info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց

Մանթաշաբերդ

Մանթաշաբերդ

Մանթաշաբերդ (երբեմն՝ Մանթաշ ամրոց, Մանթաշ կալա, Կարա-Կալա), հանդիսանում է ռազմական կառույց Տավուշի մարզում՝ տեղակայված լինելով Իջևան քաղաքից 7 կմ հարավ՝ Աղստև գետի աջ ափի անտառապատ լեռան գագաթին: Շրջապատված է լայն, բրգավոր պարիսպներով։ Պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է:

Ճարտարապետություն

Կառուցվածքային տեսանկյունից ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռներ եղել են ամբողջական մեծ քարերից։ Լեռան անցանելի հատվածներն ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը:

Մանթաշաբերդ

Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը: Այն ամրացված է պարսպապատերով և արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածք։ Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավարևմտյան անկյունից է՝ լեռնապարսպի արևելյան կողմից։ Ամրոցի երկու կողմերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։ Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Աղջկա բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։

Մանթաշաբերդ

Ավանդություն

Ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, մի գեղեցկուհի երիտասարդ իշխանուհի է եղել, ով ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, սակայն նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են բոցավառում իշխան Մանթաշի սերը:

Մանթաշաբերդ

Նա Աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում Աղջկա բերդի վրա։ Սակայն դրանք բոլորը անհաջողությամբ են վերջանում: Ավանդությունն ասում է, թե վերջապես մի անգամ աղջիկը զորքը տալիս է իր զորավարին և ուղարկում Մանթաշ բերդի վրա։ Այդ կռվին, թեև իշխանուհին չի մասնակցում, սակայն հաղթանակ է տանում։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բերդեր և ամրոցներ