info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Արշավների մասնակցելն ակտիվ հանգստի լավագույն տարբերակներից մեկն է, որին կարող են մասնակցել թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները: Արշավների միջոցով մենք հնարավորություն ենք ստանում բացահայտել նոր վայրեր, վայելել բնությունն ու տարբեր լեռներից բացվող տեսարանները:

Արշավների ժամանակ մենք հաճելին համատեղում ենք օգտակարի հետ, քանի որ արշավներն իրենց դրական ազդեցությունն են ունենում մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա: Սակայն պետք է միշտ հիշել, որ արշավներին հարկավոր է պատրաստվել՝ հատկապես ուշադրություն դարձնելով գույք հանդերձանքին: Հոդվածում ձեզ ենք ներկայացնում խորհուրդներ սկսնակ արշավականներին, որոնց հետևելու դեպքում արշավները կլինեն ավելի թեթև և հաճելի:

Խմբային արշավներ

Առաջին անգամ արշավ գնալիս՝ համոզված եղեք, որ ընտրել եք փորձառու ուղեկցորդի կամ կազմակերպության: Սկզբնական շրջանում նախընտրությունը տվեք խմբով արշավելուն, քանի որ այդպես արշավը կանցնի ավելի ապահով և ուրախ:

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Խմբով արշավելն ունի մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ նոր գաղափարակից մարդկանց հետ ծանոթությունը: Փորձառու արշավականների հետ շփումը կարող է ավելի օգտակար լինել և նպաստել, որպեսզի չզգաք առաջին արշավի բարդությունները: Բացի այդ, նրանց խորհուրդնեն ավելի կօգնեն ընդգրկվելու արշավային կյանքում:

Ֆիզիկական պատրաստվածություն

Արշավներն ակտիվ հանգստի մի մասն են կազմում: Եվ ինչպես ցանակացած ակտիվ հանգստի, այնպես էլ արշավների դեպքում, անհրաժեշտ է որոշակի Ֆիզիկական պատրաստվածություն: Եթե ակտիվ կյանքով չեք ապրում, օրվա ընթացքում որևէ ֆիզիկական ակտիվություն չեք ցուցաբերում, ապա սկզբնական շրջանում կարող եք սկսել թեթև կարդիո վարժություններից: Ոտքերի և ձեռքերի մկաննեերի զարգացման համար առավոտյան վազքը կամ օրվա ընթացքում շատ քայլելը կարող են լինել լավագույն տարբերակն ու սկիզբը

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Սակայն եթե վերը նշված տարբերակներից և ոչ մեկ ձեզ չեն գոհացնում, ապա կարող եք սկսել առավել թեթև, կարճ երթուղիներց: Սակայն այդ դեպքում պետք է հասկանալ, որ որքան էլ արշավը լինի թեթև, միևնույն է դժվարություններն անխուսափելի են լինելու: Օրգանիզմը ծանրաբեռնվում է՝ հայտնվելով իր համար ոչ սովորական, ծանր պայմաններում: Սա բնական երևույթ է, և միանգամից վախենալ կամ հիասթափվել պետք չէ: Պարզապես վստահ եղեք, որ պատրաստ եք հաղթահարել որոշ դժվարություններ, գտնվել ձեզ համար ոչ հարմարավետ պայմաններում: 

Ուսումնասիրեք

Վստահությունն այն ուղկեցորդի կամ կազմկարպության հանդեպ, ում հետ պատրաստվում եք արշավի գնալ շատ կարևոր է: Նրանց շնորհիվ դուք անշուշտ կտեղեկացվեք տվյալ ուղղությանը վերաբերող ցանկացած մանրամասներին:

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Սակայն կարևոր է նաև ինքնուրույն ուսումնասիրել, հասկանալ որ ուղղությամբ եք գնալու, ինչ եղանակ է լինելու, ինչպես պատրաստվել արշավին, ուշադրություն դարձնել գույք հանդերձանքին և այլն: Քանի որ շատ հաճախ, սեփական փոքրիկ ուսումնասիրությունը կարող է ավելի շատ օգնել, քան ցանկացած այլ տարբերակով ստացված խորհուրդները:

Արշավային գույք հանդերձանք

Արշավների գնալիս, մյուս կարևոր նախապայմանը, հագուստի ճիշտ ընտրությունն է: Քանի որ եղանակը կարող է լինել անկանխատեսելի, նպատակահարմար է հագնվել շերտերով: Այդպիսով՝ ավելի հեշտ կլինի հարմարվել եղանակային փոփոխություններին: Եվ անկախ, թե տարվա որ եղանակին եք արշավ գնում, միշտ պետք է ունենալ փոխնորդ հագուստ: Արշավային գույք հանդերձանքի մասին ունենք առանձին հոդվածներ, որտեղ առավել մանրամասն կարող եք ուսումնասիրել արշավային հագուստի նրբությունները: 

Սկսնակներին միանգամից վախեցնում է, երբ ասում ենք արշավային գույք հանդերձանք, արշավային հագուստ է անհրաժեշտ: Իրականում ամեն բան այդքան էլ առեղծվածային և վախեցնող չէ: Արշավային հանդերձանք կարող եք ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ հասկանաք, որ արշավները դառնալու են ձեր կյանքի անբաժան մասը: Իսկ սկզբում կարող եք ընտրել պարզապես հարմարավետ, սպորտային և շարժումը չկաշկանդող հագուստ:

