info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Շրեշտասարի գաղտնիքները

Նրբույն բերդը

Շրեշտասար

Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան) իր «Ճանապարհորդական նկատողություններ» գրքում գրում է.

«Ելփինի արևելյան կողմից բարձրանում է կոնաձև վիթխարի բլուր, որի հարթ գագաթի վրա ցանուցիր երևում են հին բերդի մնացորդներ: Այդ բերդի այժմյան անունն է Շրեշի սար, որ առնված է նրա վրա մեծ քանակությամբ բուսնող շրեշ բույսից: Բլուրի ստորոտը շրջապատում են, բացի Ելփինը, ևս չորս տաճկաբնակ գյուղեր՝ հայկական ավերակների վրա շինված: Ավերակները բաղկանում են եկեղեցիների ավերակներից և գերեզմանատան տապանաքարերից:

Շրեշտի կիրճ

Վարթանես գյուղի լճակը

Միայն Վարթանես գյուղում ուշադրության է արժանի լայնանիստ լճակը՝ իր բնական բարձր ափերով, որի միայն հարավային կողմը պատված է և մեջը խողովակ դրված: Լճակը իր ջուրը ստանալիս է եղել իր հատակում բխող աղբյուրից և իր մոտով հոսող գետակից: Ուրեմն այն եղել է մեծ ջրամբար, որով երբեմնապես ոռոգել են Հեշին գյուղից մինչև Չվա ձգվող դաշտավայրը: Հայտնի բան է, որ այս լճակը այժմ կոպիտ տաճիկների ձեռքում խանգարված է:

Վարթանեսի լիճ / Վարդենիք

Արդյոք հին ժամանակներում Շրեշ բլուրը շրջապատող գյուղերն ինչ անուն էին կրում: Այդ բացատրելու համար թեև մենք չունենք ոչ մի պատմական տեղեկություն, բայց և այնպես Շրեշ սարի, Ելփին և Վարթանես գյուղերի վերաբերությամբ կամենում եմ անել այստեղ մի ենթադրություն: Ստեփանոս Օրբելյան պատմագիրն ավանդում է մեզ, որ Զաքարե Սպասալարի եղբայր Իվանե Աթաբեկը, Բաղաց իշխանությունն ավերելուց հետո՝ բերում և բնակեցնում է Վայոց ձորում Բաղաց իշխանազուններից մեկին և նրան ժառանգեցնում է իբրև հայրենիք Նրբույն բերդը ՝ այլ ագարակներով: Սրանից սերված ոմն Մահևան Ջուրջի թոռն անմիջապես ժառանգում է հիշյալ կալվածքները: (Անզավակ լինելով՝ իր կալվածքը բաժանում է իր եղբորորդի Ամիրայի հետ, վերցնում է բերդի կեսը և Վարդենյաց կողմի դաշտամասը, որչափ որ ջուր է հասնում, և գալով սուրբ ուխտը, Տեր Սարգսի մոտ, որդեգրում է սուրբ նշանը և իր հայրենաբաժին Նորոն, տունը, Արփայում եղած այգիներն ու ամբողջ ունեցվածքը ընծայում է սուրբ նշանին): Օրբելյան, 1986, էջ 298-299

Շրեշտասար

Արդյոք Վայոց ձորի որ անկյունում են այժմ Նրբույն բերդը և Վարդենիքը: Սրա մասին ոչինչ պատմական և աշխարհագրական տեղեկություն չստանալով Օրբելյանից, ես ենթադրում եմ, որ Նրբույն բերդը պետք է լինի այժմյան Շրեշ բլուրի գագաթի ավերակը, որից և ստացել է իր անունը այժմյան Ելփին գյուղը: Նույն պարբերության մեջ հիշված Վարդենիքը պետք է լինի այժմյան Վարթանես գյուղը: Այդ երկու գյուղերը հիշվում են Օրբելյանի ցուցակի մեջ: Նկատի ունենալով տաճկաց բնավորությունը, որ յուրաքանչյուր հատուկ հայկական անուն աղավաղելով վերածում է տաճկականի, հավանական է, որ Նրբույնը և Վարդենիքը կարող էին փոխվել այնպես, ինչպես փոխվել են Աղավնաձոր, Եղեգնիս, Ոստնիք, Արատես, Երեն և այլ բազմաթիվ գյուղեր:

Շրեշ բլուրը

Նեղ ճանապարհը, որ Շրեշ բլուրի արևելյան լանջով, ժայռերի միջից անցնում է, ունի մի խրոխտ կերպարանք: Ճանապարհորդն իր գլխի վերևը կտեսնի բլրի բարձր գագաթը, իսկ ստորոտը մի ժայռապատ ձոր, որից խոխոջալով բարձրանում է մի այլ լեռնային գոտի, որի սեպաձև ժայռերին երբեմն կրկչալով պտտվում են կարմրակտուց կաքավները:

Մի ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ Շրեշ բլուրում գանձ կա պահած, որը շատերն են փնտրել, բայց ոչ ոքի գտնել չի հաջողվել»:

Քաջբերունի (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան)

Շրեշտի կիրճ

Ելփինից սկսեցի բարձրանալ դեպի Շրեշ սարը: Շրեշը բարձր չի, սակայն վերելքը բավականին բարդ է: Ժայռերը զառիթափ են և տեղ տեղ նույնիսկ մագլցելու անհրաժեշտություն առաջացավ:

Քաջբերունին այստեղ եղել է 19-րդ դարի վերջին, և ես խիստ կասկածում էի՝ արդյոք բերդից որևէ հետք մնացած կլինի թե ոչ, բայց, ի զարմանս ինձ, երևում էին պատերի շարվածքները:

Վերևից բացվում էր մի հիացքանչ տեսարան դեպի Քարկատարի լեռները, Շրեշ գետի կիրճը և Ելփին գյուղը:

Բերդի պատերի մնացորդները լուսանկարելուց հետո իջա Վարթանես: Այժմ այստեղ 2-3 տուն կա: Լճակում ձուկ են աճեցնում և լճից ոչ հեռու բնակվում է լճի պահակն իր ընտանիքով: Զրուցեցի տան տիկնոջ հետ, իմացա որ իրենք Չիվա գյուղից են և ժամանակավոր են այստեղ: Նա ասաց, որ սարի վրա բերդ կա, որին իրենք Նրբույն բերդ են ասում: Իմացա նաև, որ ոչ հեռու կա եկեղեցու ավերակներ, ջրաղացի քար, գերեզմաններ և այլն:

Տիգրան Շահբազյան

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Ճանապորհորդական բլոգ