info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ալիքները քեզ կարող են զարմացնել

Սապբորդինգ

Սապբորդինգ

«Աննկարագրելի զգացում է, երբ զգում ես՝ ինչպես եք դու, քամին, ջուրն ու բորդը մի ներդաշնակ ամբողջություն դառնում»,- ասում է օրերս Armenian Geographic-ի կողմից կազմակերպած սապբորդինգի մասնակից Աստղիկ Բաբալարյանը:

Սապբորդինգը Հայաստանում այդքան էլ տարածված սպորտաձև չէ, սակայն աստիճանաբար դրա պահանջարկը մեծանում է, քանի որ Հայաստանում էքստրիմ տուրիզմն ավելի ու ավելի է զարգանում: Աստղիկն առաջին անգամ էր մասնակցում այս միջոցառմանը, չնայած նախկինում արշավների և նման այլ ակտիվ գործունեությունների շատ է մասնակցել: Նա ապրում է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում ու նախկինում ականատես է եղել, թե ինչպես են այնտեղ Մայն գետի վրա սապբորդինգ անում, ու որոշել է, որ անպայման ինքն էլ է փորձելու:

Սապբորդինգ

«Երևի Հայաստան գալուցս մի քանի օր առաջ ընկերուհուս հետ տեսանք՝ ինչպես են մարդիկ paddle boarding/SUP boarding (սապբորդինգ) անում Մայն գետի վրա, ու ծիծաղելին այն էր, որ մտածում էինք՝ արժի մենք էլ անենք մի օր, շատ էլ հեշտ է, կանգնած հանգիստ գնում են: Դե, իհարկե, Մայնը շատ հանդարտ գետ է, բայց հաստատ ինքնուրույն անելու բան չէ»,-պատմեց սապբորդինգի մասնակիցը:

Ամենատպավորիչ զգացողությունները

Խոսելով իր ունեցած ակնկալիքների մասին՝ Աստղիկը նշեց, որ ի սկզբանե վստահ էր, որ մի հարյուր անգամ ընկնելու է բորդի վրայից, բայց հետո հիանալի կարողանալու է կանգնել. «Իրականում, գիտեի, որ հիանալի է անցնելու, սպասում էի իմ ու ջրի հանդիպմանը: Ես լավ չեմ լողում, կարելի է ասել՝ գրեթե չեմ լողում, վախենում եմ խորը տեղ լողալուց ու մտածում էի՝ ամեն ինչ պետք է անեմ, որ ջրում չհայտնվեմ»:

Աստղիկն այդ օրն ապրած իր զգացողություններն այսպես է բնութագրում՝ «հաճելիագույն», «ուսուցողական», «ջերմ» ու «արկածային»: Նա ուրախ է, որ իր առջև դրած ևս մի մարտահրավեր հաղթահարեց:

Սապբորդինգ

Աստղիկի համար այդ օրվա ամենատպավորիչ պահն այն էր, երբ վերջապես կանգնեց տախտակի վրա ու սկսեց թիավարել. «Դա իրականում շատ կարճ տևեց՝ մի քանի րոպե, բայց շատ կայֆ զգացողություն է: Մեկ էլ մի կարևոր բան եմ հիշում, որ անընդհատ ասում էի՝ սխալ եմ անում, Կարենը (հեղինակի կողմից. խմբի ղեկավարը) մոտավորապես նման բան ասաց, որ ջուրը անսահման մեծ է, ցանկացած շարժում, որ սխալ է եղել, կարելի է շտկել, ուղղակի պետք չէ այդ մեծությունն անտեսել»:

Նրա սպասելիքներն ու ակնկալիքներն այդ օրվա հետ կապված լիովին բավարարված են. «Կարենը շատ պրոֆեսիոնալ ու շատ հոգատար մարզիչ է: Ու ես չէի էլ կասկածում, որ տուրը հաջող է լինելու: Սկզբում մտածում էի, որ արշավ էլ է լինելու, բայց հետո նույնիսկ ուրախ էի, որ լիովին SUP-ի օր էր»:

Սապբորդինգի ազդեցությունը

Աստղիկը խորհուրդ է տալիս մասնակցել սապբորդինգին բոլոր նրանց, ովքեր ջրից ու արևից ալերգիա չունեն: Ըստ նրա՝ էգոիստական կլինի խորհուրդ չտալ մասնակցել այս միջոցառմանը. «Խորհուրդ կտամ՝ չմտածեն, որ միանգամից կարողանալու են իդեալական վարել, պատրաստ լինեն, որ ընկնելու են հազար անգամ, անպայման լսեն մարզիչին ու հետևեն հրահանգներին, որովհետև կարող է քեզ թվալ, թե դու կարող ես ամեն ինչ անել, բայց ալիքները քեզ կարող են զարմացնել»:

Սապբորդինգ

Աստղիկը խոստովանում է, որ ջրի նկատմամբ վախ ունի, ու սա համարում է ևս մեկ քայլ այդ վախը հաղթահարելու ճանապարհին. «Ես սիրում եմ ջուրը, բայց վախենում եմ դրանից, այնպես որ, սա նրան մոտենալու մեկ այլ միջոց էր, իհարկե, նաև՝ դաս, որը կարող եմ օգտագործել արդեն Ֆրանկֆուրտում Մայն գետի վրա»: Նա նաև պատմեց, թե ինչպես էր նա հայտնվել Սևանա լճի վրա սապբորդինգ իրականացնող այդ խմբում.

«Ես սովորաբար արշավում եմ մեկ խմբի հետ, այդպիսինն եմ, չեմ կարող արշավել մեկ այս, մեկ այն խմբի հետ: Ինձ համար միշտ կարևոր է եղել վստահել գիդին՝ ոչ միայն որպես իր գործի գիտակի, այլ ինտուիտիվ վստահության զգացում պետք է ունենամ՝ նաև որպես մարդու: Տիգրանը (հեղինակի կողմից. Armenian Geographic-ի հիմնադիր) վաղուց էր իմ ֆեյսբուքյան ընկերների ցանկում, ու ես միշտ հետևում էի նրան. նա յուրահատուկ աշխարհայացք ունի ու անսահման նվիրվածություն, բայց քանի որ սկզբունք ունեի արշավել մի խմբի հետ, ոչ մի անգամ չէի արշավել նրանց հետ մինչև 2017 թվականը: Այդ ժամանակվանից արշավում եմ նրանց հետ ու չեմ փոշմանել ոչ մի արշավի համար, որովհետև ArmGeo-ն հոգեվիճակ է»:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում