info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Մերի Անտոնյան

Արվեստաբան, գրաֆիկ դիզայներ Մերի Անտոնյանը մեր արշավական ակումբի անդամներից է։ Մերին առաջին անգամ սկսել է արշավել 3 տարի առաջ, որից հետո լեռներ հաճախ է գնում։

Մերի Անտոնյան

Ինչպես ամեն ինչ սկսվեց

«Առաջին արշավս Հերհերի ջրվեժն էր։ Գարուն էր, ու գարնանը հատուկ խառնաշփոթ եղանակ, ձնախառն անձրև, քամի, ցեխոտ ճանապարհներ ու ես՝ հնարավորինս հակաարշավական հագուստով։ Զգացողությունները՝ խառը, իրար հակասող, իրարամերժ, գեղեցիկ», – իր առաջին արշավի մասին պատմում է Մերին։

Մերի Անտոնյան

Նրա խոսքով՝ արշավներն իրեն տալիս են հնարավորություն մոտ լինել բնությանը․ «Բնության «հոգին» զգում եմ ավելի խորը՝ ներսից։ Ամենալավ մտքերն եմ գողանում բնությունից, գույների նոր երագներ եմ գտնում։ Էլ ի՞նչ է պետք դրանից ավել երջանիկ լինելու համար»։

Ինչ են տալիս լեռները

Արշավականը նշում է, որ լեռները սովորեցնում, ոգևորում, քեզ շռայլում են անսահման հորիզոններ, ֆանտաստիկ մայրամուտներ, տալիս են էներգիա․ «Լեռները դարձնում են քեզ առավել համառ։ Ամենաբարդ խնդիրները լեռներում ստանում են պարզ լուծումներ։ Լեռներն ազնիվ են ու ունեն զարմանալի բնավորություն, հեռվից դու վայելում ես լեռը, իսկ գագաթից՝ այն քեզ թույլ է տալիս վայելել իր շուրջը բացվող բնապատկերները։ Լեռներում օդ կա»։

Մերի Անտոնյան

Խոսելով իր ամենահիշարժան արշավների մասին՝ Մերին ասաց, որ հիշարժան արշավները մի քանիսն են․ «Անիրական Ծակքարի լիճը, Խոստուփի տաք արևածագը, Ուխտասարի մառախուղից նշմարվող միստիկ տեսարանները, Կատար լեռան բացահայտումը, նրա վայրի, ժայռոտ ճանապարհները դեռ երկար ժամանակ հիշելու եմ»։

Մերին ասում է, որ դեռ շատ լեռնային ճամփաներ ունի անցնելու, ու մեծ ցանկություն ունի մի օր հայտնվել Արևմտյան Հայաստանի ու Արցախի լեռներում։ Նա գտնում է՝ արշավականներն ազատ, արկածախնդիր, հուզական մարդիկ են․ «Սրտով արշավականներին ճանաչում եմ հեռվից»։

Մերի Անտոնյան

Ինչպես հայտնվեց ArmGeo-ում

Խոսելով այն մասին, թե ինչպես հայտնվեց մեր ակումբում՝ Մերին ասաց․ «Ես էլ չհասկացա ինչպես հայտնվեցի ArmGeo-ում, համատարած խիստ կարանտինից հետո, երբ մեր սովորական կյանքը տևական ժամանակ կանգ էր առել, աշխատում էի տանից, միայն պատշգամբն էր բաց տարածությունը զգալու հնարավորություն տալիս, որոշեցի՝ երբ սահմանափակումները վերջանան, ավելի շատ եմ արշավելու ու այդպես էլ արեցի»։

Մերի Անտոնյան

Մերին բոլորին խորհուրդ է տալիս գոնե մեկ անգամ գնալ արշավի․ «Ինքս վախեր ունեմ լեռներում՝ հատկապես ժայռոտ մասերից, բայց չհամարձակվել չեմ կարող, քանի որ ամենատպավորիչ տեսարանները հենց այդ քարերից այն կողմում են։ Գեղեցիկը տեսնելու համար մի քիչ պետք է տանջվել, մրսել, թրջվել, վախենալ, ընկնել, ցեխոտվել, իսկ ո՞վ է խոստացել, որ հեշտ է լինելու։ Խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ փորձել, եթե լինի էներգիա լեռների ու ձեր միջև, դուք կրկին կվերադառնաք»։

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.