info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

ArmGeo թիմ

Տիգրան Վարագ

Տիգրան Վարագ

Հիմնադիր և ղեկավար

Հրաչուհի Այվազյան

Մենեջեր

Հրաչ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Բաղացսար, Խուստուփ (չնայած սրանց փոխարեն կարելի էր նշել Ծռասար ):

Հետաքրքիր փաստ Հրաչի մասին: Ապրում եմ… սիրում եմ… ու սիրում եմ ջրվեժներ և գագաթներից բացվող հորիզոններ…

Մի փոքր Հրաչի մասին:  Ողջո՜ւյն, ես Հրաչն եմ՝ արդեն Արա-Իվանյան: Ունեմ բազմաթիվ երազանքներ, որոնցից յուրաքանչյուրի իրագործմամբ  գտնում եմ նորերը: Գրականությունը՝ հատկապես Հայ գրականությունը, ֆուտբոլը՝ մասնավորապես Անգլիական և Լեռները՝ գետի այն ափի, իմ տարերքն են… Քանի որ մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա և մեր դաշտերն ու լճերը մագլցում են դեպի լեռը, ես էլ միացա այդ խենթ երթին, գտա ընկերներ ինձնից խելառ…  ու արդեն ավելի քան 10 տարի արշավում եմ Հայկական լեռնաշխարհում… Չեմ կարող նկարագրել տեսարաններ, առավել ևս փոխանցել տպավորություններ, բայց վստահաբար կարող եմ ասել. Արշավեք, բարձրացեք,  «բարձրացե՛ք», բացահայտեք ձեր իրական հայրենիքը, բացահայտեք ինքներդ ձեզ… և դուք էլ կսիրեք:

Վա՜յ մեզ, եթե վար իջնենք...

Արծրուն

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Արագածի արևելյան գագաթ

Հետաքրքիր փաստ Արծրունի մասին: Մինչ դու կարդում ես այս նախադասությունը իմ մարմնի 50000 բջիջներ մահացան և փոխարինվեցին նորերով:

Մի փոքր Արծրունի մասին : Մանկուց սիրել եմ բնությունը և 15 տարեկանից սկսել եմ լեռներ բարձրանալ: Այդ պահից սկսած երբեք կանգ չեմ առել: Ես միշտ խմբին պատմում եմ  տեղանքի, տեսարժան վայրերի մասին, ինչպես նաև այլ հետաքրքիր պատմություններ նախորդ արշավներից: Եթե ամեն ինչ պլանավորվածի նման է ընթանում ես սիրում եմ մասնակիցներին ցույց տալ նաև մի քանի այնպիսի վայրեր, որոնք ներառված չեն ծրագրում: Ես գիտեմ ինչպես հանգստություն պահպանել և արագ դուրս գալ ծայրահեղ իրավիճակներից:

Կարեն

Լեռնային ուղեկցորդ, SUP-ի հրահանգիչ

Սիրելի արշավը: Խուստուփ լեռ և Արագածի Հյուսիսային գագաթ

Հետաքրքիր փաստ Կարենի մասին: Կյանքիս կարևոր բաղադրիչները սարերն ու ջրերն են՝ հոգևոր սննդի կարևոր բաղադրատոմս է 

Մի փոքր Կարենի մասին: Մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ եմ, էությամբ՝ նույնպես։ Երազանքներս միշտ հետաքրքիր կերպով են կատարվում, երբ թվում է թե կարևոր դռները կողպված են, անպայման մի խորշ է բացվում, որի վերջը նման է քարանձավից դուրս գալուն, հենց այդպես էլ հայտնվեցի այս ցուցակում։ Անվտանգությունը համարում եմ խենթության հովանավոր, խենթությունն էլ կյանքի վառելիք։

Գառնիկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Ծակքարի լիճ

Հետաքրքիր փաստ Գառնիկի մասին:Հողի հետ աշխատելուց երջանկանում, հանդարտվում եմ

Մի փոքր Գառնիկի մասին: Առաջին անգամ պապիկիս հետ եմ սար բարձրացել, երևի 5-6 տարեկան էի: Քանի որ ապրում եմ գյուղում (Գուգարք), մանկուց բնության հետ կապը միշտ եղել է: Գյուղը սարերի մեջ է, ու միշտ ուզում էի բարձրանալ, ավելին բացահայտելու ցանկություն ունեի: Ու քանի որ միշտ սիրել եմ այդ ամենը, սկզբից սկսեցի քայլել որպես արշավական, հետո ցանկացա փորձս ու գիտելիքներս այդ բնագավառում տարածել: Ես մտածում եմ՝ արշավականն առաքյալի պես է, ում առաքելությունն է՝ ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավել այդ ամենի մեջ: Վանաձորում զբաղվում եմ ծաղիկների արտադրությամբ և վաճառքով, իսկ լեռնային ուղեկցորդ դառնալու նպատակը մեր մարզում (Լոռի) արշավական մշակույթը տարածելն է:

Գևորգ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Աժդահակ լեռ 

Մի փոքր Գևորգի մասին: Բնության գրկում ես դառնում եմ ամենախաղաղ ու անհոգ մարդը: Ինձ համարում եմ լեռների մի մասնիկն ու կյանքիս բոլոր նպատակները կամա, թե ակամա կապում լեռնագնացության հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ աշխարհում ոչինչ չեմ փոխի լեռնային վերելքների, լեռների գագաթներից բացվող տեսարանների հետ: Կան զգացողություններ, որոնք երբեք չես կարող նկարագրել ո՛չ բառերով, ո՛չ նկարներով: Ու հենց դրա համար պետք է ուղղակի սկսել արշավել ու դրանից հետո անհնար կլինի չսիրել լեռները: Մեկ էլ ուզում եմ իմանաք, որ լեռները մագնիսի են նման՝ միշտ քաշում են դեպի իրենց:

Լիլիթ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Արագածի արևելյան գագաթ

Հետաքրքիր փաստ Լիլիթի մասին: Իմ հայրենիքը եղել է քարոտ Սասունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ:

Մի փոքր Լիլիթի մասին: Մասնագիտությամբ կենսաբան եմ՝ անքակտելիորեն կապված բնությանն ու կենդանական աշխարհին: Բայց սերն առ բնություն գալիս է դեռ մանկուց: Երեխա ժամանակ հաճախ էինք փոքրիկ արշավներ կազմակերպում դաշտեր՝ ունենալով փոքրիկ արկածներ: Լեռներն ինձ կյանք են վերադարձրել, ստիպել ապրել և տեսնել գեղեցիկը, տվել կամք ու անասելի ուժ: Պապս գաղթի ճանապարհին մի վերջին հայացք է գցել Սասնա սարերին ու ասել. -Էսօր դուման է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի: Եվ սա է կյանքի իմ նշանաբառը: Եվ սա է իմ կյանքը:


Լենա

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Խոսրովասար, Արագածի Արևմտյան գագաթ և այն բոլոր գագաթները, որտեղ դեռ չեմ եղել

Հետաքրքիր փաստ Լենայի մասին: մի անգամ գնել եմ դեպի Կամբոջա միակողմանի  տոմս և շուրջ 1 տարի ապրել այնտեղ 

Մի փոքր Լենայի մասին: Հայաստան վերադարձել եմ 5 տարի առաջ և դեռ փորձում եմ հայերեն սովորել: Բայց մինչև հիմա վերջավորությունները շփոթում եմ)): Իմ բոլոր անմոռանալի հիշողությունները կապված են բնության հետ՝ անցել եմ ճահիճների միջով, ընկել եմ ձորը, եղել տունդրայում, ջունգլիներում, լողացել սառցե ջրերում, ապրել եմ բևեռային շրջանում և տեսել օվկիանոսը: Սիրում եմ տարվա բոլոր եղանակները և կարծում, որ վատ եղանակ գոյություն չունի: Արշավները բնավորություն են ստեղծում, քեզ ավելի ուժեղ և իմաստուն դարձնում: Ի դեպ, արշավների ընթացքում գտնում ես նաև ինքդ քեզ:

