info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կոտուց լեռ

Կոտուց լեռ

Կոտուց լեռ

Կոտուցի լեռները գտնվում են Արարատի մարզում: Հանդիսանում են Երանոսի լեռների արևելյան ճյուղավորությունը: Սկսվում են Երանոսի լեռների Հանդասարից, հվ-արմ ուղղությամբ ձգվում մինչև Սալքար գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հվ-արլ.՝ հասնում մինչև Վեդի գետի հովիտը: Երկարությունը՝ 13 կմ: Ջրբաժան է Խոսրով և Կոտուց լեռների միջև: Ամենաբարձր կետը Կոտուց լեռն է (2061 մ):

«Խոսրովի անտառ» պետական արգելոց

Կոտուց լեռը գտնվում է Ուրցաձոր գյուղից 2 կմ հս-արմ: Լանջերը կտրտված են մանր ձորակներով և ծածկված չորադիմացկուն թփուտներով ու խոտաբույսերով: Լեռան գագաթը կազմում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մասը:

Տափի բերդ / Գևորգ Մարզպետունու ամրոց

Ուրծ քաղաքատեղի, Տափ գյուղատեղի և ամրոց, կամ Գևորգ Մարզպետունի ամրոց

Կոտուց լեռան հվ-արլ. լանջին է գտնվում Տափի բերդը: Այն գտնվում է Ուրցաձոր գյուղից 2 կմ հս-արմ. ՝ Խոսրով գետի աջ ափին: Միջնադարից հայտնի Ուրծ քաղաքը, բերդը, Ուրծ անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվում է որպես ավան կամ գյուղաքաղաք: Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին: Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-7-րդ և 12-15-րդ դարերում: Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց: Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա լեռներով շրջապատված՝ կանգնած է ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոցը: Կառուցվել է 10-րդ դարում: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են  շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով: Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: 1496 թվականին տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ: Նշված տարածքում Խոսրով և Վեդի գետերի միջև՝ եռանկյունաձև հովտում, բացի տափի բերդից, նշված 4 եկեղեցի-վանքերից և 4 գերեզմանոցներից, պահպանվել են նաև բազմաթիվ անհայտ շինությունների մնացորդներ ու հետքեր:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում