info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները

Նեմրութ

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները

Հայկական լեռնաշխարհն ունի երկու համանուն լեռ՝ Նեմրութները, որոնք երբեմն շփոթում են միմյանց հետ: Նեմրութները գտնվում են իրարից ուղիղ գծով 315 կմ հեռավորության վրա: Առաջինը մեծ Նեմրութ հրաբուխն է, որը գտնվում է Վանա լճի մոտ, և կապվում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հետ: Հետագայում Հայկին փոխարինեց և գերագույն աստված դարձավ Արամազդը, որի պաշտամունքը կենտրոնական դիրք էր գրավում նաև Նեմրութ լեռան սրբավայրում, որն էլ համարվում է երկրորդ Նեմրութը: Երկրորդ Նեմրութը գտնվում է Հայկական կամ Արևելյան Տավրոսի լեռներում, որը Կոմմագենե երկրի բարձրագույն գագաթն է:

Վանա Նեմրութ (Սարակն)

Նեմրութը (Սարակն) երիտասարդ բազմածին հրաբուխ է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի արևմտյան ափին: Բարձրությունը կազմում է 2935 մ, հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ: Հրաբխի գագաթը իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որի մեջ լճեր է գոյացել: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի խառնարանը: Այն գտնվում է 2500 մ-ի վրա, որն ամենամեծն է ողջ Հայկական լենաշխարհում։ Կալդերայի տրամագիծը 8 կմ է, որի արևմտյան մասում խառնարանային լճերն են։ Խառնարանի պատերը կախված, զառիթափ ժայռերով են՝ միչև 300 մ բարձրությամբ: Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ: Հարավ-արևելյան լանջերը զառիթափ են, արևմտյանը` զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ:

Նեմրութի խառնարանը

Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ: Այս լավաներով է փակվել Վանա լճի գոգավորությունը, և առաջացել է լիճը: Նեմրութն այժմ էլ համարվում է գործող հրաբուխ: Վերջին ժայթքումը ըստ Ֆ. Օսվալդի տեղի է ունեցել 1441 թ.:

Մեր առաջին վերելքը Նեմրութ լեռան գագաթ – Վերելք Նեմրութ լեռ

Նեմրութի գագաթին

Նեմրութի առասպելը

Ըստ առասպելի Նեմրութ անունով մի թագավոր կար՝ շատ գոռոզ մի մարդ, որը ցանկացել է լեռան վրա երկինք հասնող մի ամրոց կառուցել: Եվ իրոք կառուցում է հրաշալի մի ամրոց, որ տեսնողները հիանում էին: Ավելի գոռոզանալով՝ թագավորը լարում է աղեղը, և նետն ուղարկում երկինք, որպեսզի աստծուն ոչնչացնի և ինքը պաշտվի նրա փոխարեն: Աստված տեսնելով թագավորի գոռոզությունը, իր զայրույթն արտահայտում է լեռան ստորերկրյա ուժեղ ցնցումներով: Այդ կործանիչ ցնցումները միանալով երկնքից ուղարկված հզոր փոթորիկին, քարը քարի վրա չթողնելով՝ ավերում են ամրոցը: Փոշին տարածվում է մինչև Ուրֆա քաղաք:

Մինչև հիմա էլ Տարոնի, Մուշի ժողովուրդը, եթե ուզում են մեկին անիծեն, ասում են. «Քու թոզըն Ուրֆա ելնի»:

Այսօր էլ Դատվան գյուղի ձորակում երևում է քար ու ավազ կրող ուղտերի քարացած քարավանը: Իսկ մռայլ, անժպիտ, մաղձոտ մարդիկ մինչև հիմա էլ որակվում են Նեմրութ-նմրութ անունով:

Այս առասպելը հանդիսանում է քրիստոնեության արգասիք ամբարտավան թագավորի մասին, որը պատժվեց, երբ փորձեց աստծուն սպանել մարդու մեջ:

Նեմրութի խառնարանային լճերը

Նեմրութի ասլանը

Մեծ Նեմրութը հայտնի է նաև նրանով, որ ֆիդայական շարժման ժամանակ, այստեղ թշնամուց պատսպարվել է հայտնի ֆիդայի Աղբյուր Սերոբը:

1897 թվականի փետրվարին Աղբյուր Սերոբը գտնվում էր Թեղուտ գյուղում, երբ թուրքերը դուրս են գալիս մեծ հայդուկի հետքի վրա: Սերոբը թշնամու ուշադրությունը հրավիրում է իր վրա, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի, և ուղևորվում դեպի Նեմրութ: Թուրքերը սկսում են հետապնդել նրան, բայց 3-4 արշին ձյունը խանգարում է նրանց և նրանք խրվելով ձյան մեջ չեն կարողանում առաջ գնալ:

Նեմրութի ասլանը / Լուս. armat.im կայքից

Սերոբը 2 օր մնալով Նեմրութի տաք աղբյուրների մոտ, գնում է Դատվան գյուղ: Բոլորը կարծում էին, թե հայդուկը մահացել է: Եվ երբ ժողովուրդը տեսնում է հայդուկին նրան տալիս է Նեմրութի Ասլան անվանումը:

Նեմրութ լեռան սրբավայրը

Թե՛ Հայկական լեռնաշխարհում, թե՛ հին աշխարհի պատմության մեջ, Նեմրութ լեռան սրբավայրը խոշորագույններից է: Այն կարելի է համեմատել Պերսեպոլիսյան մշակույթի կամ եգիպտական բուրգերի հետ: Այս հուշարձանախումբ սրբավայրը իրենից ներկայացնում է արհեստականորեն կառուցված կոն, որի երեք կողմում ֆիքսված են որոշակի ենթահուշարձանախմբեր: Բացի հրաշակերտ ճարտարապետական հուշարձան լինելուց, Նեմրութի սրբավայրը կարևոր սկզբնաղբյուր է հնագույն հավատքի՝ մասնավորապես հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության համար: Սրբավայրը մեզ նաև հուշում է, թե ինչպիսին պետք է լինեն Հայկական լեռնաշխարհի այն հուշարձանները, որոնք պատկանում են Հայաստանի այն մշակույթին, որը պիտի կապվեր բազմաստվածության հետ: Ցավոք քրիստոնեություն ընդունելուց հետո Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգությունը ավերվեց և եզակի հուշարձաններ կարողացան փրկվել մոլեռանդ կրոնավորների ձեռքից։

Նեմրութի սրբավայրը

Սրբավայրի կառուցվածքը

Սրբավայրը կառուցված է Կոմմագենեի թագավորության բարձրագույն կետի վրա (2100 մ ծ․մ․), որի կառուցման համար օգտագործվել են այլ վայրից բերված քարեր: Նեմրութի սրբավայրը իրենից ներկայացնում է դասական արևապաշտական մի հուշարձան: Կոնաձև արհեստական դամբարանաբլուրը կառուցված է մանր քարերով, առանց շաղախի, ունի 50 մետր բարձրություն և հազարամյակների ընթացքում չի փլուզվել: Բլրի երկու կողմերում՝ արևելքում և արեմուտքում, կառուցված են իրար նման արձանախմբեր, որոնք պատկերում են աստվածներին, արքային և նրա նախնիներին, թագավորության զինանշանները՝ առյուծ և արծիվ, ինչպես նաև Անտիոքոս արքայի հորոսկոպը՝ առյուծի քանդակով:

Հուշարձանախմբի կենտրոնական մասում հինգ մարդակերպ արձաններ են նստած դիրքով: Կենտրոնում Արամազդի արձանն է, որն ունի ինը մետր բարձրություն: Արամազդի աջ կողմում Անահիտ դիցուհու արձանն է: Արամազդի մյուս կողմում Միհր աստծո արձանն է: Կենտրոնական այս երեք արձանները ներկայացնում են դիցարանը գլխավորող երեք գերագույն աստվածներին: Այս երեք գերագույն աստվածների մի կողմում ներկայացված է ինքը՝ սրբավայրը կառուցող Անտիոքոս առաջին արքան, մյուս կողմում՝ քաջության աստված Վահագնը:

Այստեղ նշենք նաև, որ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում Խեթական տերության արքաների գլխավոր տիտղոսն արևայինն էր համարվում, և պատահական չէ, որ ամպրոպի գերագույն աստվածը, որն Արամազդի նախատիպն էր, կրում էր մի զենք, որը Նեմրութի սրբավայրում փորագրված է Արամազդի և Անտիոքոս արքայի սաղավարտներին:

Նեմրութի աստվածները

Անտիոքոս Կոմմագենացու և աստվածների կապը

Նեմրութի սրբավայրի կոթողներից մի քանիսում ներկայացված են Անտիոքոս արքայի և աստվածների ձեռքսեղմումները: Հնագույն ուսմունքների համաձայն, դրանք ոչ միայն խորհրդանշում էին այդ աստվածներից իշխանության ստացումը, այլև նրանց հետ յուրօրինակ դաշինքը: Ի դեպ Անտիոքոս արքան իրեն համարում էր Միհր աստծո երկրային մարմնացումը: Այսինքն՝ երկրի վրա ինքն էր կարգավորում աստվածային օրենքները և հետևում արդարությանը:

Ուղիղ գծով դեպի Մասիս

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ արևելյան հարթակի հուշարձաններն արևելքի կետից մոտ 30 աստիճանով շեղված են դեպի հյուսիս: Թերևս սա այն կետն է, որտեղից Անտիոքոս արքայի ծննդյան օրը՝ հուլիսի 7-ին դուրս է գալիս արևը:

Կա ուշագրավ մի այլ հանգամանք, ըստ որի, եթե շարունակում ենք ուղղահայացը արևելյան հարթակից, ապա ուղիղ գծով դուրս ենք գալիս դեպի Հայկական լեռնաշխարհի բարձրագույն կետը՝ Մեծ Մասիսի գագաթը: Որը կարծես յուրօրինակ  կապող լար լինի Մեծ Մասիսի և Կոմմագենեի թագավորության միջև:

Ո՞վ էր Անտիոքոս Կոմմագենացին

Անտիոքոս առաջինի ծննդաբանության մասին մենք տեղեկանում ենք Նեմրութի սրբավայրում նրա թողած արձանագրություններից, նաև կանգնեցրած պատկերաքանդակներից, որտեղ երկու շարքով, ամեն շարքում 15 քարասալով ներկայացված են նրա նախնիները՝ մի կողմը հայրական գծով, մյուս կողմը՝ մայրական: Հայրական գծով նախնիների շարքը Անտիոքոս արքան սկսում է Դարեհ առաջինով, իսկ մայրական կողմը՝ Ալեքսանդր Մակեդոնացիով: Այստեղ հանդիպում ենք մի երևույթի, որը շատ տարածված է եղել նախկինում, դա գահակալների կողմից իրենց համար խիստ պատվաբեր ծագումնաբանության ներկայացուն էր, որը երբեմն չէր համապատասխանում իրականությանը: Նախնիների շարքում հիշատակվում է նաև Սամոս արքան, որը կառուցել է Սամոսատը՝ Կոմմագենենի կենտրոնը, հիշատակվում է նաև Արշամը, որ կառուցեց Ծոփքի կենտրոն Արշամաշատը, նաև Արսամեա անունով երկու քաղաք Կոմմագենեում: Այսինքն՝ այս բոլոր արձանագրություները վկայում են այն մասին, որ Անտիոքոս առաջինը հայկական Երվանդունյաց թագավորության տան ուղիղ ժաջանգորդ է: Նշենք նաև, որ Անտիոքոս արքան կառավարել է մ.թ.ա. 70-38 թթ., ում թագադրել է Տիգրան Մեծը Տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ ներկայացված է Անտիոքոս Կոմմագենացու արձանը Նեմրութ լեռան սրբավայրում:

Նեմրութի աստվածները

Նեմրութի սրբավայրը նոր ժամանակներում

Մեզանից ավելի քան 2.000 տարի առաջ կառուցված այս սրբավայրը, որի կառուցման բարդությունը կարելի է համեմատել միայն եգիպտական բուրգերի հետ, և որը բազմաթիվ գիտնականներ համարում են հին աշխարհի ութերորդ հրաշալիքը, հայտնաբերվել և մասամբ պեղվել է 19-րդ դարում, մաքրվել ու վերականգնվել՝ 20-րդ դարում: Պահպանվել են նույնիսկ դրա կինոնկարները: Նեմրութի սրբավայրը նոր ժամանակներում առավել հայտնի դարձավ 1890 թ-ին՝ գերմանացի ուսումնասիրողներ Կառլ Հյումանի և Օտո Փուչթայնի «Ճանապարորդություն Փոքր Ասիայում և հս. Սիրիայում» հրատարակած գրքում:

Ներկայումս Թուրքիայում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի ուզում են արձանները տեղափոխել սրբավայրի հարևանությամբ գտնվող Քահթայի թանգարաններից մեկը:

Նեմրութ լեռան սրբավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառվել է 1987 թ.-ին:

Նեմրութի աստվածները

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