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Չնայած առաջին անգամ արշավի կարելի է գնալ առանց արշավային հագուստի, ամեն դեպքում ձեր հարմարավետության և անվտանգության համար, խորհուրդ ենք տալիս սկզբնական փուլում ձեռք բերել առնվազն արշավային կոշիկներ: Շատերի՝ հատկապես սկսնակներին, կարող է թվալ, որ սովորական սպորտային կոշիկները կարող են փոխարինել արշավային կոշիկներին: Արշավների գնալիս մենք անցնում ենք դժվարանցանելի, քարքարոտ արահետներով, և արշավային կոշիկներն այդ ճանապարհները դարձնում են առավել անցանելի: Ի տարբերություն սպորտային կոշիկների, արշավային կոշիկներն ունեն բավական հաստ և պինդ տակացուներ, ինչի շնորհիվ քայլելիս մենք չենք զգում ամեն քար ու անհարթություն: Առավել ճիշտ կողմնորոշվելու և արշավային կոշիկի ընտրության համար կարող եք կարդալ այս հոդվածը:

Ուսապարկ

Ուսապարկը, արշավ գնալիս, երկրորդ կարևոր և պարտադիր գույքն է: Եվ եթե սկզբնական շրջանում արշավային հագուստ ունենալն անհրաժեշտություն չէ , ապա ուսապարկը՝ պարտադիր է: Մեկօրյա արշավների դեպքում կարող եք նախապատվությունը տալ 25-35լ տարողունակությամբ ուսապարկերին:

Շատ սկսնակներ իրենց առաջին արշավի ժամանակ թույլ են տալիս հիմնականում մի ընդհանուր սխալ՝ վերցնում են ամեն ինչ, նույնիսկ իրեր, որոնք այդքան էլ անհրաժեշտ չեն: Իրականում առաջին անհրաժեշտության են համարվում անձրևապաշտպան թիկնոցը, դեղատուփը, տաք հագուստը, գլխարկը արևապաշտպան քսուկը և առնվազն 1,5լ ջուրը: Այս հոդվածում առավել մանրամասն կարող եք կարդալ, թե ինչ վերցնել մեկօրյա արշավ գնալիս:

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Անշուշտ ամեն բան փոխվում է, երբ խոսում ենք գիշերակացով արշավների մասին: Այս դեպքում սկսած ուսապարկի չափսերից և վերջացրած անհրաժեշտ իրերով՝ ամեն բան այլ է: Սակայն անհանգստանալ պետք չէ, այդ մասին ևս մանրամասնորեն ներկայացրել ենք մեր՝ Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին հոդվածում:

Սնունդ

Սնունդն ու ջրի պաշարը ոչ քիչ կարևոր պայմաններից են, քանի որ եթե նույնիսկ առօրյա կյանքում մենք այդքան էլ ճիշտ չենք սնվում կամ խմում բավականաչափ ջուր, ապա արշավների ընթաքում պարզապես անհնար է շարունակել նույն կերպ: Շատ կարևոր է, որպեսզի սնունդը լինի թեթև և միաժամանակ էներգիա պարունակող: Հակառակ դեպքում, սնունդը կծանրացնի և դժվար կդարձնի ցանկացած արշավ՝ նույնիսկ ամենաթեթև երթուղին:

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Արշավային սնունդը պետք է պարունակի ավելի շատ ածխաջրեր և սպիտակուցներ: Այդ մասին ավելի հանգամանորեն ներկայացրել ենք մեր այս հոդվածում: Սակայն եթե ավելի կարճ, ապա արշավներին կարող եք վերցնել սենդվիչներ, չորամրգեր, ընդեղեն, թարմ միրգ, բանջարեղեն, պրոտեին պարունակող սալիկներ:

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Ջրի դեպքում ամեն բան ավելի պարզ է, ոչ քաղաքային պայմաններում օրգանիզմն ավելի շուտ է ջրազրկվում, ինչն էլ կարող է հանգեցնել արևահարման և մի շարք այլ խնդիրների: Այդ ամենից խուսափելու համար պարտադիր պետք է ունենալ առնվազն 1,5լ ջուր, գիշերակացով արշավների դեպքում՝ ավելի շատ:  Վերջինիս  դեպքում պարտադիր է իմանալ, թե ինչպես կարելի է գտնել ջրի այլընտրանքային աղբյուրներ

Սիրիր բնությունը

Եթե որոշել ես կյանքդ կապել արշավների հետ, կարդում ես այս հոդվածն ու հասել մինչ այս կետը, արդեն նշանակում է, որ սիրում ես բնությունը: Ուստի ուսապարկում չենք մոռանում փոքրիկ տեղ հատկացնել աղբի տոպրակի համար, որպեսզի ոչինիչ չթողնենք մեզանից հետո և չաղտոտենք բնությունը: Պետք չէ մտածել, որ «սա իմ աղբը չի, չեմ հավաքելու»: Եթե ցանկանում ենք ունենալ մաքուր բնություն, կրթված արշավական հասարակություն, պետք է օրինակ ծառայել մյուսների համար: 

Խորհուրդներ սկսնակ արշավականներին

Արշավը, լինելով ակտիվ հանգստի տեսակ, պահանջում է համապատասխան պատրաստվածություն, կամքի ուժ: Ցանկության դեպքում և ժամանակի ընթացքում՝ հետևելով մեր խորհուրդներին, ցանկացած արշավ կդառնա անմոռանալի և հիշողություններով լի: 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին