զգալի մասը պահպանված է և, չնայած ավերված վիճակին, կարելի է նկատել նաև աշտարակների հետքերը: Վերջիններս համատեղված են եղել ներքին կառուցում ունեցող պահակակետերի հետ:

Կոշաբերդ

Քանի որ Կոշաբերդ ամրոցից բացվում է հիանալի՝ լայն հորիզոն ունեցող տեսարան, մասնագետները կարծում են, որ այն միանշանակ եղել է ռազմական նշանակության պաշտպանական բերդ: Այդ մասին է վկայում նաև բերդի տեղադրությունը: Գտնվելով բարձր ժայռի վրա, բերդը, բացի պարիսպներից, ուներ նաև հիանալի բնական պաշտպանություն:

Կառուցվածքը

Կատարված փոքրածավալ ուսումնասիրություններից ենթադրվում է, որ բերդը առաջին հերթին ապաստան է եղել զինված ուժերի համար:

Կոշաբերդ

Դրա մասին են վկայում բերդի ծավալներն ու կառուցողական առանձնահատկությունները: Բացի այդ, բերդի տարածքում պահպանվել են Կոշաբերդ գյուղատեղիի (10-17-րդ դդ.), գերեզմանոցի (10-13-րդ դդ.), մատուռի (10-13-րդ դդ.) քարայր-կացարանի (13-18- րդ դդ.),  եկեղեցու (18-րդ դ.) ավերակներն ու պարսպապատի որոշ հատվածները:

Վրացական հիշատակությունները

Որոշ վրաց պատմիչներ վկայում են պատմական իրադարձությունների մասին, որոնք կատարվում էին Մադան գյուղի շրջակայքում, և իրենց աշխատություններում անդրադառնում և նշում մի ամրոցի հզորության մասին, որի շնորհիվ վրաց արքանները մշտապես խուսափել են ընդլայնել իրենց հարձակումները: Այդ ամրոցը վրաց պատմիչները կոչում են Մադանի բերդ: Ստացվում է, որ ամենայն հավանականությամբ խոսքը հայերի մեջ Կոշաբերդ անունով պահպանված ամրոցի մասին է, քանի որ Մադան բնակատեղիի մոտակայքում այլ բերդ կամ ամրոց չի եղել: 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները