info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մարիամ Կիրակոսյան

Մարիամ Կիրակոսյան

Մարիամ Կիրակոսյան

Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)

Լեզվաբան եմ: Այս պահին Իտալիայում EVS եմ անում: Հետ գամ ` կտեսնենք ինչով կզբաղվեմ:

Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց

Առաջին վերելքս, ինչպես շատերի մոտ, սխալմամբ Արագածն էր համալսարանական տարիներին: ArmGeo-ի հետ մշտական արշավները սկսվեցին ավելի ուշ: Ձմեռ էր: Տխուր էի: Լեռները կանչեցին (Արտենին), սիրտս զնգաց, պարզվեց հեռախոսս էր: Վարդուհին էր. կանչում էր արշավ : Գնում էի գագաթ մտքերս դասավորելու: Երբ հասա, մտքերս ցնդել էին, միտք չկար: Լռություն: Սկզբնակետ: Հարմարավետության գոտուց դուրս լինելս կապված էր միայն ձմեռվա և ոչ համապատասխան հանդերձանքի հետ, բայց ես արդեն որոշել էի, դա ինձ հետ չի պահի:

Ինչու՞ ես լեռներ բարձրանում. ի՞նչ են տալիս քեզ լեռները

Երբ սար եմ բարձրանում, ինձ թվում է` գնում եմ այնտեղ, որտեղից եկել եմ: Վերադարձի համ ունեն լեռները: Գնում եմ լեռներ, երբ ինձ թվում է, թե ինչ-որ բան կորցրել եմ. հանգիստս, խաղաղությունս, ներքին երկխոսությունս կամ ուժս, վստահությունս, բարությունս կամ ներդաշնակությունս, ազնվությունս, պարզությունս կամ անխռովոոթյունս: Հասնում եմ գագաթ, մի քիչ պառկում եմ, ու կորցրածս քամու հետ գալիս մտնում է մեջս: Իսկ եթե ավելի պրակտիկ, պարբերաբար լեռներ բարձրանալը կոփեց առողջությունս: Արդեն քանի տարի է համարյա չեմ հիվանդանում ու չեմ վարակվում գրիպի վիրուսներով (թու թու թու): Ֆիզիկապես ավելի ուժեղ եմ և առողջ: Աչքերս տեսել են աշխարհի ամենասիրուն տեսարանների մի մասը, ունեմ համախոհ ընկերներ, վառ հիշողություններ, Հայաստանի գեղեցկությունը սիրելու, պաշտպանելու և ապացուցելու հիմքեր և առջևում սպասվող գալիք արկածներ:

Մարիամ լեռ

Ու՞նես սիրելի մեջբերում լեռների մասին

Սահյանի տողերն եմ շատ սիրում, բայց հատուկ լեռների մասին չեն, այլ ընդհանրապես` բնության: Բնությունն իմ հավերժ ուսուցիչն է, իսկ այս տողերը ` մշտական ուղեցույցս:

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,

Հավիտյան նորոգ իր հնությունը,

Իր ջրվեժների անքնությունը

Եվ հոգնահոլով իր կրկնությունը

Իր քարափների համբերությունը,

Իր խղճի առաջ իր գերությունը,

Իր անդունդների տարողությունը,

Սեփական վերքերն ապաքինելու կարողությունը

Իր սևահողի խոնավությունը,

Մասրենու փշոտ խոնարհությունը

Ինքնաբաշխումի ուրախությունը,

Ինքնամերժումի խիզախությունը,

Ինքնության պատիվն ու թանկությունը,

Ինքն իր մեծությամբ չպարծենալու

Երջանկությունը…

Ու՞նես ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն

Տեսականորեն այո, որովհետև միշտ ձգտում ես զարգացման, պրոգրեսիայի: Շատ սարեր կան, որ դեռ չեմ բարձրացել և ուզում եմ, բայց ոչ հատուկ նպատակայնությամբ: Գիտեմ, որ կբարձրանամ վաղ թե ուշ, իր ժամանակին: Իսկ մինչ այդ հարգանքով, սիրով, բաղձանքով ու հիացմունքով եմ մոտենում բարձրացածս յուրաքանչյուր սարին:

Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան

Բոլոր-բոլորը անխտիր: Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ են գիշերակացով արշավները: Սարից հետո քաղաք գալը նման է նրան, երբ քեզ հանկարծակի ու միանգամից արթնացնում են: Իրականության փոփոխությունը անսպասելի է ու տհաճ: Գիշերակացով արշավների ժամանակ բաց տեղ չի մնում: Վաաախ, էդ գիշերվա խարույկը, էդ զրույցները, երգերը, էդ մութը, էդ երկինքը, էդ հոգնած դմբրությունը… Վաաախ

Կուսանաց լեռ

Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում

Մարդու բնավորությունից է կախված, լեռները կապ չունեն: Կան մարդիկ, որ խոսում են, խոսում, ու կան մարդիկ, որ որոշում են ու անում: Ես արշավել սկսել եմ ձմռանը, առանց համապատասխան հանդերձանքի: Իջնելուց հետո ծնկներիցս ներքև թաց էի լինում: Մեքենայում փոխվում էի հագուստս, կոշիկներս, որ չմրսեմ հիվանդանամ: Տանը խնամքով լվանում ու չորացնում էի կոշիկներս մինչ հաջորդ շաբաթ: Իհարկե, այդպես էլ չի կարելի, շուտով գնեցի արշավային գույք, բայց ասածս ինչ է. մի անգամ վարակվեք լեռներով, արեք առաջին քայլը, լուծումները կգան հետո: Ոչինչ, մի անգամ էլ սառեք, հիվանդացեք: Ավելի լավ է տենց հիվանդանալ, քան երթուղայինում անծանոթի փռշտոցից: Մի երկու սրճարան կարելի է պակաս գնալ ու համապատասխան հանդերձանք գնել: Համարեք, որ ներդրում եք անում ձեր ինքնազարգացման մեջ: Ուղղակի որոշեք և արեք, մի անգամ, առաջին անգամ:

 

Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.