info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Նորավանք վանական համալիր

Նորավանք

Նորավանք

Նորավանք վանական համալիրը, որը 13-րդ դարի վերջերից Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստն ու Օրբելյան զորեղ իշխանական տան դամբարանավայրն էր, նշանավոր է ոչ միայն իր պատմությամբ, այլև հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության, քանդակագործության, վիմագրության, գրչության և մանրանկարչության խոշոր կենտրոն։ 

Սյունյաց աշխարհի Նորավանքերը

Սյունյաց աշխարհը, որ հայտնի է եղել մի շարք պատմական նշանավոր վանքերով՝ իրականում ունեցել է երեք Նորավանք։ Վկայությունները հուշում են, որ երեք Նորավանքերն էլ կառուցվել են հնագույն սրբատեղերի տարածքում:
Բղենո Նորավանքը գտնվում է Որոտան գետի մոտ՝ Տաթևից արևելք, երկրորդը՝ Վայոց ձորում, և անվանում են Վերին Նորավանք: Այն եղել է նշանավոր ուսումնակրթական և գրչության կենտրոն։ Անկախ հետազոտող Տ.
Մկրտչյանն իր «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքում, ուսումնասիրելով աղբյուրները, նշում է, որ Շատիվանքը նույն Վերին Նորավանքն է:

Նորավանք

Եվ երրորդ Նորավանքը, որն ամենահայտնին է, նույնպես գտնվում է Վայոց ձորում:

Նորավանքի պատմությունը

Առավել հայտնին երրորդ՝ եպիսկոպոսանիստ Նորավանք վանական համալիրն է՝ տեղակայված Սբ. Փոկասի հին սրբավայր-մատուռի մոտ: Այս Նորավանքը  հաճախ կոչում են նաև Ամաղուի Նորավանք՝ մոտակա Ամաղու գյուղի անունով, քանի որ այն գտնվում է գյուղից 3կմ դեպի հյուսիս-արևելք: Վանքը շրջապատված լինելով կարմիր ժայռերով՝ հայտնի է նաև Կարմիր եկեղեցի անվամբ: Այն հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-14-րդ դարերում: Նորավանքը 13-րդ դարում հռչակվել է Սյունյաց եպիսկոպոսանիստ, եղել Սյունյաց մետրոպոիլտենի նստավայրը և Օրբելյան իշխանական տոհմի դամբարանավայրը: 

1238թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից: Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվել, որը հնարավորություն է ընձեռել վերակառուցելու վանքը: Վանակալ համալիրը շարունակել է իր ծաղկուն գործունեությունը մինչև 14-րդ դարի վերջը՝  Լենկթեմուրի  արշավանքները: 

Նորավանք

1840 թ-ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել: 1948–49 թթ-ին վանքը մասնակի նորոգվել է, իսկ 1982 թ-ին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները: Նորավանքը վերականգնվել է 1998 թ-ին, օծվել՝ 1999 թ-ին, հիմնովին վերանորոգվել է 2002 թ-ին:

Հոգևոր-մշակութային և ուսումնական խոշոր կենտրոն

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր ուսումնակրթական և գրչության կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը: Սակայն Եսայի Նչեցու գլխավորած Գլաձորի համալսարանից բացի գործում էր նաև Վերին Նորավանքի բարձր տիպի դպրոցը՝ Դավիթ րաբունապետի գլխավորությամբ: Ե՛վ Գլաձորը, և՛ Վերին Նորավանքը ոչ միայն ուսումնական, այլև գրչության խոշոր կենտրոններ էին, որտեղ տասնյակներով ձեռագրեր էին գրվում ու պատկերազարդվում։

Շնորհիվ հարուստ քանդակագործության և բացառիկ խաչքարերի, մեծաքանակ և արժեքավոր վիմագրության՝ Նորավանք վանական համալիրը համարվում է մշակութային բացառիկ ժառանգություն: Այն հայոց միջնադարյան վանքերի մեջ եզակի է, որտեղ հայտնի են կառույցների մեկից ավելի ճարտարապետներ։ Այն միակ կառույցն է, որի վիմագրերում երեք անգամ վկայված է «վարդպետ» (ճարտարապետ, 13-րդ դարին բնորոշ տերմին) բառը՝ մեկ անգամ Սիրանեսի և երկու անգամ՝ Մոմիկի անվան հետ:

Նորավանք

Նորավանքի հիմնադրման պատմության միակ և անփոխարինելի սկզբնաղբյուրը Ստեփանոս Օրբելյանի Սյունյաց պատմությունն է, որն ի դեպ, գրվել է հենց Նորավանքում։

Նորավանքի հուշարձանները

Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցի-դամբարանից,  միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից:

Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի

Այն համարվում է վանքի գլխավոր եկեղեցին, որն առանձնահատուկ են դարձնում առաջին հերթին գավթի արևմտյան պատի զույգ պատկերաքանդակները, որոնցից մեկը մուտքի ճակատակալ քարի վրա է, իսկ երկրորդը՝ դրանից վեր՝ պատուհանը պսակող կամարաձև քարին։ Դրանք, անկասկած, հայ միջնադարյան արվեստի բացառիկ արժեքավոր ու ինքնատիպ ստեղծագործություններ են: Քանի որ Մոմիկին վերագրվող Նորավանքի կառույցները չունեն որևէ փաստական ապացույց, ուսումնասիրողները առաջնորդվում են այլ եկեղեցիների, աշխատանքների վերլուծությամբ և դրանց միջև նմանությունների փաստմամբ:

Արենիում 1321թ. կառուցված եկեղեցում Մոմիկի հեղինակած պատկերաքանդակը ասես լինի Նորավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու պատկերաքանդակների ավելի կատարելագործված տեսակը: Այն ունի նույն թեման, սակայն Աստվածամոր և Մանուկ Հիսուսից բացի, նոր մանրամասներով ներկայացված են երկու այլ մարդկային պատկերներ:

Նորավանք

Երկրորդը գավթի մուտքից վեր գտնվող լուսամուտը պսակող քանդակն է, որի կենտրոնում ներկայացված է Հայր Աստծո խոշոր պատկերը, մի բան, որը հայ միջնադարյան քանդակագործության մեջ բացառիկ է։ Ենթադրվում է, որ գավթի արևմտյան պատը վերակառուցվել է տուժած լինելով երկրաշարժից, որի առնչությամբ վկայաբերվում է Մոմիկի վիմագիրը Արենիում:

Սբ. Ստեփանոս եկեղեցու «քարապատկեր պատմությունը» սկսվում է վերևից։ Հայր Աստված վեր բարձրացրած աջով օրհնում է, իսկ ձախ ձեռքին Ադամի գլուխն է, որի վրա իջնելով, կտուցով նրա շուրթերին է հպվում աղավնակերպ Սուրբ Հոգին:
Փաստորեն այս տեսարանում առկա են Սուրբ Երրորդության երեք անձերը, ներկայացնելով Քրիստոսին՝ որպես «նոր Ադամ»: 

Բացի այդ Արենիի եկեղեցու արձանագրության պաշտոնական մասն ավարտվում է  ՉՀ (1321) թվականի նշումով, որին հաջորդում են ճարտարապետի անունը՝ «ՄՈՄԻԿ ՎԱՐԴ(ՊԵՏ)»։ Նույն կերպ, Նորավանքի եկեղեցու կամարի վրա գտնվող արձանագրությունը ևս, ավարտվում է ՉՀ (1321) թվականի նշումով, սակայն առանց ճարտարապետի մասին որևէ հիշատակության: Ահա ինչու տրամաբանորեն այդ հատվածի վերակառուցումն ու պատկերաքանդակները վերագրվում են Մոմիկին։ 

Բուրթելաշեն Սբ. Աստվածածին եկեղեցի

Համալիրի տարածքում գերիշխող դիրք է գրավում Բուրթել իշխանի կառուցած երկհարկ դամբարան-եկեղեցին` Սբ. Աստվածածինը, որն անմիջապես աչքի է զարնում վանական համալիրի գլխավոր մուտքից ներս մտնելիս։ Այն կառուցվել է որպես Օրբելյանների տապանատուն: Այս երևույթն անխոս բնորոշ չէր հայկական եկեղեցական ճարտարապետությանը: Մասնագետների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այս եկեղեցու կառուցապատումը սկսվել է առնվազն 1318թ.-ից, սակայն այսօր մեզ անհայտ պատճառներով, ավարտվել միայն 1339թ.-ին:

Սբ. Աստվածածին եկեղեցու աստիճանային լուծումը բնորոշ է դարձել մի շարք այլ եկեղեցիների կառուցման դեպքում, ինչպես օրինակ՝ Հովհաննավանքի Կաթողիկե, Սաղմոսավանքի, Կարբիի, Կապուտանի եկեղեցիների դեպքում:

Նորավանք

Մ. Հասրաթյանը նկատել է, որ 1292 թ. նկարազարդած Ավետարանի լուսանցազարդերից մեկում Մոմիկը պատկերել է եկեղեցական երկհարկանի նմանատիպ մի կառույց: Փաստորեն ունեցել է մտահաղացում, որը հետո իրականացրել է Նորավանք վանական համալիրում: Ինչն էլ հիմք ընդունելով եկեղեցին վերագրում են վարդպետ Մոմիկին:

Մի ուշագրավ իրողություն՝ եկեղեցին ավարտին են հասցրել 1339թ.-ին, սակայն Մոմիկը մահացել է 1333թ.-ին: Այս հակասությունը, ուսումնասիրողները մեկնաբանում են այսպես՝ Մոմիկի նախագծով սկսվել է շինարարությունը, բայց արվեստագետի մահվան պատճառով այն շարունակել ու ավարտել են նրա աշակերտները: Եվ եթե Մոմիկի մահվան մասին առասպելն ունի որոշակի իրական հիմքեր, ապա ստացվում է, որ հենց Սբ. Աստվածածին եկեղեցին է եղել Մոմիկի վերջին աշխատանքը:

Սբ. Գրիգոր եկեղեցի-դամբարան

Սիրանեսի մասին հիշատակվում է Նորավանքի Սբ. Գրիգոր եկեղեցի-դամբարանի (Սմբատի տապանատուն) շինարարական ընդարձակ վիմագրում: Կառուցվել է 1275թ.-ին Տարսայիճ Օրբելյանի պատվերով: Այնտեղ են թաղվել Օրբելյան իշխանազուններն ու իշխանուհիները:

Սույն տապանատուն-եկեղեցին, նույնպես, հայ եկեղեցական ճարտարապետության մեջ առանձնահատուկ է, քանի որ հայկական եկեղեցիներում սովորաբար թաղում չի կատարվում։ Ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան Մ. Հասրաթյանն այս առումով գրում է. «Հայկական ճարտարապետության մէջ սա եզակի դեպք է, երբ տոհմական տապանատունը նաև եկեղեցի է»։

Նորավանք

Սա բացատրվում է  Օրբելյանների՝ Վրաստանից եկած լինելու հանգամանքով, քանի որ քաղկեդոնական եկեղեցական ավանդույթում ընդունված էր եկեղեցիներում թաղում կատարելը, մանավանդ՝ թագավորների, ազնվականների ու բարձրաստիճան հոգևորականների պարագայում։

Նորավանքի վարդպետներ՝ Սիրանես և Մոմիկ

Սիրանեսի վարպետանշանը մեծագիր «Ո» տառն էր, որը նա թողել է նաև կառույցների քանդակազարդ քարերի վրա՝ իբրև տեղեկություն առ այն, որ դրանք նույնպես իր ձեռքի աշխատանքն են։ Այսինքն, ճարտարապետը նպատակ է ունեցել տեղեկացնելու, որ ինքը նաև քանդակագործ է։ Այսպիսի մոտեցում է ունեցել նաև Նորավանքում Սիրանեսին հաջորդած Մոմիկը: Սակայն դիմել այս միջոցին ճիշտ հակառակ նպատակով՝ վկայելու այն մասին, որ ոչ միայն քանդակագործ էր, այլև վարդպետ-ճարտարապետ։

Չնայած այն հանգամանքին, որ Մոմիկը հաջորդել է Սիրանեսին, նրա մասին տեղեկություններն անհամեմատ ավելի շատ են։ Վիմագրերում նա հանդես է գալիս «գծող», «վարդպետ» կոչումներով, երբեք չնշելով ազգականների կամ ծնողների անունները: Եվ այս առումով Մոմիկի անունը մեզ հասել է ի շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակաշրջանում այդ անունն այնքան էլ տարածված չէր, և դժվար կլիներ շփոթել մեկ այլ գործչի հետ:

Նորավանք

Որոշ աղբյուրներ ասում են, որ վարդպետին «Մոմիկ» մականունը տվել է Ստ. Օրբելյանը: Նա Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»։ Բացի այն, որ Մոմիկը ծնվել էր Ուլգյուր գյուղատեղիում և ապրում էր Նորավանքում, նաև շատ սերտ հարաբերություններ ուներ Օրբելյան տոհմի հետ: Ահա ինչու Վայոց ձորի մի շարք մշակութային արժեք ներկայացնող կառույցների ճնշող մեծամասնությունը վերագրվում է Մոմիկին, իհարկե, ոչ անհիմն: 

Ավանդազրույցներ

Ըստ ավանդազրույցի Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Եվ իշխանը համաձայնում է միայն մի պայմանով կնության տալ դստերը Մոմիկին: Նա պետք է սեղմ ժամկետներում կառուցեր մի հոյակերտ տաճար: Երբ Մոմիկը արդեն համարյա ավարտին էր հասցրել կառուցապատումը, իշխանի հրամանով, մի վարձկան, հրում է նրան վանքի գմբեթից: Նրան թաղում են հենց ընկած տեղում: Ի դեպ, նա ինքն էր նախօրոք կերտել իր մահարձան-խաչքարը: 

Նյութը պատրաստելիս օգտվել ենք Կ. Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրեր և հիշատակարանները» գրքից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային բլոգ