Ռոման

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Աստղոնք լեռ

Հետաքրքիր փաստ Ռոմանի մասին։ Մեկ ամսվա ընթացքում լսում եմ  9000-10000 րոպե երգ

Մի փոքր Ռոմանի մասին: Սիրում և հետաքրքրվում եմ ճարտարապետությամբ, բայց որպես մասնագիտություն ընտրել եմ տնտեսագիտությունը և աշխատում եմ ՏՏ ոլորտում՝ որպես որակի ապահովման մասնագետ։

Դեռ փոքր տարիքից միշտ հետաքրքիր է եղել, թե ինչ տեսք ունի ինձ շրջապատող աշխարհը: Ու հենց այդ պատճառով միշտ ձգտել եմ վերև բարձրանալ՝ սկսել եմ տանիք բարձրանալուց և հասել լեռներ: Կարծում եմ այդ բացահայտումներն իմ կյանքում միշտ են լինելու: Այս պահին ցանկությունս մեկն է՝ ամբողջ Հայաստանը պատկերացնել եռաչափ: Իսկ այդ բացահայտումներն ավելի հաճելի են դառնում մի խումբ էնտուզիաստների հետ, որոնք կիսում են գաղափարներդ և ապրումներդ լեռներում:

Արթուր

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Արեգունու լեռներով Գոշի լիճ

Հետաքրքիր փաստ Արթուրի մասին։ Հեծանիվով գնում եմ լեռներ, հեծանիվը թողնում ստորոտում ու բարձրանում գագաթ

Մի փոքր Արթուրի մասին: Մասնագիտությամբ զբոսաշրջության մասնագետ եմ, բայց չեմ սիրում ավանդական-ստանդարտ զբոսաշրջությունը։ Ինձ ձգում է ակտիվ կյանքը։ Երբ գյուղից նոր էի եկել քաղաք, չգիտեի արշավների ու արշավախմբերի գոյության մասին: Ճիշտ են ասում, որ ունեցածդ սկսում ես գնահատել միայն այն ժամանակ, երբ կորցնում ես այն։ Թվում էր, թե Կողբից Երևան տեղափոխվելով ես կորցրել եմ իմ բնությունը, բայց արշավներն օգնեցին ինձ վերագտնել այն։

Սիրում եմ նկարել բոլոր հնարավոր ձևերով՝ տեսախցիկ, հեռախոս, գրաֆիկական պլանշետ, վրձին։ Փորձեցի նկարել քաղաքը իր բոլոր հոգսերով, բայց շուտով զգացի, որ ինձ կանչում են լեռները, ձորերը, գետակները․ լսում եմ բնության կանչը։

Գագիկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը: Խուստուփ լեռ, Աժդահակ լեռ, Մեծ Քիրս լեռ (Արցախ)

Հետաքրքիր փաստ Գագիկի մասին։ Բոլորը գիտեն, թե ես լիճքեցի եմ, բայց ես մեղրեցի եմ

Մի փոքր Գագիկի մասին։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, փաստաբան:

Իմ առաջին լեռնային ուղեկցորդը եղել է պապիկս, ով հեռավոր Լիճք գյուղում ամռան ամիսներին տանում էր գյուղի եզերքներին ծանոթացնելու: Հիմա նա չկա, բայց կան այն սարերը, ձորերը, որոնցով քայլում էինք ձեռնափայտերով, կան նույն բարձրալեռնային գետերը, որոնց ջուրը շարունակում է մնալ լազուրե փայլի մեջ, կա այն մենավոր ծառը, որի տակ առաջին անգամ կերա պապիկիս կողմից պատրաստած թարմ սունկը: Մասնակիցներին լեռներ ուղեկցելիս ուզում եմ տալ այն ամենը, ինչ ինձ տվել է լեռները սիրող այդ մարդը:

Ես զգացել ու դիպչել եմ լեռների հավերժությանը, և ցանկանում եմ, որպեսզի նրան դիպչեն բոլորը:

Արթուր

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Արագած լեռ, Աժդահակ լեռ, Խաչաղբյուրի կիրճով դեպի Օկոնավանք

Հետաքրքիր փաստ Արթուր մասին։ Արի արշավ և հարցրու ինքդ

Մի փոքր Արթուրի մասին։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ և շաբաթվա ընթացքում աշխատում եմ գրասենյակում, իսկ հանգստյան օրերին նախընտրում եմ լինել բնության գրկում։ Մանկությունս ու երիտասարդությունս անցել է Արարատյան դաշտում՝ երկու հսկաների՝ Արարատի ու Արագածի տեսարաններով։ Լեռներն ինձ միշտ կանչել են, բայց հնարավորություն չեմ ունեցել գնալ նրանց մոտ։ Երբ առաջին անգամ բարձրացա Արագած (դա երբևէ բարձացածս առաջին լեռն էր) հասկացա, որ դա իմն է , լեռներն իմն են։ Սիրում եմ բարձրանալ լեռներ, այնտեղ հանդարտվում ես, անկախ ինձ շրջապատող մարդկանց, կարողանում եմ մնալ ինքս իմ և բնության հետ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել իրենց ուժերը, դուրս գալ հարմարվետության գոտուց և գոնե մեկ անգամ բարձրանալ լեռներ։

Թագուհի

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Խուստուփ լեռ

Հետաքրքիր փաստ Թագուհու մասին։ Քաղաքում տանել չեմ կարողանում անձրևոտ եղանակը, բայց պաշտում եմ, երբ արշավի ժամանակ սկսում է անձրև տեղալ։

Մի փոքր Թագուհու մասին։ Աշխատում եմ որպես Նախագծի ղեկավար ՏՏ ոլորտում։ Դա նշանակում է, որ շաբաթվա մեծ մասն անցկացնում եմ գրասենյակում, իսկ լարված առօրյայից կտրվելու ու նորովի լիցքավորվելու լավագույն տարբերակը բնությանն ավելի մոտ լինելն է։ Արշավական կյանքի մասին երբևէ չեմ երազել ու տարիներ առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ լինել լեռների գագաթներին։ Առաջին քայլերս 2020-ին եմ կատարել և հենց առաջին օրից վստահ եմ եղել, որ հետդարձի ճանապարհ չկա։ Ու այդ օրվանից քայլում եմ մեր լեռներով ու ձորերով, անվերջ բացահայտում մեր մի բուռ հայրենիքը, սիրահարվում ու Սարահարվում․․․

Հայկ

Լեռնային ուղեկցորդ

Սիրելի արշավը։ Խուստուփ լեռ, Արարատի վերելքը

Հետաքրքիր փաստ Հայկի մասին։ մասնագիտությամբ ինժեներ եմ, իսկ հոգով՝ երաժիշտ

Մի փոքր Հայկի մասին։ Աշխատում եմ IT ոլորտում։ Լեռնային արշավականի ուղին սկսեցի նպատակ հետապնդելով բացահայտել և ճանաչել մեր հայրենիքի՝ ինձ համար անհայտ կողմերը, սակայն վարակվեցի «լեռնային հիվանդությամբ» և արշավականի կենսակերպը դարձավ կյանքիս կարևոր բաղկացուցիչ մասը։ Սկսեցի նորովի գնահատել հայոց լեռնաշխարհի գեղեցկությունը, իսկ լեռնային արշավականի կենսակերպը ինձ համար դարձավ ինքնամաքրման և ինքնաճանաչողության յուրօրինակ դրսևորում։